Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ էիք երեկ, ինչ եք այսօր

Մայիս 07,2007 00:00

Ինչ էր խոստանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2003-ի ընտրություններից առաջ եւ ինչ՝ այժմ

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ապրիլի 19-ի հանդիպման ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն ասաց. «Բոլորին կոչ եմ անում ուշադրությամբ ուսումնասիրել ոչ միայն բոլոր քաղաքական ուժերի այսօրվա նախընտրական ծրագրերը, այլ նաեւ նախկին ընտրությունների նախընտրական ծրագրերը»: Հետեւելով նրա կոչին՝ առաջին հերթին անդրադառնում ենք հենց ՀՀԿ-ի ներկայիս եւ 2003-ի նախընտրական ծրագրերին:

2007-ի ծրագրում ՀՀԿ-ն հայտարարում է. «Ազնվորեն կատարել ենք այն, ինչ խոստացել ենք»: Իրոք, կան անգամ գերակատարված խոստումներ: Ասենք, 2003-ի ծրագրում խոստացել էին կրթական համակարգի աշխատողների վարձատրության ամենամյա աճ՝ «2007 թվականին ապահովելով ամսական 50-60 հազար դրամ մակարդակը»: Մինչդեռ այժմ ուսուցիչների աշխատավարձը 2003-ի համեմատ աճել է 4 անգամ՝ հասնելով 74 հազար դրամի: Այս տվյալը մեջբերում ենք 2007-ի նախընտրական ծրագրից:

Սակայն բոլորովին այնպես չէ, թե ՀՀԿ-ն իրոք կատարել է այն ամենը, ինչ խոստացել է: Ասենք, 2003-ի ծրագրում, որպես սպասվող արդյունք, նշված է. «Կոռուպցիայի մակարդակի էական նվազում»: Կամ՝ բազմաթիվ են դրույթները, որոնք նույնական են ե՛ւ 2003-ի, ե՛ւ 2007-ի ծրագրերի համար: Սա վկայություն է, որ այդ ոլորտների վերաբերյալ նախկին խոստումները, մեղմ ասած, այդքան էլ մեծ արդյունավետությամբ չի հաջողվել իրականացնել: Դրանցից են, ասենք, 2007-ի ծրագրի «հարկային եւ մաքսային օրենսդրության անվերապահ կիրառում բոլոր հարկատուների նկատմամբ», «կոշտ վերահսկողության սահմանում հարկային պարտավորությունների չկատարման, հակաօրինական գործունեության, ստվերային տնտեսական գործարքների նկատմամբ՝ կիրառելով խիստ պատժամիջոցներ» դրույթները: Այս ամենը 2003-ի ծրագրում տեղ է գտել «Հարկ է ապահովել արդարացի եւ հավասար վերաբերմունք տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ թույլ չտալով խուսափում հարկերի վճարումից» ձեւակերպմամբ: Կամ՝ նախորդ ծրագրում կար հետեւյալ դրույթը. «Առանձնակի կարեւորելով Աղետի գոտին զարգացման գոտու վերածելու հրամայականը, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել այնտեղ նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես խոշոր արդյունաբերության վերականգնման, այնպես էլ փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանման ճանապարհով», իսկ ներկայիս ծրագրում ուղղակի գրված է. «Աղետի գոտում տնտեսության արագ զարգացումը խթանող հստակ ծրագրերի իրագործում»:

ՀՀԿ-ի ե՛ւ 2003-ի, ե՛ւ 2007-ի ծրագրերում նույն կերպ է շարադրված ՀՀԿ դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, եւ մասնավորապես՝ «Պետք է միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պետք է ապահովվի ԼՂՀ բնակչության եւ սահմանների անվտանգությունը: ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է ունենան ընդհանուր սահման»: Սակայն այս անգամ ՀՀԿ-ն նաեւ առաջարկում է այդ մոտեցումների հիման վրա ՀՀ եւ ԼՂՀ դիրքերի ամրապնդման համար «իրականացնել նմանատիպ հակամարտությունների կարգավորման գործընթացների քաղաքագիտական-իրավական համեմատական ուսումնասիրություն», «ստեղծել Ղարաբաղյան խնդրի պատմական, մշակութային, իրավական, քաղաքական ասպեկտներին վերաբերող վերլուծական-տեղեկատվական նյութերի հարուստ հավաքածու օտար լեզուներով»:

Նշենք, որ 2007-ի ծրագրում շատ են բազմազան մարմիններ ստեղծելու վերաբերյալ առաջարկները՝ «Բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ անկախ վերահսկողական մարմնի ձեւավորում», «Առանձին պետական մարմնի ստեղծում՝ գիտության արդյունավետ կառավարման ու զարգացման նպատակով» ու «Սփյուռքի գործերի առանձին պետական մարմնի ստեղծում»:

Զարմանալի է, որ ՀՀԿ-ն իր նոր ծրագրում տվել է խոստումներ, որոնք արդեն իսկ իրականացված են՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորության իրացման ապահովում» կամ «Դատախազության գործունեության սկզբունքների արմատական վերանայում»:

ՀՀԿ-ն էլ է ԱԺԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՄԱԿ-ի պես կարեւորում ժողովրդագրական խնդրի լուծման ծրագրի մշակումը, «3-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդը խրախուսելու եւ կենսապայմանների զգալի բարելավում ապահովող ծրագրերի իրագործում»:

Եվ ամենակարեւորը՝ թեեւ ՀՀԿ խորհրդի անդամ, Սոցապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանն այդքան քննադատեց ՀՅԴ-ին կենսաթոշակների չափը 3 անգամ բարձրացնելու եւ նվազագույն աշխատավարձն ավելացնելու անիրատեսական խոստումների համար, հենց ՀՀԿ-ի ծրագրում էլ առաջիկա 5 տարում ակնկալվող արդյունքների ցուցանիշների շարքում նշված է. «Աշխատավարձերի աճ – 2 անգամ: Կենսաթոշակների, նպաստների աճ – 2,5 անգամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել