Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդաչուներն անմեղ էին»

Մայիս 04,2007 00:00

\"\"A 320-ի զոհերի հարազատները վթարի համար մեղադրում էին Սոչիի դիսպետչերին եւ «Արմավիային», որն անսարք ինքնաթիռ է ուղարկել չվերթի:

«Որքան էլ ջանացինք, որ երեխաները հեռու մնան աղետի հետեւանքներից եւ չապրեն այն, ինչ մենք՝ մեծերս ապրեցինք դժբախտ պատահարի օրը, միեւնույն է, նրանք էլ մեզ հետ միասին շատ ծանր ապրումներ ունեցան: Աղջիկս՝ Իրինան, անընդհատ ծով գահավիժող ինքնաթիռներ է նկարում ու վրան գրում՝ «պապա»: Իսկ տղաս՝ Էրիկը, որն ավելի փոքր է եւ չի կարողանում վիշտն արտահայտել, սպիտակ գույնի մեքենա տեսնելիս քարանում է՝ ղեկին փնտրելով հորը»,- A 320 ինքնաթիռի վթարից մեկ տարի անց այսպես նկարագրեց իր ընտանիքի հոգեվիճակը Արմինե Քառյանը, որը զոհված 30-ամյա Արամ Մարտիրոսյանի այրին է: Ա. Քառյանի պատմելով, օր օրի երեխաների սթրեսը բարդացավ. «Նրանց ջերմությունը 40 աստիճանից չէր իջնում: Աղջկաս մոտ նյարդային հիստերիա սկսվեց, տղաս անընդհատ ուշաթափվում էր: Բանը հասավ նրան, որ սթրեսից տղայիս տեսողությունը վնասվեց եւ նրա աչքերը վիրահատեցինք»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի մայիսի 3-ին «Արմավիա» ընկերության A 320 օդանավը Սոչի մեկնելիս ընկավ Սեւ ծովը, ինչի հետեւանքով զոհվեց 113 մարդ: Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ)՝ վթարի պատճառների մասին վերջնական եզրակացության համաձայն, մեղավորը օդաչուներն են եղել, որոնք, ըստ ՄԱԿ-ի, այդ օրը հոգնած են եղել եւ չեն կարողացել ինչպես հարկն է ինքնաթիռը կառավարել: Այս եզրակացության հետ ոչ մի կերպ չեն հաշտվում հատկապես զոհված օդաչուների հարազատները: «Առավոտի» հետ զրույցում զոհված օդաչուներից մեկի՝ Գրիգոր Գրիգորյանի կինը՝ Ելենան հավաստիացրեց, որ մայիսի 1-ին եւ 2-ին իր ամուսինը տանն է եղել եւ լավ հանգստացել է. «Նա պրոֆեսիոնալ էր, բազմաթիվ պատվոգրեր ունի, ես չեմ հավատում, որ նա եւ մյուս օդաչուներն են վթարի պատճառը: Գրիգորը չէր կարող այդքան մարդու կյանքը վտանգի ենթարկել»: Գ. Գրիգորյանը 2 անչափահաս որդի ունի:

Մայիսի 3-ի աղետից հետո որբ են մնացել նաեւ Լոռիի Հագվի գյուղի բնակիչ, զոհված Գագիկ Մայիլյանի 3 անչափահասները: Նա Սոչի էր մեկնում՝ աշխատելու: «Վաստակած գումարով «Նիվա» էր ուզում գնել: Նա այդ օրը տնից չէր ուզում դուրս գալ, կարծես կանխազգում էր, մենք զոռով ենք նրան ուղարկել»,- լացակումած պատմում էր զոհվածի կինը՝ Անահիտը:

A 320-ի աղետի օրը արտագնա աշխատանքի նպատակով Սոչի էր մեկնում նաեւ Արմեն Բադալյանը՝ կնոջ՝ Մարինե Գրիգորյանի եւ 3-րդ դասարանում սովորող դստեր՝ Լուսինե Բադալյանի հետ: Նրանց հետ չի մեկնել միայն աղջիկներից մեկը՝ Մանուշակը: Ներկայումս նա տատի խնամակալության տակ է եւ սովորում է 10-րդ դասարանում: Ծնողների՝ Սոչի մեկնելու հիմնական նպատակը եղել է Մանուշակի ուսման համար գումար վաստակելը: Արմենի եւ Մարինեի երազանքը եղել է այն, որ Մանուշակը սովորի ԵՊՀ-ի ռոմանագերմանական ֆակուլտետում: Մանուշակի տատիկի համոզմամբ՝ «A 320-ի վթարի մեղավորը միայն ու միայն Սոչիի օդանավակայանի դիսպետչերն է: Ես բոլոր զոհված օդաչուների կենսագրությանը ծանոթ եմ, նրանք փորձառու են եղել եւ հնարավոր չէ, որ օդանավը չկարողանային ղեկավարել»: ՄԱԿ-ի եզրակացության հետ համաձայն չէ նաեւ զոհված Ալբերտ Ազարյանի կինը՝ Իռենը: Նրա խոսքերով՝ «Ինքնաթիռն անսարք է եղել, եւ այդ է վթարի հիմնական պատճառը»: Զոհվածների հարազատները, որպես փոխհատուցում, ՀՀ կառավարության կողմից ստացել են 1 մլն դրամ, $20000 էլ՝ ապահովագրական «Գրանդ» ընկերության կողմից: Զոհվածների հարազատներն այս փոխհատուցումից գոհ չեն: Իռենի խոսքերով՝ «դրանով իմ ամուսնուն հետ չեն բերի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել