Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՄԵԿ ԿԱԴՐՈՒՄ

Մայիս 07,2007 00:00

\"\"Մայիսի 17-24-ը արդեն 5-րդ անգամ Հայաստանում կկայանա «Մեկ կադր, մեկ րոպե» կինոփառատոնը

ՆՓԱԿ-ի կինոյի, թատրոնի բաժնի տնօրեն եւ «Մեկ կադր, մեկ րոպե» փառատոնի նախագահ Գագիկ Ղազարէն տեղեկացրեց, որ «Մեկ կադր, մեկ րոպեի» «ծավալներն» այս տարի ընդլայնվել են՝ «բարեկամ փառատոների ֆիլմերով»: Խոսքը Սանկտ Պետերբուրգի ու Լիոնի կինոփառատոների մասին է: «Մեկ կադր, մեկ րոպեն» ունի «Լավագույն կադր» մրցանակ եւ 3 խրախուսական դիպլոմ: Կա նաեւ փառատոնի նախագահի մրցանակ: Մասնակից հեղինակներն էլ կարող են մրցանակ շնորհել՝ որոշելով իրենց մեջ եղած լավագույնին: Այս փառատոնում չկա որեւէ սահմանափակում, բացառությամբ նրա, որ ներկայացվող աշխատանքը պետք է լինի 1 կադր եւ տեւի 1 րոպե: «Մուլտի ֆիլմերի փառատոներ աշխարհում շատ կան, սակայն մերը տարբերվում է բոլորից: «Մեկ կադր, մեկ րոպեն» որոշ առումով լաբորատոր փառատոն է, այն հեղինակների մասնակցությունը ապահովում է նաեւ արտադրական ներկայությամբ: Մենք ապահովում ենք հեղինակին խցիկով, մոնտաժով, նրան մնում է միայն աշխատելու ցանկություն հայտնել»,- նշեց Գ. Ղազարէն: Նրանից պարզեցինք, որ 30-ից ավելի հայտ է ստացվել, ամենակրտսեր մասնակիցը առաջին կուրսի ուսանող է: Շատ են նաեւ իգական սեռի ներկայացուցիչները: Իսկ ի՞նչ թեմաներով են ստեղծագործում «Մեկ կադր, մեկ րոպեի» հայտատուները: «Մենք ապահովում ենք մի տարածություն, որտեղ բոլորը հնարավորություն ունենան ազատորեն խոսել այն ամենի մասին, ինչը հրատապ է, եւ ներկայացնել ամենակարեւոր կադրը, որով ցանկանում են «միջամտել» իրականությանը: Թեմատիկ առումով կադրերը բազմազան են՝ սկսած սոցիալական սուր խնդիրներից, վերջացրած քաղաքականությամբ: Օրինակ, անցյալ տարի Արմեն Ավետիսյանի «Ձվածեղ» աշխատանքը դոլար-դրամային հարաբերություններին էր վերաբերում: Նրա կադրը, փաստորեն, մարգարեական դարձավ. իսկապես՝ դոլարը դրամին ճնշեց: Նույն հեղինակը այս տարի էլ անդրադառնում է Իրան-ԱՄՆ կոնֆլիկտին»,- ասաց Գ. Ղազարէն:

Կան մարդիկ, ովքեր 5-րդ անգամ են մասնակցում փառատոնին: Նրանց մեջ է, օրինակ, Վահրամ Ակինյանը: Իսկ ի՞նչ է սպասվում հաղթողներին: «ՆՓԱԿ-ում բոլոր առիթներով այդ ֆիլմերը ներկայացվում են, ցուցադրվում են նաեւ Արեւելյան Եվրոպայում, Վրաստանում: Առաջիկայում դրանք կմտցվեն ինտերնետ ցանցի մեջ եւ կդառնան հանրային սեփականություն, ինչը հնարավորություն կտա, որպեսզի հեղինակներին նկատեն արտերկրում ու մասնակից դարձնեն ավելի մեծ նախագծերում»,- նշեց հայկական փառատոնի նախագահը: Հետաքրքրվեցինք, «Մեկ կադր, մեկ րոպեի» նման թատերական փառատոն չե՞ն ուզում հիմնադրել: «2 տարի է՝ հայտարարություն ենք տալիս «Մեկ քմ թատերական ներկայացում» խորագրով փառատոն անցկացնելու մասին, առայժմ ապարդյուն: Բայց ինքներս՝ ՆՓԱԿ-ի թատերախումբը բեմադրել է նման ներկայացումներ, որոնք հիմնված են իմպրովիզի վրա: 1քմ-ի վրա մեր քաղաքն է, մեր կյանքը: 45 րոպե խաղում ենք 1քմ տարածքում՝ յուրաքանչյուր հինգշաբթի»,- պատասխանեց Գ. Ղազարէն:

Հիշեցնենք, որ «Մեկ կադր, մեկ րոպե» փառատոնի խորհրդանիշը վերցված է Գեղամա լեռների 5000-ամյա ժայռապատկերներից: «Այդ սիմվոլի մեջ տեսել ենք շարժումը, իսկ կինոն հենց շարժանկար է: Այդ սիմվոլը հիշեցնում է անցյալում կինոժապավենը շարժման մեջ դնող հայտնի մեխանիզմը»,- պարզաբանեց փառատոնի կազմակերպիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել