«Իմպիչմենտ» դաշինքը, «Նոր ժամանակներ» ու «Հանրապետություն» կուսակցությունները ԿԸՀ-ին էին ներկայացրել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից թույլ տրված օրինախախտումների՝ ընտրակաշառքների եւ բազմաթիվ այլ ընտրախախտումների փաստեր՝ առաջարկելով դատական կարգով նրանց գրանցումը ուժը կորցրած ճանաչել:
Մայիսի 4-ին ՀՀ ԿԸՀ 8 անդամներից 7-ը ու ԿԸՀ-ի իրավաբանը, ըստ «lragir.am»-ի, փորձել էին գտնել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից կատարված օրինախախտումներն արդարացնելու կամ դրանցում օրինախախտում չտեսնելու ձեւերը: Օրինակ, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ասել էր, թե «Ընտրական օրենսգիրքը» անկատար է ու, մասնավորաբար, քարոզչությունը հստակ սահմանված չէ, իսկ ահա դատարանների կողմից նշանակված անդամ Աշոտ Աբովյանը կասկած էր հայտնել, թե՝ գուցե, ԲՀԿ նշանակում է ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, այլ՝ բարեգործական հասարակական կազմակերպություն: Իսկ ԿԸՀ-ում ՄԱԿ ներկայացուցիչ Արտակ Քոչարյանը կասկածում էր, որ բողոքներին կցված թերթի պատճենները կեղծված են ու թերթերը նման բան չեն գրել: Գ. Ազարյանը նաեւ համոզում էր, որ օրենքով բարեգործական կազմակերպությունները իրավունք չունեն քարոզչություն անել, բայց սա չի նշանակում, թե չի կարելի քարոզչության ժամանակ խոսել բարեգործական կազմակերպության արածների մասին, ու երբեք չի ասվել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը պաշտպանում է ԲՀԿ-ին եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին: Իսկ ահա ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը լրագրողներին ասաց, թե դժվար է, օրինակ՝ համայնքին նվիրված մեքենան, բակի ասֆալտապատումը կամ շենքերի մուտքերի նորոգումը որակել ընտրակաշառք: Ամեն դեպքում հավելեց, որ թվարկվածները «ոչ ցանկալի երեւույթներ են, որոնցից պետք է խուսափեն կուսակցությունները»: Նա նաեւ հայտարարեց, թե Արմավիրի քաղաքապետի ընտրությունից առաջ քաղաքին ավտոբուս նվիրած եւ ընտրություններում պարտված ԲՀԿ-ն պետք է հետեւություններ աներ եւ նման բաներ էլ չաներ:
Հիշյալ բողոքների վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում չկայացրեց: Մինչեւ այդ որոշումը կայացնելը հիշեցնենք, որ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» հոդ. 18-ի 7-րդ կետում հստակ սահմանված է, որ «նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին եւ կուսակցություններին արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: