Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՈՎ՝ ՈՎ Է

Մայիս 07,2007 00:00

Բացահայտումներ՝ ըստ Web of Science վեբկայքի

Վերջերս ավարտվեցին հերթական ընտրությունները: Այս անգամ ՀՀ գիտությունների ակադեմիայում: «Խաղարկվում» էր ԳԱ թղթակից անդամների 36 տեղ: Եվ քանի որ թեկնածուների թիվը մի քանի անգամ մեծ էր տեղերի թվից՝ մեծամասնությունը ոչինչ չստացավ: Սկսած «ես էլ եմ ուզում» պարզ մտքից, որն արտահայտում էր չընտրված թեկնածուների կարծիքը, վերջացրած հայերի մտավոր աշխատանքով զբաղվելու հատուկ տաղանդով, տարբեր թեմաներով հոդվածներ հայտնվեցին մամուլում:

Ոչ մի հավակնություն չունենալով վերլուծել ՀՀ գիտնականների այն որակները, որոնք սովորաբար բնութագրվում են ականավոր, կարկառուն, հանճարեղ եւ նման այլ բառերով, փորձենք հասկանալ, իսկ կա՞ն օբյեկտիվ չափորոշիչներ, որոնք թվերով բնութագրում են գիտության ասպարեզում կատարված աշխատանքը: Պարզվում է՝ կան: Դա գիտության ասպարեզում ընդունված սանդղակ է, որը կազմվում է տպագրված աշխատանքների քանակով, հղումների ինդեքսով, համահեղինակների թվով եւ այլն: Ամսագրերի համար կազմվում է, այսպես կոչված, իմպակտ ֆակտորը, իսկ գիտնականների համար՝ հղումների ինդեքսը եւ h-index: Ինչքան բարձր լինեն այդ թվերը՝ այնքան լավ: Ընթերցողին չձանձրացնելու համար բացատրեմ հիմնականը: Հիմնարար գիտության մեջ աշխատանքի արդյունքները ամփոփվում են զեկուցումների, տպագրված հոդվածների, մենագրությունների, գրքերի տեսքով: Իսկ սրանց արժեքը հիմնականում գնահատվում է նրանով, թե ինչ վարկանիշ (իմպակտ ֆակտոր) ունեցող ամսագրերում են տպվել, քանի անգամ են կարդացվել եւ քանի անգամ են այլ հեղինակներ հղումներ արել այդ աշխատանքներին: Այս պարզ գաղափարը պարզ մաթեմատիկական գործողություններով բերվում է թվերի համակարգի, որի հիման վրա կազմվում է սանդղակ, որով հեղինակները դասվում են շատ կամ քիչ ցիտվող խմբերի: Այս չափանիշները հստակ բնութագրում են կատարված աշխատանքի քանակը (թվերից չես փախչի) եւ ինչ-որ հավանականությամբ (հավաստիությամբ)՝ որակը: Վերջիվերջո, եթե քո արած գործը ոչ մեկին հետաքրքիր չէ, եթե քեզ չեն կարդում ու ցիտում՝ երեւի արածիդ մեջ ինչ-որ բան այն չէ: Գոյություն ունի մի վճարովի կայք ինտերնետում՝ Web of Science, որի կազմած վարկանիշները ընդունված են ամենուրեք: Թե՛ ամսագրերի, այսպես կոչված, «իմպակտ ֆակտորը», թե՛ հեղինակների գործունեությունը թվերով արտահայտելու համար օգտվում են այս կայքից: Հայաստանում տպագրվող միակ ամսագիրը, որին բախտ է վիճակվել մտնել իմպակտ ֆակտոր ունեցող ամսագրերի շարքը՝ դա «Աստրոֆիզիկան» է (խմբ.՝ ՀՀ ԳԱ ակադ. Դ. Սեդրակյան): Իսկ Վրաստանում եւ Ադրբեջանում այդպիսի ամսագրեր չկան: Ցավոք, այս կայքից օգտվելու հնարավորություն քչերն ունեն, որովհետեւ այն վճարովի է (երեւի սա էլ որակի չափանիշ է):

Այս կայքից օգտվելու հնարավորությունն էլ երեւի հանդիսացավ այն բանի պատճառը, որ ստացա տարօրինակ մի առաջարկ՝ կայքից դուրս բերել եւ թվերի տեսքով ներկայացնել ՀՀ ԳԱ թղթակից անդամության բոլոր թեկնածուների վարկանիշները: Այս առաջարկը տարօրինակ էր մի քանի պատճառով: Առաջինն այն է, որ տվյալների կարիքն առաջացել էր ընտրություններից հետո (երեւի տրամաբանական կլիներ հակառակը): Երկրորդ՝ այդպես էլ պարզ չեղավ, թե ով էր պատվիրատուն (տրվում էին բարձրաստիճան գիտնականների անուններ, որոնք իմ տեղն էլ չգիտեն): Ինչեւէ: Աշխատանքը ես բարեխիղճ կատարեցի: Կազմեցի ոչ միայն վերջին ընտրություններին մասնակցածների, այլեւ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների վարկանիշները (կրկնում եմ, ըստ ICI Web of Science-ի):

Աշխատանքն ավարտելուց հետո բոլոր պատվիրատուներն անհետացան՝ երեւի ոչ միայն այն պատճառով, որ պետք էր ինձ վճարել: Տեսարանն էր տխուր: Երեւի ինձ պետք էր վճարել ոչ միայն աշխատանքի համար: Բարոյական վնասը, որը ես ստացա այս տվյալներին ծանոթանալով, շատ ավելի թանկ է (տես՝ հայտնի «Ոսկե հորթը»): Ես էլի չէի անդրադառնա այս ամենին, եթե չլիներ հերթական հոդվածը մամուլում («Առավոտ», 12 ապրիլի 2007 թ., «Բարբարոսություն գիտության հանդեպ»): Այս անգամ էլ «ես էլ եմ ուզում» բանակի անդամներից մեկը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պրոֆեսոր Ս. Հայրապետյանը) բացատրում էր, թե ինչու ինքը լավն է, իսկ մյուսները՝ ոչ: Եվ դա անում է թվերի տեսքով: Եթե ասվեր, որ «ես հանճարեղ եմ, իսկ մյուսները՝ ոչ», չէի խառնվի: Բայց գոնե օբյեկտիվ թվերը հանգիստ թողեք: Նախօրոք նշեմ, որ վերը նշված հոդվածում հիշատակված անձինք ոչ ընկերներս են, ոչ էլ բարեկամներս: Դեռ ավելին, կան մարդիկ, որոնց հետ մանկությունից կոնֆլիկտ ունեմ: Բայց տարրական բաների վրա ստել…

Պարոն Սիներիկ Հայրապետյան, հայտնում եմ ձեզ, որ ձեր հղումների քանակը ոչ թե 120 է, այլ 205 (եթե հանենք ինքնահղումները–99), h-index՝ 8: Սա ստացել եմ 35368871 տվյալ քննարկելուց հետո: Բայց պետք է տխրեցնեմ: Իսկ ձեր ոխերիմ թշնամի Ա. Թռչունյանը (ճիշտն ասած, ես էլ նրան չեմ սիրում), պարզվում է՝ բոլոր չափանիշներով ձեզանից բարձր է. հղումները՝ 620, h-index՝ 14: Դուք ստում եք ձեր բոլոր բերած թվերի մեջ: Օրինակ, ՀՀ ԳԱ թղթակից անդամ Ա. Շահինյանը ունի 65 հղում եւ նրա h-index-ը հավասար է 5-ի: Բայց դա չէ ողբերգությունը: Երբ համեմատում եմ ձեր տվյալները ուրիշ երկրների նույն ասպարեզի գիտնականների տվյալների հետ, տխուր պատկեր է ստացվում:

Հ. Գ. Լավագույն գիտնականներն ունենում են մինչեւ 70 հազար հղում եւ h-index՝ 100-150: Օրինակ՝ կենսաֆիզիկոս Մարտին Կարպլյուսը կամ ֆիզիկոս Ե. Վիտտենը: Մինչեւ 10000 հղում ունեցողների թիվն էլ քիչ չէ: Սրանց անվանում են մեծ հղում ունեցող հեղինակներ: Հայազգի ոչ մեկին չգտա նրանց մեջ: Իսկ h-index-ը՝ 5-8, հղումների թիվն էլ՝ մի քանի հարյուր՝ դա, կներեք, լրիվ ուրիշ մակարդակ է: ՀՀ ԳԱԱ-ն վերջին ընտրությունների ժամանակ ֆիզիկական գիտությունների բաժանմունքում առավել ձայներ տվել էր ցածր h-index ունեցող թեկնածուներին: Այս ամենն, իհարկե, բացարձակ ճշմարտություն չէ: Կան բացառություններ: Օրինակ՝ վերջերս ընթերցողների լայն շրջանակում հայտնի դարձած մաթեմատիկոս Պերելմանը Սանկտ Պետերբուրգից, որն ինչքան հանճարեղ է իր մասնագիտության մեջ, նույնքան էլ տարօրինակ է կենցաղում, քանի որ ոչ միայն հրաժարվում է տպագրվել ընդունված ամսագրերում, այլեւ հրաժարվում է մեծ դրամական մրցանակներից: Բայց կարծես թե Հայաստանում պերելմաններ չկան: Ես պարգեւից հրաժարվող հայաստանցի գիտնական դեռ չեմ տեսել:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031