Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԴԻՄԻ՞ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Մայիս 04,2007 00:00

\"\"Քարոզչական ցուցապաստառին՝ «Կոլումբիայի դրոշը»

Վայոց ձորի առաջին ատյանի դատարանում, Լեւիկ Պողոսյանի նախագահությամբ, նախորդ օրն\"\" ավարտվեց թիվ 39 ընտրատարածքային պատգամավորության թեկնածու, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի դիմումի քննությունը: Նա դատարան դիմելով հայտնել էր, որ նույն տարածքում պատգամավորության թեկնածու գրանցված, Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Սարգսյանը (մարզպետ) խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, իր քարոզչական ցուցապաստառներին պատկերել է ՀՀ պետական դրոշը: Նշենք, որ դրոշն ու զինանշանը պատկերելն օրենքով արգելվում է եւ, ըստ ԸՕ-ի, խախտման մասին կարող են դիմել ընտրատարածքային հանձնաժողովին՝ թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Պատգամավորության թեկնածու Սամվել Սարգսյանի քարոզչական պաստառները սփռվել էին մարզով մեկ. նրա լուսանկարի հետին աջ մասում պատկերվել էր ՀՀ դրոշը:

Տեղեկացնենք, որ նախ ապրիլի 24-ին թիվ 39 ԸԸՀ-ն արտահերթ նիստ էր հրավիրել, ուր քննվել էր Ս. Բագրատյանի դիմումը: Հանձնաժողովը հանգել էր այն հետեւությանը, որ «պատկերվածը դրոշ չէ», հետեւաբար՝ ԸՕ-ի պահանջները չեն խախտվել:

Դատարանում էլ ԸԸՀ ներկայացուցիչը պնդեց, որ պատկերվածը դրոշ չի եղել, քանի որ «գույների մեջ չկա նարնջագույնը»: Ս. Բագրատյանի ներկայացուցիչ Մհեր Դավոյանը պատճառաբանել էր. «Եթե անգամ քարոզչական պաստառի վրա դրոշ է պատկերված, ապա այն հնարավոր է նաեւ այլ երկրների դրոշի նման լինի, Կոլումբիայի…»: Նա հավելեց, որ վիճարկվող ցուցապաստառը երկու օր է (մինչդեռ հակառակ կողմը ասում էր, որ մոտ 15 օր) փակցված մնացել պատերին, թերությունը վերացրել է ինքը եւ որ պատգամավորության թեկնածու Ս. Սարգսյանը տեղյակ չի եղել ոչնչից:

Դատարանը ճանաչելով ՀՀ դրոշը՝ մասնակիորեն բավարարեց դիմումատու թեկնածու Ս. Բագրատյանի պահանջը. անվավեր ճանաչեց թիվ 39 ԸԸՀ ապրիլի 24-ի թիվ 5 արձանագրությամբ ընդունված որոշումը, սակայն Ս. Սարգսյանի թեկնածության գրանցումը չճանաչեց անվավեր: Դատարանը վճռեց անվավեր ճանաչել հանձնաժողովի ապրիլի 24-ի որոշումը, որով մերժվել էր Ս. Բագրատյանի դիմումը, ինչպես նաեւ պարտավորեցրեց թիվ 39 ԸԸՀ-ին դիմելու իրավասու մարմիններին՝ թույլ տված խախտումները վերացնելու համար, սակայն մյուս պահանջը՝ Սամվել Սարգսյանի թեկնածությունն անվավեր ճանաչելու մասին, դատարանը մերժել է, պատճառաբանելով, որ նման պահանջով դատարան կարող է դիմել միայն հանձնաժողովը:

Ըստ դիմումատուի վստահորդ՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանի, դատարանն իր այդ որոշմամբ եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետի մեկնաբանությամբ մի նախադեպ ստեղծեց, որը ոչ միայն չի բխում ՀՀ Սահմանադրության եւ եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության արդյունավետ միջոցի սկզբունքից, այլ նաեւ կարող է չարաշահումների մեծ ալիք բարձրացնել: Այսպես, հանձնաժողովում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի թեկնածուն կարող է թույլ տալ ամեն տեսակի խախտումներ, այդ թվում՝ այնպիսի խախտում, որն օրենքով նրա թեկնածության գրանցումն ուժը կորցնելու հիմք է, ինչպես մեր դեպքում էր: Սակայն եթե հանձնաժողովը մերժում է իր հովանավորյալ, խախտումների հեղինակ թեկնածուի թեկնածությունն ուժը կորցրած ճանաչելու համար դատարան դիմել, ապա այս դեպքում տրամաբանական է եւ Սահմանադրությամբ երաշխավորված, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, ինչը եւ արել է Ս. Բագրատյանը:

Դատարանի նախադեպային որոշումից, սակայն, հետեւում է, որ եթե հանձնաժողովը անգործության է մատնվում եւ չի դիմում դատարան, ապա հանձնաժողովին դիմած թեկնածուն չի կարող նույն պահանջով դիմել դատական պաշտպանության, քանի որ, ըստ վճռի՝ «գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան կարող է դիմել միայն հանձնաժողովը, այլ ոչ թե մյուս պատգամավորության թեկնածուն»:

Դատական պրակտիկայում Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետի նման իմաստով կիրառումն էլ, ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանի, հակասահմանադրական է դարձնում օրենքի այդ դրույթը: Փաստաբան Կարեն Մեժլումյանն «Առավոտին» երեկ ասաց, որ հնարավոր է դիմեն Սահմանադրական դատարան, քանի որ թեկնածուի դատական պաշտպանության իրավունքը ընտրատարածքային հանձնաժողովին (բազմակուսակցական, շահագրգիռ) տալը ինքնին հակասահմանադրական է:

Հ. Գ. Դատական նիստի մասնակիցներին զարմացրել էր, որ ինչ-ինչ նպատակահարմարությունից ելնելով՝ ափաշկարա ուրացան ՀՀ խորհրդանշան դրոշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել