Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչը քննադատեց ՕԵԿ նախագահին եւ սոցիոլոգներին

Մայիս 07,2007 00:00

\"\"Նաեւ «սպառնաց», թե պատրաստվում է նախագահ դառնալ

Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն էր: Գնահատելով քրոզարշավը՝ նա հայտնեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում ու իրենք գոհ են: Փոխարենը Կարապետիչը դժգոհեց այս շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքներից ու դրանք որակեց սեւ PR. «Այսօր ով ցանկանում՝ հարցում է անցկացնում, արդյունքներ հրապարակում, որոնք օբյեկտիվ չեն: Ամեն մեկն իր ուզած թվերն է գրում»: ԺԿ նախագահի համոզմամբ, սեւ PR-ն էլ է դրական. «Եթե մեզ վրա հարձակվում են, ուրեմն շատերից առաջ ենք: Իսկ եթե մեր ցուցանիշները լավը չեն, ինչո՞ւ են թերթերը իրենց էջերում մեզ մեծ տեղ հատկացնում»: Խոսելով ընտրակաշառքների մասին, «Ժողովրդական կուսակցության» նախագահը հայտարարեց. «Ես հետեւում եմ օրենքին եւ հիմա ոչինչ չեմ բաժանում: Եթե ցանկություն կա որեւէ բան բաժանելու, ապա այն պետք է անել հետընտրական ժամանակաշրջանում: Երբ 2003-2004 թվերին առանց հետին մտքերի բաժանում էի, ոչ ոք ինձ չէր ասում, թե ինչու եմ անում… Ախր ոչ ոք չգիտի, թե ինքը երբ է գնալու «էն աշխարհ», ուրեմն քանի ողջ ենք, լավություն անենք: Այնպես որ, ամեն ինչ արել եմ մարդասիրական նպատակներով եւ երբեք անձնագրեր չեմ հավաքել մյուսների նման»:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի հետ կապված հայտնի միջադեպի մասին էլ ասաց. «Արթուր Բաղդասարյանն անխելքություն է արել. ի՞նչ է նշանակում ամեն քաղաքական քայլ զեկուցել օտարերկրացու օտար ուժին: Պետք է ապավինել սեփական կուսակցությանը: Հենց մի բան է լինում՝ երեխաների նման վազում են դեսպանատուն, կարծես դպրոցում լինեն: Եթե դիմում են օտարին, ապա այդ քայլը ոչ թե ժողովրդի, այլ իրենց անձնական շահերից ելնելով են անում: Դե թող Բաղդասարյանը ինձ համար դիմեր, ասեր Կարապետիչին ուրիշ եթերներ չեն հրավիրում, ես էլ կասեի՝ ապրի, ի՜նչ լավ տղա է: Այն մարդը, ով ցանկանում է դառնալ նախագահ, պետք է նման քայլերի չդիմի, «չբռնվի» կամ «կրվի» կազինոներում… Այնպես որ, պետք է լինել դիվանագիտորեն խորամանկ»: «Իմպիչմենտի» հանրահավաքների վերաբերյալ էլ Տ. Կարապետյանն ասաց. «Դա 2003 թվի նույն ընդդիմությունն է՝ ուղղակի մյուս կուսակցություններով: Պարզապես անձերի դերակատարումներն են փոփոխվել»:

Տ. Կարապետիչը նաեւ հայտնեց, որ 2008-ի նախագահական ընտրություններին անպայման դնելու է իր թեկնածությունը: Եվ ինչպես ինքն ասաց. «Դա պայմանավորված չի լինի նրանով, որ այս ընտրություններում մենք կհաղթենք, թե՝ ոչ»: ԺԿ նախագահը ընտրություններից այնքան ձայն է ակնկալում, որքանը, նրա կարծիքով, անկեղծ կլինի:

Ավելին, Տ. Կարապետյանը համոզված է. «Մայիսի 12-ին ընտրություններին բոլոր հոգեւոր մարդիկ, ովքեր նախկինում, մեղք համարելով ընտրությունները, երբեք չեն քվեարկել, այդ օրը իրենց ձայնը տալու են «Ժողովրդական կուսակցությանը»: Դրանով ժողովրդի հետ 4 տարիների շփման մեր վաստակն է փոխհատուցվելու»:

Հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել ԺԿ նախագահը նախընտրական գովազդներից մեկում «Աղն է կերել մատաղը» արտահայտությունը օգտագործելիս, Կարապետիչը պատասխանեց. «Նկատի եմ ունեցել հենց այն աղը, որը կերել է մատաղը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել