Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ

Մայիս 07,2007 00:00

 Քարացած ստերեոտիպերը հաղթահարելու համար համալիր ծրագիր է իրականացվում

Հայաստանում այսօր ներառական կրթություն իրականացնող 9 հանրակրթական դպրոց կա, որից միայն 6-ն է պաշտոնապես ճանաչված: Այդ համակարգում ընդգրկված են հատուկ կրթության կարիք ունեցող 247 երեխա եւ նրանց հետ աշխատող 71 ուսուցիչ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն դեպի արեւելք» հ/կ-ների նախաձեռնությամբ երեկ հրավիրվեց կլոր սեղան՝ «Ներառական կրթություն. ձեռքբերումներ եւ մարտահրավերներ» թեմայով: 2 տարի առաջ ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասին» ՀՀ օրենքը, հ/կ-ները, ԿԳ նախարարությունը եւ քաղաքապետարանը համագործակցում են այս դաշտում, սակայն կրթության այս ձեւի տարածվածության աստիճանը Հայաստանում դեռեւս չի գոհացնում մասնագետներին. «Կարծես թե ամեն ինչ արված է՝ օրենսդրության մեջ համապատասխան ձեւակերպումներ, կառավարության որոշմամբ ֆինանսական հիմքերը, բայց, ափսոս, մատների վրա հաշված դպրոցներ են իրականացնում այդ կրթությունը»,- ընդգծեց ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը: Պատճառը, ըստ մասնագետների՝ այն է, որ մեր հասարակությունը դեռ ամբողջովին չի հաղթահարել սկզբնական փուլի դժվարությունները: «Ունենք հանրակրթական դպրոցներ, որոնց համար կարող է խորթ թվալ հատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մուտքը… Նաեւ ծնողները տարիներ շարունակ բարոյահոգեբանական քարացած չափանիշներով են առաջնորդվում, չեն ընկալում, որ նման երեխաների «վերականգնման» հարցում առաջնային նշանակություն պիտի ունենա հենց ծնողը»,- նկատեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: «Հույսի կամուրջ» հ/կ-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանն էլ ներկայացրեց, թե Հայաստանում ինչպես է զարգացել ներառական կրթության իրականացման գործընթացը: 2001-ին թիվ 27 դպրոցը առաջին անգամ ընդունեց առանձնահատուկ կրթական պայմանների կարիք ունեցող երեխաների: «Սկզբնական շրջանում կրթության ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ լուրջ հակամարտության մեջ էինք: Նրանք պնդում էին, որ հաշմանդամ երեխան չի կարող լինել հանրակրթական դպրոցում: Ստիպված երբեմն երեխաներին դպրոցներ էինք տանում, բայց չգիտեինք, որ նրանց համար հատուկ պայմաններ են պետք: Հասկացանք, որ երեխայի՝ դպրոցում գտնվելը դեռ չի նշանակում, որ կրթական գործընթացում ակտիվ մասնակցություն ունի»,- փաստեց Ս. Թադեւոսյանը:

2004-ից դանիական կառավարության հետ ՀՀ-ն կնքեց պայմանագիր, ըստ որի՝ այժմ ՀՀ-ում իրականացվում է «Կրթություն բոլորի համար» ծրագիրը: Ըստ Ս. Թադեւոսյանի՝ ներկայումս 4 դպրոց Երեւանում եւ 4-ը՝ Տավուշի մարզում, գտնվում են վերապատրաստման փուլում, որպեսզի հետագայում իրականացնեն ներառական կրթություն: «Ներառական կրթությունը միայն հաշմանդամների համար չէ, բոլոր երեխաներն ունեն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք»,- նշեց Ս. Թադեւոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել