Լրահոս
Օրվա լրահոսը

Մարքսիզմի հետեւորդը

Մայիս 07,2007 00:00

Մարքսիզմի հետեւորդը

\"\"Կարելի էր այս հրապարակումը նաեւ այսպես վերնագրել՝ «Հայաստանի մարքսիստական կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ աստղը»:

Թեեւ մենք ասում ենք Հայաստանի մարքսիստական կուսակցություն՝ հասկանում Դավիթ Հակոբյան, եւ հակառակը, այնուամենայնիվ՝ այդ կուսակցության ցուցակում կան այլ անձինք էլ: Եվ մասնավորապես 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նորիկ Այվազյանը, որն անկուսակցական է: Նա տարիներ առաջ հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, երբ իրավապահներին էր դիմել պատասխանատվության ենթարկելու լրագրող Նիկոլ Փաշինյանին՝ իր մականունը հրապարակելու համար:

Այժմ մեր հարցին՝ ինքը հենց այս կուսակցությա՞ն, թե՞ ընդհանրապես մարքսիստական գաղափարախոսության համակիրն է՝ Նորիկ Այվազյանը պատասխանեց. «Ես ե՛ւ գաղափարախոսության համակիրն եմ, ե՛ւ կուսակցության: Աշխարհի բազում զարգացած երկրներ հենց մարքսիզմի սկզբունքներով ու հիմունքներով են հիմա շարժվում, ասենք՝ Սկանդինավյան երկրները: Նրանք ընթանում են սոցիալիզմի ուղիով, բայց ոչ սովետական սոցիալիզմի, որն աղավաղել էր Լենինը»:

Զարմանալի է նաեւ այն հանգամանքը, որ իրավաբանի լուրջ ու ծանր մասնագիտությունն ունեցողը հայտնվել է, մեղմ ասած՝ խիստ կոլորիտային կերպար ունեցող Դավիթ Հակոբյանի կողքին: «Նախ նա շատ զարգացած մարդ է եւ բազմակողմանի,- գլխավոր մարքսիստին գովեց պրն Այվազյանը:- Նա մեր հասարակության ու կյանքի բոլոր կողմերի վերաբերյալ ունի պատրաստի պատասխաններ: Մեր ընկերությունն ու համագործակցությունը գալիս է նրանից, որ նա չափազանց համեստ մարդ է, եւ որ ոլորտն իրեն այդքան էլ շատ չի հասու՝ հարցնում է: Եվ երբ իրավական հարցերի կապակցությամբ նա ելույթներ է ունենում կամ հարցազրույցներ տալիս, չի քաշվում՝ դիմելու ինձ: Ես նրան օգնում եմ այդ հարցերում»:

Հետաքրքրվեցինք՝ որքա՞ն է գնահատում հնարավորությունը, որ Հայաստանի մարքսիստական կուսակցությունը կարող է հայտնվել խորհրդարանում: ՀՄԿ համամասնական ցուցակում 3-րդ տեղը գրավողն ի պատասխան ասաց. «Դժվարանում եմ ասել: Բայց այնքա՜ն են ժողովրդին բազում գաղափարախոսություններով ու մտքերով կերակրել, որ ժողովուրդը հազիվ թե հիմա կարողանա կողմնորոշվել, թե ում օգտին է ուզում քվեարկել»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել