«Հայկական կողմը համաձայնություն է տվել հակամարտության փուլային կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղին սահմանակցող բոլոր յոթ շրջաններից զորքը առաջիկա տարիներին դուրս բերելուն»: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, որն իր հերթին հղում է անում «Թուրանին», երեկ նման սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ռամանի գյուղում մասնակցելով փախստականների ավանի բացմանը: «Ես հրապարակում եմ գաղտնի բանակցությունների բովանդակությունը, քանզի հայկական կողմը փորձում է խեղաթյուրել ընթացող բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը, մասնավորապես, պնդում է, թե կա համաձայնություն ընդամենը հինգ շրջաններն ազատելու վերաբերյալ. դա իրականությանը չի համապատասխանում: Մեզ առաջարկել են այդպիսի տարբերակ, սակայն մենք այն մերժել ենք, եւ հիմա կա համաձայնություն հենց յոթ շրջանների մասին»,- ասել է Իլհամ Ալիեւը՝ հավելելով. «Խորհրդարանական ընտրությունների նախօրեին հայկական կողմն ապատեղեկացնում է հանրությանը, դրա համար էլ ես ստիպված եմ բացահայտել բանակցությունների էությունը»: Ալիեւի խոսքերով, «շրջաններն ազատելու ընթացքում այնտեղ կսկսեն վերադառնալ փախստականները, այդ գործընթացի ավարտից հետո սկսվելու է ադրբեջանական բնակչության վերադարձը բուն Ղարաբաղ»: Ալիեւն ընդգծել է, որ «Հայաստանն ընդունել է այդ տարբերակը»: Ադրբեջանի նախագահն ասել է նաեւ, որ «Հայաստանի եւ ԼՂ-ի ցամաքային կապը կիրականացվի Լաչինի միջանցքով»: Նրա խոսքերով, համաձայնություն կա հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու շուրջ: «Մենք դեմ էինք, սակայն հայերը վախենում են, դրա համար էլ մենք համաձայնեցինք»,- ասել է Ալիեւը՝ նշելով, որ «խաղաղապահների տեղակայման ժամկետը սահմանափակված կլինի»:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Իլհամ Ալիեւը ասել է, որ այն կճշտվի միայն փախստականների վերադարձից հետո եւ պետք է համապատասխանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Միաժամանակ, նա հայտնել է, որ «այդ ինքնավարության աստիճանը կլինի ավելի բարձր, քան այն, որ կար խորհրդային ժամանակաշրջանում»:
«Ով անկախություն է ուզում՝ թող մեկնի Հայաստան»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գաղտնի հորջորջված բանակցային գործընթացի էությունը հրապարակվում է: Ընդ որում, ավելի հաճախ այդ բանն արվում է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ եւ տեղի է ունենում քաղաքական շրջադարձային պահերին: Ալիեւի այս նոր բացահայտումն առավել հետաքրքիր է դիտվում օրերս Վարդան Օսկանյանի հնչեցրած այն հայտարարության ֆոնին, թե «կողմերը երբեք այնքան մոտ չեն եղել ԼՂ հարցի լուծմանը, որքան հիմա»:
Հ. Գ. Ավելի ուշ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հերքել է Ի. Ալիեւի ասածները: