Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտները ե՛ւ ծիծաղեցին, ե՛ւ սովորեցին

Մայիս 07,2007 00:00

«Լավ լսեք, հիշեք այս համարները,

Ձեզանից փոքրին սովորեցրեք,

Ու եթե հանկարծ վտանգը ձեզ հյուր գա,

Դուք շտապեք, շտապեք, զանգահարեք:

1-01՝ հրդեհ է, շուտ մարեք, 1-02՝ ոստիկանն եմ փորձառու….»: Նման բովանդակությամբ երգերի եւ «Փոփոխությունների թատրոն» երիտասարդական թատերախմբի բեմադրությունների միջոցով ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան «Բրիտանական ավտոբուս» ծրագրի շրջանակներում երեւանյան հանրակրթական դպրոցներում երեխաներին սովորեցնում են հասարակական բնույթի մի շարք հմտություններ: Արդեն 12 դպրոցներում իրականացվել է այս ծրագիրը, իսկ Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում «Բրիտանական ավտոբուսը» օրերս մեկնարկեց: Թատերական ներկայացման հերոսներն էին Ջրաչափը, տիկին Աղունը, գազի մարդ Գվիդոնը, ջրմուղի տեսուչ Խոսրովը եւ այլք: Ըստ ներկայացման սյուժեի, գլխավոր հերոսն է Ջրաչափը, որն ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ջրային չափագրումների բաժինը: Նրա ընկերներն են Ջերմաչափն ու Հարթաչափը: Հանկարծ պարզվում է, որ Ջրաչափի տիրոջ՝ տիկին Աղունի բնակարանի գազի խողովակը ծակվել է: Ու քանի որ կինը չգիտեր գազի վարչության համարը, ոչ էլ տեղյակ էր, որ պետք է գոնե պատուհանը բացի, Ջրաչափի հետ միասին տանտերն էլ է խեղդվում: Սակայն ներկայացումը հնարավորություն է տալիս «սխալներն ուղղել»: Տեսարանները «հետ տալով»՝ բեմադրության հերոսները երեխաներին սովորեցնում են, թե նման պատահարների դեպքում ինչ հեռախոսահամարով ինչ ծառայություն պետք է զանգահարել: «Ցանկանում եմ, որ այս համարները ձեզ երբեք պետք չգան: Սակայն կյանքը լի է փորձություններով, եւ պիտի դրանց միշտ պատրաստ լինեք»,- դպրոցականներին դիմեց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Աշակերտներն իրենց տպավորությունները կիսեցին «Առավոտի» հետ: «Ինձ շատ-շատ դուր եկավ Ջրաչափը: Ե՛վ լավ ծիծաղեցնում էր, ե՛ւ հետաքրքիր ու պետքական բաներ սովորեցնում»,- ասաց թիվ 114 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Գեւորգը: 3-րդ դասարանցի Սերգեյն էլ որոշել է երգի միջոցով իր փոքրիկ քույրիկներին ու եղբայրներին փոխանցել սովորած գիտելիքները. «Հիմա արդեն գիտեմ, որ, օրինակ, գազի մարդուն պիտի 1-04 համարով կանչենք, հրշեջին՝ 1-01-ով»: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ հնարավոր է հետագայում նաեւ ՀՀ մարզերի մի շարք դպրոցներ ընդգրկվեն ծրագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել