Ասում է թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված ԲՀԿ-ի անդամ Մխիթար Հարությունյանը:
Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց եւ խորհրդային բանակում ծառայելուց հետո, Մխիթար Հարությունյանը նվիրվելով ազգին վիճակված ծանր ժամանակաշրջանում նեցուկ լինելու ազգանվեր գործին, մի խումբ հայրենասերների հետ նախ մասնակցում է մեծ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, այնուհետեւ հիմնում է «Ալաշկերտ» կամավորական ջոկատը եւ ձեռնամուխ լինում Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Արցախի պաշտպանության գործին: 1991-ին Գետաշենի հերոսամարտից հետո «Ալաշկերտ» ջոկատը նրան ընտրում է հրամանատարի օգնական: «Այսօր մենք պարտավոր ենք հարգել արցախյան պատերազմի զոհերին, քանի որ նրանց արյան գնով մենք այսօր ստեղծեցինք անկախ երկիր եւ հանգիստ ապրելու հնարավորություն»,- ասում է նախկին ազատամարտիկը: 1994-95թթ. ծառայել է ԱԱ ՀՄՍ-ի հրամանատարական կազմում: Երկրի սահմանների անվտանգությունը ապահովելուց հետո, Մխիթար Հարությունյանը տրվում է հասարակական-քաղաքական գործունեությանը եւ միաժամանակ զբաղվում գործարարությամբ: 1995-ի հուլիսին Ազգային ժողովի ընտրություններին թիվ 75 ընտրատարածքում առաջադրվել է պատգամավորության թեկնածու: Մխիթար Հարությունյանը ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի անդամ է եւ զգալի ներդրում ունի սպորտի տարբեր ոլորտների զարգացման ու կայացման գործում: Նրա ղեկավարած «Ծաղկաձոր» գլխավոր մարզահամալիրն այսօր Հայաստանում առաջատար կենտրոն է, որտեղ անց են կացվում տարածաշրջանի պետությունների հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքներ: Այս տարի ամռանը նոր սահուղիները ճիմապատելուց հետո Ծաղկաձոր կհրավիրվեն դահուկային միջազգային ֆեդերացիայի մասնագետները՝ Ծաղկաձորի սահուղիները գրանցելու եւ այստեղ եւս մրցումներ անցկացնելու համար: Ծաղկաձորը իր հարմարավետ ենթակառուցվածքներով, շնորհիվ մարզահամալիրի, կվաստակի միջազգային չափանիշի ձմեռային լավագույն հանգստավայրի համբավ: «Հրազդանի տարածաշրջանն ունի պոտենցիալ հնարավորություններ՝ տուրիզմի զարգացման համար: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի զբոսաշրջիկների համար ստեղծենք բոլոր բարենպաստ պայմանները, ինչը կնպաստի նաեւ Հայաստանում գլոբալ առումով տուրիզմի զարգացմանը»,- ասում է Մխիթար Հարությունյանը:
2002թ. Մխիթար Հարությունյանը հիմնել է «Հրազդանի Հաղթանակ» հասարակական կազմակերպությունը: Նույն թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստացել է շնորհակալագիր: Մխիթար Հարությունյանը զգալի աշխատանքներ է կատարել նաեւ երիտասարդության զբաղվածության, նրանց կրթամշակութային եւ սպորտային ուղղվածության համար: 2006-ից նա ԲՀԿ Հրազդանի տարածաշրջանի համակարգողն է:
Մխիթար Հարությունյանի նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացված մարդու սահմանադրական իրավունքների եւ լիակատար ազատության պաշտպանությանը, ինչպես նաեւ երկրի անվտանգության եւ բանակի զարգացման հարցերին: «Կարեւոր է երկրի իշխանության տարբեր թեւերի արդյունավետ համագործակցությունը, որին կարոտ է հրազդանցին: Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է պրոֆեսիոնալ կադրերով համալրվեն կառույցները»,- գտնում է Մ. Հարությունյանը: Մեր պետությունը նա համեմատում է նորածին երեխայի հետ, որը խնամքի կարիք ունի եւ պետք է կարողանանք ճիշտ քայլել եւ խոսել սովորեցնել: Մխիթար Հարությունյանը հավատում է, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները թեեւ դժվարությամբ, բայց կլուծվեն: