Տոնակատարություններ եւ ծրագրեր՝ հոգեւոր կենտրոնում
15 տարի առաջ ազատագրվեց Շուշին, որն առայժմ դեռ ավերակների մեջ է: Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին կայացած «Շուշի վերածնունդ» հիմնադրամի շնորհանդեսին հնչեցին բազմաթիվ առաջարկներ ու ծրագրեր, որոնց կյանքի կոչմամբ է պայմանավորված Շուշիի՝ համահայկական կրթական, մշակութային եւ հոգեւոր կենտրոնի կարգավիճակը վերականգնելը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի խոսքերով. «Ամենակարեւորը նախ եւ առաջ մարդկանց հոգում ներդրում անելն է, դա ավելի հրատապ է, քան ենթակառուցվածքները, որովհետեւ Շուշիում այսօր ապրելը հերոսություն է»: Հնարավորինս լավատեսական եւ տոնական մթնոլորտ ապահովելու նպատակով ու Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի առիթով այստեղ բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Մայիսի 7-ին կկայանա Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» նոր մուլտիպլիկացիոն կինոնկարի պրեմիերան, մայիսի 8-ի երեկոյան՝ Շուշիի նոր հատակագծի տեսապրոյեկտումը բերդապարսպի վրա: Կենդանի հնչողությամբ կներկայացվի «Շուշի վերածնունդ» հիմնադրամի երգը (հեղինակներ՝ Շ. Պետրոսյան, Գ. Առուստամյան), բերդապարսպի վրա կցուցադրվեն հիմնադրամի հոլովակները եւ այլ տեսանյութեր: Տոնական երեկոն կավարտվի հրավառության 15 համազարկով: Մայիսի 9-ին էլ կբացվի Շուշիի «Արվեստի, արհեստների եւ զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը», որտեղ կվերստեղծվի հին Շուշիի մթնոլորտը:
Տոնական օրերին այստեղ կբացվի նաեւ «Շուշին երեխաների աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը: «Շուշիում կառուցվում է «Երեւան» անունով ժամանակակից տեխնիկայով հագեցած կինոդահլիճ, ինչպիսին Երեւանում է: Մենք համագործակցում ենք Արցախի զբոսաշրջության գործակալության հետ, որը կջանա զբոսաշրջիկներ ու այցելուներ բերել Շուշի: Իսկ Հայկական բժշկական ասոցիացիայի հետ վերակառուցում ենք պատմական շինության մեջ տեղակայված կանաչ դեղատունը, որը կաշխատի բարեգործական հիմունքներով: Մի քանի 1000 բնակիչ ունեցող Շուշիում հսկայական հիվանդանոց է գործում, որն ի վիճակի է սպասարկել անգամ 40000 մարդու: Առաջիկայում կփորձենք բժշկական նոր ծառայություններ ներմուծել այնտեղ, որպեսզի հիվանդանոցը այցելուներ ձգի Ստեփանակերտից եւ, ինչու չէ, նաեւ Հայաստանի հարավից»,- նշեց պրն Հովհաննիսյանը:
Տոնական օրերին կցուցադրվի Ժիրայր Դադասյանի բեմադրած ներկայացումը (նա նաեւ «Մեր Շուշին» տեսաֆիլմի հեղինակն է), Շուշիում կմեկնարկի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում անցկացվող ամենամյա միջոցառում: Այսուհետեւ յուրաքանչյուր տարի Շուշիում, «Ոսկե ծիրանի» օրերին կամ մի քանի օրվա տարբերությամբ, կցուցադրվի նույն ծրագիրը, ինչը Երեւանում: Շուշեցիներն արդեն քաղաքի նոր զինանշան ունեն՝ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու պահապան հրեշտակը այլեւս հինավուրց հայկական քաղաքի խորհրդանիշն է: «Ըստ ավանդույթի՝ հենց այս հրեշտակն է փրկել Շուշին լրիվ քանդումից. ժամանակին, երբ թուրքերը ռմբակոծում էին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ռումբերն ընկնում էին եկեղեցու մոտակայքում, բայց ոչ նրա վրա»,- ասում է «Շուշի վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենը: Պատմելով Շուշիի առօրյայի մասին, նա կատակեց, թե տեղի մեծահասակների վերջին անեկդոտները հենց երեւանցիների մասին են, իսկ ինչ վերաբերում է շուշեցի երեխաներին, «նորմալ երեխեք են՝ Հայաստանի մյուս քաղաքների երեխաների պես»։ «Երբ «Շուշին երեխաների աչքերով» ֆոտոմրցույթի համար նրանց լուսանկարչական ապարատներ տվեցինք, որ նկարներ անեն, շատ օրիգինալ մոտեցում ցուցաբերեցին: Նրանց նկարներում չկար մեր ակնկալած պաթոսը՝ լուսանկարել էին քաղաքն ինչպես որ կա. մեկը իր ուսուցչուհուն, մյուսը՝ կենտրոնական փողոցով շրջող խոզերին, երրորդը՝ բակի տղայական «ռազբորկան»,- ասաց գործադիր տնօրենը: Գ. Հովհաննիսյանից պարզեցինք, որ ինչպես Շուշիում, այնպես էլ ողջ Արցախում հայաստանյան տպագիր ԶԼՄ-ներից ստանում են «Գոլոս Արմենիի», «Առավոտ» եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթերը: «Չգիտեմ էլ, թե ինչպես է այդպես ստացվել»,- ասաց նա: