Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԱՆԻՔՆ Է»

Մայիս 04,2007 00:00

\"\"Ասում է թիվ 27 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված միակ թեկնածուն՝ ԲՀԿ-ական, տնտեսագիտության թեկնածու Մելիք Մանուկյանը:

Հետաքրքրական է, որ Մելիք Մանուկյանի հետ ոչ մի թեկնածու չի առաջադրվել: Դա սովորաբար լինում է երկու պարագայում. կամ վերեւների կողմից պարզապես արգելվում է երկրորդ թեկնածուն եւ ժողովրդին զրկում այլընտրանքի հնարավորությունից, կամ էլ պարզապես մարդիկ տեսնում են գործող պատգամավորի կատարած աշխատանքները եւ բավարար գնահատելով դրանք, ավելորդ են համարում մրցակցել նրա հետ: Թիվ 27 ընտրատարածքի պարագայում գործել է երկրորդ տարբերակը: Պարոն Մանուկյանը հավաստում է, որ միայնակ լինելու հանգամանքը իր համար անակնկալ էր եւ խոստովանում է. «Երբ թեկնածուների գրանցման վերջին օրը, ժամը 6-ին հանձնաժողովից ինձ ասացին, որ մրցակից չունեմ, անկեղծ ասած՝ սկզբում ուրախացա, մտածելով, որ զերծ կմնամ ավելորդ լարումներից, բայց հետո զգացի, որ միայնակ ընտրությունների գնալն այդքան էլ հետաքրքիր չէ: Հետաքրքիրն այն է, երբ պայքարի միջոցով ես ինչ-որ բանի հասնում»: Նախորդ Ազգային ժողովի պատգամավոր լինելով, Մելիք Մանուկյանը գրասենյակի միջոցով մշտապես պահել է կապը ընտրողների հետ: Մարդիկ իրեն դիմել են տարբեր խնդիրներով ու հարցերով, որոնք, որպես կանոն, ստացել են դրական լուծում՝ լինի անձնական միջոցներով, թե պետության հովանավորությամբ: Մելիք Մանուկյանը զգալի աշխատանք է կատարել նաեւ իր ընտրատարածքի գլոբալ խնդիրների լուծման ուղղությամբ: Չնայած թեկնածուն այսօր միայնակ է դուրս եկել ընտրության, բայց հարգելով իր ընտրողներին, հանդիպումներ է անցկացնում նրանց հետ, որոնք անցնում են ջերմ ընդունելությամբ, աղուհացով, երաժշտությամբ: Նա այսօր ներկայանալու խնդիր չունի եւ խոստովանում է, որ ուրախանում է՝ տեսնելով ժողովրդի կողմից գնահատված լինելն ու ջերմ վերաբերմունքը:

Մելիք Մանուկյանի հիմնած «Արմ-Գլաս» ապակե տարաների գործարանը, որի տնօրենն է եղել մինչեւ 2003թ., Հայաստանում արտադրական այդ ոլորտի խոշոր ձեռնարկությունն է, որը բարենպաստ պայմաններ ստեղծեց երկրում այլ արտադրությունների՝ խմիչքի, պահածոյի, հյութերի զարգացման համար:

Թե ո՞րն է համարում մեր երկրի առջեւ դրված հիմնական խնդիրը՝ պարոն Մելիքյանը պատասխանեց. «Միանշանակ՝ սոցիալական խնդիրները: Ես ինձ վատ եմ զգում, երբ օտարազգի դիտորդները ընտրությունների ժամանակ գալիս եւ տեսնում են ընտրակաշառքի երեւույթներ: Ի՞նչ կարծիք կարող են կազմել մեր մասին: Ի վերջո, մենք՝ հայերս, աշխատող եւ ստեղծող ազգ ենք եւ պետք չէ, որ մեր մասին թյուր կարծիք ունենան: Իսկ այդ ամենը գալիս է սոցիալական իրավիճակից, դա էլ իր հիմնավորումն ունի: Այսօրվա սոցիալական բեւեռացումը նախկին հասարակարգի քայքայման հետեւանք է. որոշ մարդիկ շուտ կողմնորոշվեցին եւ գործ ձեռնարկեցին, ոմանք էլ նստած սկսեցին սպասել հին հասարակարգի վերադարձին, հայտնվելով սնանկացման եզրին: Ուստի բեւեռացումը եկավ հենց այդ ժամանակաշրջանից: Ես 1989 թվականից սկսել եմ զբաղվել ձեռներեցությամբ եւ զրոյի վրա ստեղծել եմ ապակյա տարաների գործարան: Լավ ծանոթ եմ երկրի տնտեսությանն ու բիզնեսի հիմնախնդիրներին: Հայաստանի աշխարհագրական դիրքը մեզ համար շատ դժվարություններ է ստեղծում: Մենք ունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի նման հարեւաններ եւ չունենք բաց ճանապարհներ՝ մեր երկրի արտադրանքը արտահանելու համար: Միակ ճանապարհը, որով արտահանում ենք, այնքան ծախսատար է, որ ավելի լավ է չձեռնարկել այդ գործը: Ուստի չենք կարող մեծածավալ արտադրանք դնել, դրա հետեւանքով նվազում է աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը: Այս ամենը հանգեցնում է սոցիալական դժվարությունների, ինչը, կարծում եմ, ժամանակի ընթացքում հնարավոր է որոշակի ուղիներ գտնելով՝ լուծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել