ԱՊՀ լայնարձակ տարածքներում բացվում է մեծ ընտրական տարեշրջանը։ Առաջին հետխորհրդային երկիրը, որին սպասում են ընտրական հուզումները, կդառնա Հայաստանը։ Այստեղ մայիսի 12-ին տեղի կունենան Ազգային ժողովի ընտրություններ, որոնց կմասնակցեն 24 կուսակցություններ եւ մեկ քաղաքական դաշինք: Այս օրերին երկրի քաղաքական կուսակցությունները ձգտում են ընտրազանգվածին ապացուցել իրենց նախընտրական ծրագրերի գրավչությունը։ Անկախ փորձագետների կարծիքով՝ խորհրդարանում մեծամասնություն ստանալու ամենամեծ հնարավորությունները ունեն իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ համեմատաբար երիտասարդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)։ Ռուսաստանի հարեւան երկրում անցնող ընտրությունները հատուկ հետաքրքրություն են առաջացնում, որովհետեւ ներկայումս Հայաստանը մնում է մեր հուսալի դաշնակիցը Անդրկովկասում:
Արտասահմանյան վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ հայ ժողովրդի գալիք կամարտահայտությունը կլինի ազատ եւ ժողովրդավարական, իսկ արմատական կուսակցությունների՝ 5 տոկոսանոց սահմանագիծը հատելու հնարավորությունները անսահման փոքր են: Մայիսյան իրադարձությունների այսպիսի զարգացման օգտին են խոսում Հայաստանի տնտեսական հաջողությունները: Հայաստանի ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2007 թվականի առաջին եռամսյակում հանրապետության տնտեսական աճը կազմել է 11 տոկոս: Իսկ բնակչության եկամուտներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել են 23,2 տոկոսով: Նախորդ նախագահական ընտրություններից հետո Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ. այսպես է կարծում բրիտանական «Populus» կենտրոնի կողմից «Արմենիա TV»-ի պատվերով անցկացված հարցման ռեսպոնդենտների 45 տոկոսը: Հարցվածների համարյա 25 տոկոսը կարծում է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները, չորս տարի առաջ կայացածի համեմատությամբ, կանցնեն ավելի ազատ եւ արդար:
Տարբեր սոցիոլոգիական հարցումների համաձայն, երկրի քաղաքացիների մեծ մասը արդեն կողմնորոշվել է իր քաղաքական նախապատվություններում։ Ինչպես եւ սպասվում էր՝ նախընտրական մրցավազքի առաջատարներն են կառավարող ՀՀԿ-ն եւ արտախորհրդարանական «Բարգավաճ Հայաստանը»։ Փորձագետները կարծում են, որ սոցիոլոգների տվյալները հիմնականում իրատեսորեն են արտացոլում Հայաստանի քաղաքական ուժերի տեղաբաշխումը:
Հանրապետական կուսակցությունը, որը ստեղծվել է դեռ 1991 թվականին, ունի քաղաքական պայքարի մեծ փորձ եւ օգտվում է ընտրողների շրջանում ժողովրդականությամբ։ ՀՀԿ կուսակցական ցուցակներում հաշվառված է ընդհանուր առմամբ մոտ 65 հազար մարդ: Չնայած դրան՝ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, որը ամենախոշորն է Հայաստանի Ազգային ժողովում, ներկայացված է 39 պատգամավորով: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիսանում է հանրապետության վարչապետը, եւս վեց հանրապետականներ ունեն նախարարական պորտֆելներ:
Նախընտրական մրցության մյուս բացահայտ առաջատարը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, համեմատաբար երիտասարդ խաղացող է հանրապետության քաղաքական դաշտում: Նա իրեն դիրքորոշել է որպես չափավոր կենտրոնամետ քաղաքական ուժ՝ ազատական թեքումով: Նրա շարքերում մի քանի տասնյակ հազար մարդ է հաշվվում, ինչը վկայում է կուսակցական ծրագրի գրավչության եւ հանրապետության բնակչության շրջանում մեծ ժողովրդականության մասին: Կուսակցության նախագահն է պատգամավոր եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Դրանից բացի, նա ղեկավարում է «Multy Group» կոնցեռնը, իսկ երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում, «Forbes» հանդեսի հայկական տարբերակի համաձայն, նա զբաղեցնում է առաջին տեղը: Այնպես որ, վարչական ռեսուրսի բացակայությունը դժվար թե խանգարի «Բարգավաճ Հայաստանին» ՀՀԿ-ին լուրջ մրցակցություն կազմել գալիք խորհրդարանական ընտրություններում՝ առաջնության համար պայքարում:
Իրադարձությունների այսպիսի շրջադարձի օգտին են վկայում նաեւ սոցհարցումների տվյալները: Համենայնդեպս, «Populus»-ը իր հետազոտության մեջ արձանագրել է, որ ռեսպոնդենտների զգալի մասը կարծում է, որ հատկապես այդ կուսակցությունն է ի վիճակի լավագույնս լուծելու գործազրկության հիմնախնդիրը հանրապետությունում: Բացի այդ, ԲՀԿ-ն առաջ է անցել իր բոլոր մրցակիցներից մյուս սոցիալ-տնտեսական ուղղություններով եւս: Ռեսպոնդենտների մեծամասնությունը արտահայտվել է ԲՀԿ-ի օգտին՝ սոցիալական բարեփոխումների անցկացման, ճանապարհների եւ ենթակառուցվածքների շինարարության, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում:
ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի արտաքին-քաղաքական բաժինը ուղղված է բազմաբեւեռ համաշխարհային կենտրոնների հետ համագործակցությանն ու փոխգործակցությանը: Սակայն նախապատվությունը այդուամենայնիվ տրվում է հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արամ Սաֆարյանը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար կլինի ռազմավարական գործընկեր: «Նա Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է, եւ մենք մտադրված ենք ըստ արժանվույն զարգացնել մեր բազմաբնույթ կապերը, այդ թվում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական եւ ռազմական ոլորտներում: Մենք մտադիր ենք զարգացնել մեր համագործակցությունը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ բազմակողմ համագործակցության շրջանակներում. օրինակ՝ ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում»,- ընդգծել է Ա. Սաֆարյանը:
Մեկնաբանելով Թուրքիայի հետ հարաբերությունների բավական նրբազգաց թեման՝ նա նշել է, որ իր կուսակցությունը հանդես է գալիս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման օգտին՝ առանց որեւէ նախապայմանի, եւ նրա հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման:
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին՝ Ա. Սաֆարյանը հայտարարել է՝ «Իրանի Իսլամական Հանրապետությանը մենք վերաբերվում ենք մեծ հարգանքով եւ համարում ենք նրան հեռանկարային տնտեսական գործընկեր: Մեր կուսակցության ծրագրում ներառված են որոշ տնտեսական նախագծեր, որոնք մենք մոտակա 5-10 տարվա ընթացքում մտադիր ենք իրականացնել այդ երկրի հետ համատեղ: Առաջին հերթին դա Իրանը Հայաստանին միացնող երկաթուղու շինարարությունն է, որը կստեղծի մի նոր միջանցք՝ Իրանից Հայաստան, այնուհետեւ՝ Վրաստան, իսկ հետո՝ Աբխազիայի վրայով դեպի Ռուսաստան»: