Թունավոր արտադրամասերի աշխատակիցների կենսաթոշակը հավասարեցրել են հրուշակեղենի կոմբինատում աշխատողների թոշակին:
«Ամբողջ կյանքներս աշխատել ենք թունավոր արտադրամասում, հակագազով էինք մտնում արտադրամաս, թոշակի անցնելուց հետո էլ ենք աշխատել, կյանքներս վտանգել ենք, մեկ էլ ինչ-որ մեկը որոշում է մեր թոշակները սովորական գրասենյակային աշխատողներին հավասար թոշակ հաշվել»,- երեկ «Առավոտին» այսպիսի բողոք ներկայացրին «Նաիրիտ» գործարանի կենսաթոշակի տարիքի մի խումբ աշխատակիցներ: Նախկինում՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, թունավոր եւ վտանգավոր արտադրամասերում աշխատող քաղաքացիները թոշակի էին անցնում 45 տարեկանում, բացի այդ, 1 տարվա աշխատանքը հաշվարկվում էր մեկուկես ու եթե այդ տարիքում էլ շարունակում էին աշխատել, 2 տարին մեկ կենսաթոշակը որոշ չափով ավելանում էր: Սակայն այդ օրենքում փոփոխություններ կատարվեցին, ինչի համաձայն՝ թունավոր եւ վտանգավոր արտադրամասերի աշխատակիցները ոչ թե 45, այլ 55 տարեկանում պետք է անցնեն կենսաթոշակի, եւ 1 տարի աշխատանքն էլ պետք է հաշվեն ոչ թե մեկուկես, այլ հենց 1 տարի: Օրենքում կատարված այս փոփոխությունները հետադարձ ուժ ունեն եւ տարածվում են նաեւ «Նաիրիտի» այն աշխատակիցների վրա, ովքեր թոշակի են անցել մինչեւ օրենքում փոփոխություն կատարելը: Նրանք պետք է կենսաթոշակ ստանային 1 տարվա աշխատանքի դիմաց մեկուկես տարի հաշվարկով, բայց ստանում են մյուս սովորական արտադրամասերի, ասենք՝ հրուշակեղենի, կարի արտադրամասի աշխատակիցների նման: Թունավոր գործարանում աշխատած կենսաթոշակառուներին մնացել է միայն 1 արտոնություն. եթե սովորական կենսաթոշակառուն թոշակի է անցնում 63 տարեկանում, նրանք՝ 55-ում:
«Երբ 1996-ից սկսած մեր թոշակի վերահաշվարկման համար դիմում էինք կենսաթոշակային տարածքային գրասենյակներ, հրաժարվում էին մեզանից փաստաթղթեր վերցնել՝ պատճառաբանելով, որ «Նաիրիտը» սոցվճարներ չի կատարում եւ մեծ պարտքեր ունի, իսկ երբ 2006-ին «Նաիրիտը» իր բոլոր պարտքերը մարեց, եւ մենք փորձում էինք նորից դիմել թոշակների վերահաշվարկման համար, պարզվեց՝ մեր տարիներով կուտակած ստաժը այլեւս հաշվի չի առնվում: Մենք աշխատել ենք մինչեւ օրենքում փոփոխություններ մտցնելը, նախորդ տարիների աշխատածը ինչո՞ւ են զրոյի հավասարեցնում»,- բողոքեցին «նաիրիտցիները»:
Թե ինչու են թունավոր քիմիական գործարանում աշխատողների՝ տարիների աշխատանքն անտեսել եւ ինչպես են հիմնավորում օրենքին հետադարձ ուժ տալը՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովագրության եւ կենսաթոշակային ապահովության վարչությունից, սակայն ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց կապվել վարչության պետ Ռոզա Մկրտչյանի հետ: Նա տեղում չէր: