Մարկ Միլստենը հետաքրքիր պահեր է «անմահացրել» իր լուսանկարներում
Ամերիկացի հայտնի ֆոտոլրագրող Մարկ Միլստենը արդեն 6-րդ անգամ է այցելում Հայաստան: Այս անգամ նա մեր երկրում է՝ ընտրական թեմաներով ֆոտոներ պատրաստելու համար: Ֆոտոլրագրողը նշեց, որ իր այցի նպատակը նաեւ Երեւանում եւ Հայաստանի մարզերում ֆոտոլրագրողների համար ընտրական թեմաներով ուսուցման գործնական խորհրդատվություն անցկացնելն է: «Ընտրական թեմաներին անդրադառնալու բազմաթիվ հետաքրքիր տարբերակներ կան: Ֆոտոլրագրողների հետ այցելում ենք հայաստանյան ընտրատարածքներ ու շտաբներ եւ լուսանկարում մարդկանց, ասենք, օրինակ, ընտրացուցակների ֆոնի վրա՝ իրենց անունները կարդալիս: Եղել ենք Վանաձորում, Գյումրիում, Սեւանում եւ այլուր: Համարյա բոլոր ընտրատարածքներում մեր աշխատանքն արդյունավետ էր, չնայած ափսոսում եմ, որ շատ տեղերում ակտիվության պակաս կար. սովորական քաղաքացիները կարծես քիչ են հետաքրքրված ընտրություններով»,- նկատեց Մ. Միլստենը:
Ֆոտոլրագրողն այն կարծիքին է, որ լուսանկարներում պետք է հասկանալի լինի, թե կոնկրետ որ ընտրատարածքն է պատկերված եւ ինչի վրա է շեշտը դրել լուսանկարիչը: «Մենք հետեւել ենք նաեւ նախաքարոզարշավային իրավիճակներին: Նկատել եմ, որ այս առումով խախտումները շատ են՝ ամենուր ցուցապաստառներ էին փակցված, երբ դեռ քարոզարշավը չէր սկսվել»,- ասաց Մ. Միլստենը:
Նա հայտնեց, որ ինքը եւ մի քանի ֆոտոլրագրող Վանաձորի կենտրոնական հանձնաժողովի գրասենյակում ընտրացուցակների ճշտումների գործընթացն են ֆիքսել. «Նկարներիցս մեկում մի կին իր անունն է ցուցակում փնտրում: Հայաստանում շատ տարօրինակ է՝ կարող ես ժամերով սպասել եւ այդպես էլ ոչ ոք չմոտենա ընտրացուցակին: Իսկ Գյումրիում հետաքրքիրն այն էր, որ ընտրացուցակները կենտրոնական տեղերում լինելու փոխարեն փակցված էին նեղ ու խուլ մի փողոցում, խաղատան հարեւանությամբ: Նկարներիցս մեկում մի տղա իր անունն է գտել ու բջջային հեռախոսով նկարում է այն, ես էլ իմ հերթին նրան նկարեցի»: Օտարերկրացի ֆոտոլրագրողին զարմացրել էր հատկապես այն փաստը, որ ընտրացուցակներում մարդիկ հանդիպել են նաեւ մահացած մարդկանց անունների կամ տասնյակ տարիներ առաջ Հայաստանից հեռացածների: Մ. Միլստենը պատմեց, որ Սեւանի գրասենյակներից մեկում էլ փակցված է եղել քաղաքի քարտեզը, որտեղ վառ գույներով ընդգծված են եղել բոլոր 12 ընտրատեղամասերն ու շտաբները: «Դա նկարել եմ, օրիգինալ ֆոտո է ստացվել»,- ասաց նա:
Այն հարցին, թե ինչ ակնհայտ տարբերություն կա հայաստանցի եւ արտասահմանցի ֆոտոլրագրողների միջեւ, Մ. Միլստենը պատասխանեց. «Մասնագիտական ընկալման, տեխնիկայի օգտագործման առումով տարբեր են մակարդակները: Հետո Հայաստանում լուսանկարների պահանջարկը եւ շահույթը քիչ է, ուստի մոտիվացիան էլ ցածր է: Իսկ, ընդհանրապես, ֆոտոլրագրողները պետք է շատ ճանապարհորդեն, ամեն ինչին իրազեկ լինեն եւ մեծացնեն իրենց աշխարհընկալման հնարավորությունները, որպեսզի նրանց նկարած ֆոտոներն օրիգինալ ստացվեն»: