Նա մուտք է գործել ոչ միայն հայաստանյան, այլեւ ԱՄՆ-ում՝ իրանական շոու-բիզնես
Իրանահայ երգիչ Արազ Դարեն (Թորոսյան) հայաստանյան շոու-բիզնես մուտք գործեց այս տարվա հունվարին՝ «Սեր ու կարոտ» երգով (երաժշտությունը՝ Արա Թորոսյանի, տեքստը՝ Անիտա Հախվերդյանի), դուետով հանդես գալով Արմինկայի հետ: Հազվադեպ է պատահում, երբ արվեստագետը առաջին անգամ հայտ է ներկայացնում, այն էլ դուետով, եւ սիրվում ու ընդունվում է:
Ըստ մեր տեղեկությունների, Արազն իր ծննդավայրում ունի ամեն ինչ, այդ թվում՝ ձայնագրման ստուդիա, այնտեղ հիմնականում հանդես է եկել պարսկերեն՝ իր հեղինակած երգերով:
Ա. Դարեի անցյալ, ներկա եւ ապագա ստեղծագործական կյանքին վերաբերող մանրամասներին տեղեկանալու ակնկալիքով օրերս երգչին հյուրընկալել էինք «Առավոտում»: Նա տեղեկացրեց, որ 1998թ. Թեհրանում եղբայրների հետ հիմնել են ձայնագրման ստուդիա. «Եղբայրներիցս մեկը՝ Արգամը, սաքսոֆոնահար եւ երգահան է, իսկ Արինը նվագում է հարվածային գործիքներով: Նրանք ներկայումս ապրում եւ ստեղծագործում են Լոս Անջելեսում: Իսկ Հայաստան եկա՝ 1994թ. Իրանում կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի հետ հանդիպումից հետո: Երբ նրան ցույց տվեցի իմ գործիքավորումները, մաեստրոն խորհուրդ տվեց կատարելագործվել: Ավելի ուշ ծանոթացա կոմպոզիտորներ Երվանդ Երզնկյանի, Մարտին Վարդազարյանի եւ գործիքավորող ու երգահան Արա Թորոսյանի հետ: Պարոն Վարդազարյանի խորհրդով այժմ ուսանում եմ Երեւանի կոնսերվատորիայի իր դասարանում, որպես ջազային կոմպոզիտոր»: Արազը հայտնեց նաեւ, որ լոսանջելեսաբնակ իր եղբայրների ջանքերով պատրաստվում է մուտք գործել ԱՄՆ-ում՝ պարսկական երգարվեստի շոու-բիզնես: Հարցին՝ ստացվում է երկու ֆրոնտո՞վ եք աշխատում, երգիչը պատասխանեց. «Համոզված եմ, Ամերիկան չի խանգարի Հայաստանին եւ հակառակը: Կմեկնեմ այնտեղ, նախագծերս կիրականացնեմ, իսկ ժամանակիս մեծ մասը կանցկացնեմ Հայաստանում, մանավանդ ԱԺ-ն ընդունել է երկքաղաքացիության մասին օրենքի նախագիծը եւ առաջիկայում այն օրենքի ուժ կստանա»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ Երեւանում եւս ունի ձայնագրման ստուդիա ու պատրաստվում է հիմնել սեփական նվագախումբ: Հետաքրքրվեցինք՝ առաջիկայում մենահամերգ չի՞ պլանավորել: «Դա շատ պատասխանատու գործ է: Ես բծախնդիր եմ ու զգուշավոր: Մենահամերգի մասին դեռ վաղ է խոսելը, իսկ երգեր՝ կներկայացնեմ»,- պատասխանեց Արազը:
Այն հարցին՝ արդյո՞ք զգուշավորությունն էր պատճառը, որ շոու-բիզնեսում հայտնվեց ոչ թե սոլո կատարմամբ, այլ դուետով, արվեստագետը ասաց. «Ի սկզբանե «Սեր ու կարոտ» երգն ուներ պարսկերեն տեքստ, որը չէր «նստում» երաժշտության վրա: Հետո գրվեց հայերեն տեքստ եւ Արա Թորոսյանը երգը խորհուրդ տվեց կատարել դուետով»: Տեղեկանալով, որ Ա. Դարեն Թեհրանում ժամանակին ունեցել է իր «Unicorn Band» խումբը, որի հետ շրջագայել է Եվրոպայում, հարցրինք, թե իրեն գոհացնո՞ւմ է հայաստանյան շոու-բիզնեսը: Ըստ երգչի, Հայաստանում ամեն ինչ դանդաղ է շարժվում առաջ. «Իսկ եթե նկատի ունեք, որ հարյուրավոր երգիչներ են հայտնվում, դա նորմալ է: Ժամանակը կզտի ցածրորակը եւ կմնա միայն բարձրակարգ արվեստը»: Ա. Դարեին նյարդայնացրեց ԱԺ քարոզարշավին իր մասնակցության մասին հարցը. «Առաջինը՝ հրավեր չունեմ: Հետո էլ, դեռ չեմ ընկալում՝ ինչ է քարոզարշավը»: Հելսինկիում կայանալիք «Եվրատեսիլ-2007»-ին Հայաստանի ներկայացրած «Anytime Yuo Need» երգի մասին էլ Արազ Դարե գործիքավորողը, երգիչն ու երգահանն ասաց. «Այս տարվա Հայկոյի հեղինակած երգը շատ ներկայանալի է: Խնդրել եմ Եվրոպայում ու Ամերիկայում բնակվող հարազատներիս քվեարկեն երգի օգտին»: