Երեկ այն ԵՊՀ-ում Ս. Սարգսյանին ու Տ. Թորոսյանին պատմեց ECEILAW ծրագրի ղեկավար Յ. Բինդերը:
Երեկ ԵՊՀ-ում բացվեց «Եվրոպական իրավունքի ինտեգրման» կենտրոն՝ «Աջակցություն եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի, Եվրոպական իրավունքի ինտեգրման կենտրոնի հիմնումը ԵՊՀ-ում եւ աջակցություն ԳՀՀ-ին (ECEILAW)» ծրագրի շրջանակներում: Կենտրոնը համագործակցում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հետ՝ զբաղվելով ԵՄ-ի մասին հանրային իրազեկումներով: Արարողությանը ներկա էին ՀՀ-ում եւ Վրաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Պեր Էկլունդը, ECEILAW ծրագրի ղեկավար Յուրգեն Բինդերը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը եւ այլք: Յ. Բինդերը ելույթի ընթացքում հեքիաթ պատմեց, որը հարուստ մի մարդու՝ ԵՄ-ի եւ գեղեցիկ, բայց ոչ այնքան հարուստ մի աղջկա՝ Հայաստանի սիրո մասին էր: Ըստ հեքիաթի սցենարի՝ «Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման» կենտրոնը հերոս զույգի դուստրն է: Յ. Բինդերը ներկայացրեց դրա գործունեության հիմնական ուղղությունները: Նա կենտրոնի բանալու մեկ օրինակը հանձնեց ԵՊՀ ներկայացուցիչներին, իսկ մյուսն իր մոտ պահեց՝ մեջբերելով Լենինի խոսքերը. «Վստահությունը լավ բան է, բայց ավելի լավ բան է՝ հսկողությունը»: ՀՀ վարչապետ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն էլ ելույթի ընթացքում պատասխանեց գերմանացի Յ. Բինդերի խոսքին. «Անպայման պիտի ընդունենք եվրոպական ընտանիքի խաղի կանոնները: Մենք մեզ եվրոպացի ենք համարում, անկախ նրանից՝ եվրոպացիները դա ընդունո՞ւմ են, թե՞ ոչ: Վստահ եմ, որ իրավաբանական ֆակուլտետը մեծ պատասխանատվությամբ կիրականացնի այս ծրագիրը: Այնպես որ, երկու տարի հետո բանալիի երկրորդ օրինակը հաճույքով կհանձնեք մեզ՝ չմոռանալով, որ հոգածություն միշտ անհրաժեշտ է»: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ փաստեց. «Հեքիաթը կարեւոր է, բայց լավ է, երբ այն մոտ է իրականությանը»: Նաեւ ավելացրեց, որ եվրաինտեգրման ճանապարհին շուտով 2 քայլ էլ կանի Հայաստանը՝ Հայկոյի հաղթանակն ու արդար ընտրությունների անցկացումը:
«Եվրոպական իրավունքի ինտեգրման» կենտրոնի բացման արարողությունից հետո ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵՊՀ գիտական խորհրդի ընդլայնված կազմի հետ: Քննարկման ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համալսարանի գիտխորհրդին հուզող հարցեր բարձրացրեց: Առաջինը ԵՊՀ-ի կարգավիճակի խնդիրն էր: Ըստ «Կրթության մասին» օրենքի՝ մայր բուհի համար հատուկ կարգավիճակ է նախատեսվում, որը պիտի որոշի կառավարությունը: Ռեկտորը վարչապետին խնդրեց առիթի դեպքում անդրադառնալ դրան: Մյուս հարցը վերաբերում էր մասնագիտությունների խոշորացման գործընթացին: Ա. Սիմոնյանի հարցերին պատասխանելուց առաջ, Ս. Սարգսյանը հանդես եկավ ներածական խոսքով. «Այստեղ բաց խոսել հնարավոր չի լինի, քանի որ բազում լրագրողներ կան: Նրանք փորձելու են մեր բարի ցանկությունները, չեմ ուզում ասել, ի չարս գործադրել»: Այնուհետեւ Ս. Սարգսյանը կետ առ կետ անդրադարձավ առաջադրված խնդիրներին. «Եթե հայտարարեմ, որ ԵՊՀ կարգավիճակը վաղը չէ մյուս օրը բարձրացնելու եմ, նախընտրական խոստում կդիտեն»: Իսկ մասնագիտությունների խոշորացմանն այսպես է վերաբերվում վարչապետը. «ՀՀ-ում պետական բուհերում պատրաստում ենք 1250-ից ավելի տնտեսագետ, եւ ավելի մեծ քանակով՝ մասնավոր բուհերում: Մեր հանրապետությանը տարեկան այդքան տնտեսագետ պե՞տք է: Մյուս կողմից էլ արդյո՞ք պետպատվերը ճիշտ է ձեւավորվում, թե՝ ոչ: Գուցե մի փոքր սահմանափակենք այն, ու լիարժեք մասնագետնե՞ր պատրաստենք»:
Հ. Գ. Երեկ՝ ԵՊՀ-ի բակում քաշքշուկ էր տեղի ունեցել ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության անդամների եւ որոշ ուսանողների միջեւ ու մի խումբ երիտասարդների տարել էին Կենտրոնի քննչական բաժին: Մեր տեղեկություններով, պատճառն այն էր, որ «Սարգիս Տխրունու» անդամները պատրաստվում էին Սերժ Սարգսյանին որոշ հարցեր ուղղել: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, սակայն, հետեւյալը փոխանցեց. «Քաշքշուկը եղել է կենցաղային հողի վրա եւ Սերժ Սարգսյանի հետ բացարձակ կապ չունի»: Տղաներին շատ արագ ազատ են արձակել: