«Հիմա ախպերը ախպորը չի հավատում»,- ասում են Կենտրոնի տուժած քաղաքացիները
Օրերս կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին Երեւանի Կենտրոնի տուժած բնակիչները եւ Դալմայի այգիների սեփականատերերը: Մարդիկ լուրջ անհանգստություն ունեն, որ նախընտրական այս թոհուբոհի մեջ իրենց գլխի տակ փափուկ բարձ կդնեն, կհամոզեն, որ ընտրություններից հետո իրենց պահանջները բավարարվելու են, իսկ ընտրություններից հետո իրենց նույնիսկ մոտ չեն թողնի ոչ կառավարության շենքին եւ ոչ էլ քաղաքապետարանին: Եվ այս անհանգստությունը հիմքեր ուներ: Մայիսի 4-ին Սահմանադրական դատարանը պետք է լսեր Կենտրոնի բնակիչների հայցը, որը ՍԴ էր ներկայացվել ՀԺԿ-ի եւ ընդդիմադիր մյուս պատգամավորների ստորագրությունների արդյունքում: Սակայն օրերս ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի՝ իր ստորագրությունը ետ վերցնելու պատճառով (ՍԴ դիմելու համար հարկավոր էր 27 ստորագրություն, այժմ 1-ը պակասեց) Սահմանադրական դատարանը ինքնըստինքյան ազատվեց հայցի քննարկման անհրաժեշտությունից: Եվ սա տուժածներին հիմք է տալիս մտածել, որ իշխանությունները այսպիսով փորձում են իրենց հարցը մեջտեղից հանել: Ըստ կառավարության շենքի մոտ երեկ հավաքված մարդկանց՝ Էմմա Խուդաբաշյանը կատարել է իշխանությունների պատվերը: «Ամոթ չէ՞, գոնե մի քիչ մտածեր մեր մասին, մենք նրանից շատ հիասթափված ենք, կարծում էինք ինքը կարգին պատգամավոր է, բայց պարզվեց ինքն էլ է «ծախվել» եւ կատարում է իշխանությունների հանձնարարությունները»,- ասաց տիկին Գոհարը: Սեդրակ Հակոբյանը հիշեցրեց, որ վարչապետ Սերժ Սարգսյանը իրենց ընդունել է եւ լսել, սակայն այժմ, երբ քաղաքապետը չի կատարում վարչապետի հրահանգները, մարդիկ այլեւս չգիտեն ինչ մտածեն. «Մենք ողջունեցինք վարչապետին, որ ինքը ընդունեց մեզ եւ ուզում է մի բան անել, բայց մենք սկսեցինք կասկածել, քանի որ Խուդաբաշյան Էմման իր ստորագրությունը հանեց, մենք իրեն հարգում էինք, բայց հիմա չենք հասկանում, թե ինչ է անում: Մտածում ենք, որ ինքը իշխանությունների պատվերով է իր ստորագրությունը ետ վերցրել: Վարչապետի ընդունելուց հետո արդեն 25 օր անցել է, բայց մենք ոչ մի առաջընթաց չենք տեսնում: Ճիշտ է, մեզ ընդունել է քաղաքապետի տեղակալը՝ Կարեն Դավթյանը, մենք իր դեմ ոչ մի բան չունենք (ուրիշներն էլ ասացին, որ հենց Կարեն Դավթյանն է այն ԾԻԳ-ի ղեկավարը, որը քանդել է Բուզանդի եւ Կենտրոնի տները- Մ. Ե.), բայց ում համար պարզ չի, որ հարցը որոշելու է քաղաքապետը: Իսկ նրան մենք յոթ անգամ հանդիպել ենք, եւ ինքը միայն օդի մեջ տղամարդու խոսք է տալիս եւ ոչ մի բան չի անում»: Մարդիկ մոտ 10 օր առաջ նամակ էին գրել ՀՀ վարչապետին, խնդրելով ստեղծել անկախ աշխատանքային հանձնաժողով՝ վարչապետի հսկողությամբ. «Եթե ինքը խոսք է տվել, ինքն էլ պետք է հետեւի գործին»: Տուժածները այն կարծիքին են, որ եթե իրենց հարցը այս անգամ էլ մնա անպատասխան, ուրեմն իշխանությունները չեն ուզում բավարարել տուժածների պահանջները. «Ասեմ, որ բռնությունները եւս շարունակվում են, նույն Զախարյանը մեր ժողովրդին բաժանում է քանի-քանի սորտերի, մի մասի տները, ասենք՝ Կողբացու փողոցում կամ Կոզեռնում, սեփականաշնորհում է կատարում, մյուսներինը՝ ոչ: Մենք կարծում ենք՝ սա հատուկ միտումով է արվում, որ մեզ բաժանի, իրար դեմ հանի եւ արանքում դարձյալ իրենք շահեն: Այսինքն, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Դրա համար էլ մենք ասում ենք, եթե այս պայքարողներից անգամ մեկի հարցը մնա չլուծված, մենք մեր պայքարը չենք դադարեցնելու»:
«Ժողովուրդը այնքան խաբված է, որ մինչեւ չտեսնի կոնկրետ քայլեր, չի հավատա: Օրինակ՝ վարչապետին մենք, ասենք թե, հարյուր տոկոսով հավատում ենք, բայց հիմա ախպերը ախպորը չի հավատում, եւ եթե վարչապետը լիներ մի ուրիշ կուսակցության ղեկավար, մենք հարյուր տոկոսով կհավատայինք, բայց քանի որ էս չարիքը ժողովրդի գլխին արել է Հանրապետական կուսակցությունը, ո՞նց կարելի է իրենց հավատալ»,- ասաց Վաչագան Հակոբյանը: Ապա հավելեց. «Մենք հավատում ենք էդ մարդուն, ամբողջ աշխարհի առաջ խոստացավ, որ մեզ կօգնի, բայց Զախարյանը իր մեծ-մեծ սխալները արդարացնելու համար կարող է այնպես մատուցել նրան հարցը, որ մեզ էլի կթողնեն փողոցում, ինչպես մինչեւ հիմա թողել են»: Սեդրակ Բաղդասարյանն էլ նկատեց. «Մենք փաստեր ունենք, որ պարոն քաղաքապետը վարչապետի եւ նախագահի որոշումների մեջ ինքնագլուխ փոփոխություններ է կատարել, դրա համար ոչ միայն չի պատժվել, այլեւ մարսել է: Այսօր նա փորձում է եւս մեկ անգամ վարչապետի հեղինակության հետ խաղալ, մենք դա թույլ չենք տա»: Երեկ մարդիկ եկել էին իրենց նամակի պատասխանը ստանալու: Նրանց հետ կառավարության շենքի մոտ հանդիպեց տարածքային կառավարման վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը: Ըստ ամենայնի, մարդկանց կասկածները, որ առանձին մի քանիսի հարցեր կլուծեն եւ դրանով խնդիրը կփակեն, իրատեսական են, քանի որ Ալեքսանդր Ղազարյանը մեզ ասաց. «Հանձնարարություն է տրվել քաղաքապետարանին, որ առանձին, յուրահատուկ, առանձին հարցերը նայեն, քննարկեն առանձին քաղաքացու հետ»: