Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԴԱՐՁԱՎ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ»

Մայիս 07,2007 00:00

\"\"Նախընտրական խախտումների եւ անօրինականությունների մասին այս կարծիքին է ՀԺԿ վարչության անդամ, ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության անդամ Ֆելիքս Խաչատրյանը:

ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրախախտումներն արդեն իսկ անչափ մեծ ծավալներ են ընդգրկում: Նախ, ընտրատարածքները ձեւավորվել են խախտումներով. այդ մասին պարոն Խաչատրյանը տեղեկացրել է ԿԸՀ նիստում: Ընտրողների թիվը տարբեր ընտրատարածքներում ուղղակի հակասում է օրենքի պահանջներին: Այսպես, թիվ 14-ում ընտրողների թիվը կազմում է 67 հազար մարդ, իսկ թիվ 32 ընտրատարածքում՝ 46 հազար մարդ: Ստացվում է, որ 20 հազար ընտրողի տարբերություն կա այս մեծամասնական ընտրատարածքներում: Այդ խախտումը եղել է հենց առաջին օրվանից: Ըստ օրենքի, տարբերությունների չափը պետք է լինի պլյուս-մինուս 10 տոկոս, բացառիկ դեպքերում՝ մինչեւ 15 տոկոս, բայց այդ դեպքում ԿԸՀ-ն պետք է բացատրություններ տա, թե ինչու է այդպես: Բայց ԿԸՀ-ն այստեղ փոփոխություններ կատարելը համարել է «ոչ նպատակահարմար»: Ընտրողների թվի ընդգծված եւ օրենքից դուրս տարբերություններ են արձանագրվել եւս չորս ընտրատարածքներում, դրանք են՝ թիվ 13-ը, 16-ը, 33-ը եւ 38-ը:

Հաջորդ ընտրախախտումը. «Ընտրական օրենսգրքի» թիվ 46 հոդվածը հնարավորություն է տալիս ստացիոնար բուժում ստացող ՀՀ հիվանդ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին եւ օգտվել ընտրելու սահմանադրական իրավունքից հենց բուժման վայրում՝ հիվանդանոցներում: Սակայն ԿԸՀ-ն ինքն իրեն իրավունք է վերապահել ՀՀ այդ քաղաքացիներին մասամբ զրկել ընտրելու իրավունքից: Այդ մարդիկ հնարավորություն չեն ունենա մասնակցել մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, այսինքն՝ չեն կարող ընտրել իրենց բնակության վայրի պատգամավորին: Մեր հարցին՝ ինչո՞ւ է ԿԸՀ-ն այդպես վարվել, Ֆելիքս Խաչատրյանը պատասխանեց. «Որովհետեւ իրենց համար դժվար կլինի հանել ցուցակները եւ պարզել, թե տվյալ հիվանդանոցում պառկածները ո՞ր ընտրատարածքի ընտրողներ են, ո՞ր մեծամասնական թեկնածուներից պետք է ընտրություն կատարեն: Սա ուղղակի արտառոց իրավիճակ է, երբ մարդուն զրկում են ընտրելու իրավունքից»:

Մեր զրուցակցի կարծիքով, քարոզչական պաստառների, նվիրատվությունների եւ այլ ընտրախախտումների ֆոնի վրա ուղղակի արտառոց դեպք է հետեւյալը: Հայաստանի առաջադիմական կուսակցությունը դուրս եկավ ընտրապայքարից եւ իր դուրս գալու մասին դիմումը ԿԸՀ ներկայացրեց մայիսի 2-ին՝ օրենքով սահմանված վերջին ժամկետում: Բայց մինչ այդ, մի քանի օր շարունակ ՀԱԿ-ը իր բոլոր անվճար գովազդային հոլովակներում հայտարարում էր, որ դուրս է գալիս ընտրապայքարից եւ կոչ է անում իր կուսակիցներին սատարել Հանրապետական կուսակցությանը: Այդ մասին գրել ենք նաեւ մեր թերթի ապրիլի 27-ի համարի առաջին էջում, որտեղ մասնավորապես գրված էր. «Հայաստանի առաջադիմական կուսակցությունը դուրս է գալիս համամասնական մրցավազքից՝ իր բոլոր համախոհներին ու համակիրներին կոչ անելով ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ ՀԱԿ-ի մոտ 7500 անդամների եւ նրանց ընտանիքների անդամների ու համակիրների շուրջ 12.000 ստորագրություններ օրերս կհանձնվեն ՀՀԿ-ի շտաբին»։ Ֆելիքս Խաչատրյանը հարց է տալիս. «Ես խնդրում եմ պարզաբանեն, թե այդ ինչ ստորագրություններ են եւ ինչի համար են տրվել, այսինքն՝ եթե ես ՀԱԿ-ի անդամ կամ համակիր եմ եւ ասում եմ, որ պաշտպանում եմ այսինչ ուժին, ուրեմն իմ ընտանիքի անդամնե՞րն էլ պիտի պաշտպանեն: Ի՞նչ է, քվեաթերթի՞կ ես վաճառում, գո՞ւյք ես վաճառում, ի՞նչ ես անում, ո՞ր օրենքով կամ ի՞նչ բարոյական իրավունքով: Ի դեպ, հատկապես վերջին օրը արդեն հայտարարում եք, որ ստորագրությունների թիվը արդեն հասել է 20 հազարի: Ես հարցը բարձրացրի ԿԸՀ-ում, առաջարկելով, որ ԿԸՀ-ն պահանջի այդ ցուցակները եւ պարզի, թե այդ ինչ ցուցակներ են, որ կուսակցությունից կուսակցություն են փոխանցվում: Իմ առաջարկը հասկանալի պատճառներով չանցավ»: Կատարվածը գնահատելով որպես կոռուպցիայի դասական օրինակ՝ պարոն Խաչատրյանը այսպիսի զուգահեռ անցկացրեց. «Հայտնի է, չէ՞, կան մարդիկ, որ հարցնում են՝ ձեր շենքից քանի՞ մարդ կբերես մեր կուսակցության համար, ասում են՝ այսքան մարդ, դե, ցուցակը բեր, փողը՝ առ»:

Ըստ մեր զրուցակցի, հիմա այս բանը կատարվում է կուսակցական մասշտաբով. «Ես հանձնաժողովի նիստում ասացի, որ սա ամենից շատ վարկաբեկում է Հանրապետական կուսակցությանը, որ ՀՀԿ-ն ի՞նչ է անում այդ ցուցակը՝ վճարո՞ւմ է դրա դիմաց, կամ այս ՀԱԿ-ը, որ կազմել է այդ ցուցակը, վճարե՞լ է դրա դիմաց: Ես կարող եմ ենթադրել, որ վճարել է, եւ հիմա էլ ինքը դուրս է գալիս եւ վերավաճառում է այդ «գույքը» ՀՀԿ-ին: Եվ քանի որ այս կուսակցությունը ժամանակին հայտարարում էր, որ Սաֆարովին սպանելու համար ինքը 125 հազար դոլար կտա, իսկ իր հայտարարագրից երեւում է, որ ինքը փող չունի, ուրեմն՝ մնում է ենթադրել, որ այդ 20 հազար ձայնը 10 դոլարով ծախելու դեպքում այդ գումարը դուրս է գալիս»: Այս ամենի մեջ հետաքրքիրն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի էլ ուզում զբաղվել այս կարգի հարցերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել