Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնական» հանրահավաք

Մայիս 07,2007 00:00

Չնայած Շիրակի մարզի բուք ու ցրտին՝ ընդդիմադիրներին գյումրեցիները սրտանց ընդունեցին

Երեկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում քարոզարշավի էին եկել ՀԺԿ ու «Ազգային վերածնունդ» կուսակցությունների առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանն ու Ալբերտ Բազեյանը: Չնայած տեղացող հորդառատ անձրեւին, մեծ թվով գյումրեցիներ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մուտքի մոտ հավաքվել էին՝ լսելու ընդդիմադիր գործիչներին եւ նրանց բողոքելու իշխանությունից: Ըստ Ս. Դեմիրճյանի, «իսկական հանդիպումները հենց սրանք են, որ մարդիկ, առանց հաշվի առնելու ցուրտ ու անձրեւային եղանակը, ինքնակամ եկել են մեզ լսելու: Արթիկում էլ էր այսպես, հարյուրավոր մարդիկ էին եկել, թե չէ ուրիշները շինծու-մինծու սարքում են, դպրոցներով բերում-հավաքում են, իբր հանդիպում են ժողովրդին: Բնականն երեւում ա, որ բնական ա»: Արձագանքելով Ս. Դեմիրճյանի այս ելույթին, նրա ընտրազանգվածը բացականչում էր՝ «Ցուրտ է, բայց զատո սրտով ենք եկել»: Դեմիրճյանը խոսում էր գյումրեցիների սրտից. «Գիտեմ, գալիս-ասում են, թե մենք էս կանենք, էն կանենք, թոշակները կբարձրացնենք, աշխատավարձերը կավելացնենք, դա ասում են նրանք, ովքեր այս տարիների ընթացքում կարող էին այդ ամենն անել, բա ինչի՞ չէին անում՝ թող անեին: Կոռուպցիայի մեջ խրված իշխանությունը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ինչքան խոսում են, էնքան կոռուպցիայի մակարդակը էս երկրում բարձրանում ա, ուղիղ համեմատական է: Էն իշխանությունը, որը քրեական տարրերին ա պարտական, էն իշխանությունը, որը պարտական ա կեղծարարներին, ո՞նց է պայքարելու դրանց դեմ: Էսօր իշխանությունը դարձել է գործ դնելու միջոց, ամբողջ տնտեսությունը մի քանի մարդկանց ձեռքում է, ըտենց չի՞: Իսկ մենք ի վիճակի ենք էս երկրում տարրական կարգ ու կանոն հաստատել: Մի բան էլ եմ ուզում ասել, ի հայտ են եկել տխրահռչակ սոցիոլոգներ, որոնք նույն կեղծարարներն են եւ իրենց կեղծ հարցումներով փորձում են ապակողմնորոշել հասարակությանը»,- ասաց ՀԺԿ առաջնորդը՝ հորդորելով գյումրեցիներին չհավատալ նման կեղծ հարցումներին:

Ալբերտ Բազեյանն էլ այդ ընթացքում համոզում էր թատրոնի հրապարակում հավաքվածներին, որ չհավաքեն իրենց ճամպրուկներն ու չլքեն երկիրը, քանի որ իրենք կարող են լուծել ժողովրդի խնդիրները, միայն թե նրանք վստահեն իրեն ու ձայն տան: ՀԺԿ-ական Գրիգոր Հարությունյանը առիթը բաց չթողնելով՝ հերթական անգամ անդրադարձավ Գյումրիում իրենց կուսակցության գրասենյակը լուծարելու փորձերին: Նա համոզված էր, որ դա իշխանությունների կողմից վաղուց նախապատրաստված գործընթաց է, որը միշտ անհաջողության է մատնվելու, քանի որ, նրա խոսքերով՝ «ՀԺԿ-ն Գյումրիում միշտ եղել եւ լինելու է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել