Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ«ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ»

Մայիս 07,2007 00:00

\"\"Որոշ երգիչների համար դա բիզնես է, ոմանց համար՝ այս կամ այն ուժին երախտահատույց լինելու արտահայտություն կամ հոբի:

Ապրիլի 8-ից մայիսի 10-ը Ազգային ժողովում իրենց տեղն ունենալու համար քարոզարշավի դուրս ելած 22 կուսակցություններից ու մեկ դաշինքից ընդամենը 3-ն են իրենց քարոզարշավին մասնակից դարձրել հայաստանյան շոու-բիզնեսի արտիստներին: Խոսքը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» մասին է: Ի տարբերություն այս ուժերի, օրինակ՝ ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ չարժե «քարոզարշավել» երգիչների հետ. «Չեմ կարծում, թե մեր երգիչ-երգչուհիները պետք է երգեն այս կամ այն քաղաքական ուժին սատարելու համար, նրանք պետք է երգեն ժողովրդի համար»:

«Առավոտը» կապվեց տեղական աստղերի հետ՝ իմանալու, թե այս կամ այն ուժի քարոզարշավին նրանց մասնակցությունը սկզբունքի՞ հարց է, թե՞ ամեն ինչ կախված է առաջարկվող գումարից:

Ալլա Լեւոնյանը զարմացավ մեր հարցից, շեշտելով, որ ինքը կուսակցական չէ եւ արդյո՞ք տեղեկացված չենք, որ ինքը ՄԱԿ-ի «բարի կամքի դեսպան» է. «Այստեղ սկզբունք լինել չի կարող: Իմ ժողովուրդն իմ թշնամին չէ: Այո, ես մասնակցում եմ հանրապետականների քարոզարշավին, որովհետեւ, ինչպես լուսահոգի վարչապետները, այնպես էլ Սերժ Սարգսյանը, անհնարինն են անում արվեստի համար: Նրանք իմ ընկերներն են, ժամանակին աջակցել են, ես էլ հիմա իրենց եմ աջակցում»: Հանրապետականներին սատարող Զարուհի Բաբայանի խոսքերով էլ՝ ժողովրդի 90%-ը գալիս է քարոզարշավի՝ ընդամենը իր սիրելի արվեստագետի հետ հանդիպման համար: Էմմա Պետրոսյան-Արամո ամուսիններն էլ գտնում են, որ ցանկացած մարդ իրավունք ունի ազատ ընտրության եւ իրենք պարզապես պարտավոր են ցանկացած հրավերի առիթով ելույթ ունենալ ժողովրդի առջեւ. «Եթե մենք այսօր սիրված ենք, ուրեմն միանշանակ շնորհիվ մեր ժողովրդի»:

«Ոչ մի կուսակցության անդամ չեմ, բայց երգարվեստն իմ աշխատանքն է ու բիզնեսը: Քարոզարշավային ելույթներիս վերաբերվում եմ՝ որպես համերգների: Այո, մասնակցում եմ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների միջոցառումներին: Այլ կերպ լինել չէր կարող: Ե՛վ նշածս կուսակցությունների անդամները, ե՛ւ համերգներին ներկա հանդիսատեսը հայ ժողովուրդն է»,- ասաց Արսեն Սաֆարյանը: Մայր եւ դուստր՝ Սյուզան Մարգարյանի ու Սիրուշոյի խոսքը նույնաբովանդակ էր. «Սատարում ենք հանրապետականներին: Միահյուսված են ե՛ւ սկզբունքը, ե՛ւ համակրանքը, ե՛ւ տարիների աշխատանքը: Թե՛ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, թե՛ ներկայիս վարչապետը մեծ ներդրում ունեն նաեւ մշակույթի ոլորտում»: Երգչուհի Քրիստինե Պեպելյանի խոսքը կարճ էր. «Իմ նշանաբանն է. երաժշտություն՝ առանց քաղաքականության»: Իսկ Լեյլա Սարիբեկյանը պատասխանեց համարյա քոչարյանաբար. «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է: Մշակույթի գործիչներին հարգող պաշտոնյան առաջին հերթին իրեն է հարգում: Էական չէ, թե ես ու կոլեգաներս քանի կուսակցության քարոզարշավի ենք մասնակցում: Փաստ է, որ ապագա մեր խորհրդարանականները կարեւորում են հոգեւոր միջավայրի ստեղծումը, առանց որի, հավատացեք, աշխարհը չի կարող կանգուն մնալ»: Արսեն Գրիգորյանի (Մրո) ձեւակերպմամբ էլ. «Երգելով ժողովրդի համար՝ խրախուսում ու քաջալերում եմ, որ ազնիվ ու արդար մասնակցություն ունենա ընտրություններին»:

 Հ. Գ. Չնայած «Առավոտի» հետ զրուցած երգիչները չհրապարակեցին քարոզարշավներին հնչող իրենց մեկ երգի «սակագինը», սակայն դա գաղտնիք չէ եւ քանիցս հրապարակվել է, որ, օրինակ, Անդրեն 1 երգի համար պահանջում է 1200 եվրո, Արման Հովհաննիսյանն ու Համլետ Գեւորգյանը՝ $1500, Աիդա Սարգսյանն ու Արսեն Գրիգորյանը՝ $1000, Արմինկան, Ալլա Լեւոնյանը, Քրիստինե Պեպելյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը՝ $700, Արամեն, Սոֆի Մխեյանը՝ $500, Աննա Խաչատրյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոգան՝ $400 եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել