Քրեական գործ հարուցելը մերժվել է
Անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում, «Սթար» խանութի մոտ «Սուզուկի» մակնիշի 959 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենան վրաերթի ենթարկեց «Ազգ» օրաթերթի լրագրող, Թեքեյան մշակութային կենտրոնի լրատվության պատասխանատու Մարիետա Մակարյանին: Ավտոմեքենան պատկանում էր «Բի Լայն» ՍՊԸ-ին: Վարորդը՝ նշված ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Զաքարյանը, մարմնական վնասվածքներ ստացած Մակարյանին տեղափոխեց տուն եւ մինչ երեկ չի հետաքրքրվել իր իսկ պատճառով մինչ օրս հիվանդանոցներում անցկացնող լրագրողի առողջությամբ:
Լրագրողը ստացել էր զույգ ծնկոսկրերի վնասվածքներ եւ հոկտեմբերի 18-ին քննվել Էրեբունի բժշկական կենտրոնում: Նշանակվել էր դեղորայքային բուժում, մշտապես գտնվել էր օրթոպեդի հսկողության տակ:
Մ. Մակարյանը 31 օր գտնվել է ստացիոնար բուժման մեջ՝ «Սթրես կենտրոն» ՓԲԸ-ում: Ըստ «Սթրես կենտրոնի» բուժող բժիշկ Ն. Մանասյանի՝ «Մակարյանն ունի մշտական վախի զգացում, թույլ է, լարված: Վախենում է տնից դուրս գալ օրվա երկրորդ կեսին, սարսափում է հեռախոսազանգերից, վեր է թռչում անսպասելի աղմուկից, խուճապ է ապրում, երբ ինչ-որ բան հիշեցնում է իր հետ կատարվածը: Տառապում է անքնությամբ»: 2006թ. նոյեմբերի 30-ին Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի պետի տեղակալ Ռ. Բալոյանը կայացրեց որոշում, որով մերժվեց քրեական գործ հարուցել վարորդի նկատմամբ: Չնայած նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվեց, որ Ա. Զաքարյանը թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների «պահանջներին հակասող գործողություններ»:
Մ. Մակարյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ վնասի հատուցման պահանջի մասին: «Այս ծանր սոցիալական պայմաններում ես ամիսներով չեմ աշխատել, ընկել եմ մեծ պարտքերի տակ, իսկ պատասխանողները ոչ միայն ինձ նյութական օժանդակություն չեն ցուցաբերել, այլեւ զլացել են հետաքրքրվել իմ առողջությամբ»: Մակարյանը միայն դեղորայքային եւ հիվանդանոցային ծախսերը դատարան է ներկայացրել փաստաթղթերով, այն գնահատելով 1 մլն 935.535 դրամ՝ գումարած լրացուցիչ 124.340 հազար դրամ ծախսերը (առողջարանի ուղեգիր, փոխադրամիջոցներ, դեղատան կտրոններ, չստացած հոնորար՝ միջին չափով 6 ամսվա համար…):
Դատարանից Մ. Մակարյանը խնդրել էր իրեն ազատել պետտուրքից եւ այն գանձել վճռով, միաժամանակ՝ արգելանք դնել «Սուզուկի» մակնիշի 959 ՕԼ 64 մեքենայի վրա:
Երեկվա դրությամբ դատական նիստի օրը դեռ չէր նշանակված: