Կոչ է անում ատենապետը
Երեկ Աբովյան քաղաքի մշակույթի տանը բնակչության հետ հանդիպեցին «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, կուսակցության կողմից համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանը, աշխարհի եզդիների պրեզիդենտ Ազիզ Թամոյանը:
Մուտքի մոտ դրոշակներով ու ծափերով դիմավորեցին Ս. Բաբայանին: Երկար ժամանակ ծափերը չէին դադարում: Ելույթ ունեցավ Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, որը բնական համարեց երկու կուսակցությունների միավորումը, այն մեկնաբանելով ազգային-ազատական գաղափարների նմանությամբ: Ատենապետը նաեւ ասաց. «Մենք չունենք այն ազգային մշակույթը, որ մեր հերոսներին ճիշտ եւ ժամանակին գնահատենք: Մի փնտրեք իդեալական հերոսներ, թե չէ՝ առանց հերոս կմնաք»:
Իսկ ազգային փոքրամասնության առաջնորդ Ազիզ Թամոյանը կոչ արեց ընտրել «Դաշինք» կուսակցությանը: Իր ելույթում նա համոզմունք հայտնեց, որ երկրի սոցիալ-կենցաղային ծանր իրավիճակը կարող է թեթեւանալ, եթե մեր օրենսդիրները լինեն Սամվել Բաբայանի նման անհատականություններ: Ելույթներն ընդհատվում էին երկարատեւ ծափերով:
«Դաշինքի» առաջնորդ Սամվել Բաբայանը կոչ արեց ժողովրդին՝ չխաբվել տանիք սարքողներին, ասֆալտ անողներին եւ ընտրակաշառք բաժանողներին, քանի որ, ըստ նրա, երկրի առջեւ ծառացած խնդիրները կարող են մեծ ազդեցություն ունենալ թե ներքին, թե արտաքին անվտանգության վրա: Դահլիճից հնչած նախկին ազատամարտիկի հարցին, թե «այն ժամանակ, երբ մենք կռվում էինք, որոշ մարդիկ եմիշ էին ծախում, ու Ղարաբաղի տեղը չիմանալով, մեդալ են ստանում, ինչպե՞ս եք վերաբերվում դրան», Ս. Բաբայանը պատասխանեց, որ չի ընդունում այն երեւույթը, որ որոշ մարդիկ մեդալ են արտադրում ու բաժանում. «Էդքան մարդ չի կռվել, որքանն այսօր մեդալ է ստանում»: Իսկ զոհված-ազատամարտիկ ներկայացած Վահան Սարգսյանը հարցրեց. «Երբ Ժիրայր Սեֆիլյանի նման մարդը կալանված է, դժվար չէ՞ այս կրիմինալ իշխանության դեմ պայքարելը»: Արցախի հերոս Բաբայանն ասաց, որ իրենք հետամուտ են Սեֆիլյանի գործին, իսկ Հմայակ Հովհաննիսյանը «Ի պաշտպանություն Ժ. Սեֆիլյանի» հանձնախմբի անդամներից է: Բաբայանի ընտրազանգվածը հիմնականում արցախյան պատերազմի մասնակիցներն էին ու նրանց ընտանիքները: Այդ պատճառով հիմնական հարցերը առնչվում էին Արցախի, ազատամարտիկների խնդիրներին ու արտաքին մարտահրավերներին:
«Առավոտի» այն հարցին, թե «Դաշինքի» կողմից առաջադրված բոլո՞ր թեկնածուներն ունեն կուսակցության համար ներկայանալի կենսագրություն՝ պարոն Բաբայանը պատասխանեց. «Եթե որեւէ մեկի մասին վատ բան գիտեք, գրեք՝ կարդամ: Գուցե հրաժարվենք նման մարդկանցից»: