Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԵՔ՝ ՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՔ

Մայիս 04,2007 00:00

ԸՆՏՐԵՔ՝ ՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՔ

\"\"Գեղարքունիքի մարզում կոչ էր անում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը

Մինչ Միավորված աշխատանքային կուսակցության գործիչները մայիսի 2-ին կժամանեին Գավառ՝ քաղաքում արդեն պտտվում էին ՄԱԿ-ի դրոշներով մեքենաներ, իսկ Մշակույթի տան մոտ, որտեղ պիտի անցկացվեր հանդիպումը՝ բարձր հնչում էր այս կուսակցության հիմնը: Շենքի մոտ հերթով կանգնում էին Արծվաքար, Լանջաղբյուր եւ հարակից այլ գյուղերից եկած մարդկանցով ավտոբուսներ, եւ դրա շնորհիվ շատ արագ դահլիճը դարձավ լեփ -լեցուն: «Մենք ՄԱԿ ենք» գլխակապով մի աղջիկ դահլիճում բարձրաձայն հրահանգում էր ՄԱԿ-ի դրոշի գույներով ժապավեններով զարդարուն, կրծքանշաններով ներկաներին. «Արսենյանը որ գա՝ բոլորդ ոտքի կկանգնեք ու կծափահարեք՝ մինչեւ նա տեղավորվի, եւ անընդհատ կգոռաք, որ մենք ՄԱԿ ենք՝ չմոռանաք»:

Կազմակերպական նման բարձր մակարդակը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Գավառի քաղաքապետը ՄԱԿ-ի տարածքային կառույցի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն է, որն ընտրվեց 2 տարի առաջ՝ իր նախորդից՝ հանրապետական Գրիշա Հովեյանից քաղաքը ժառանգելով 50 մլն դրամ պարտքով: Թերեւս անցած ժամանակահատվածի ընթացքում առավել փորձել են այդ վիճակը հաղթահարել, եւ ռեսուրսները չէին բավականացրել, ասենք, Գավառի ուղղակի քարուքանդ փողոցները բարեկարգելու համար: Եվ հանդիպման հենց սկզբում ՄԱԿ-ի նախագահը հայտնեց հավաքվածներին, որ որոշել են 2008-ին նորոգել Գավառ մտնող ճանապարհը: Այս խոստմանը դահլիճն արձագանքեց շատ բուռն ոգեւորությամբ: Ավելի պակաս էնտուզիազմով նրանք լսում էին Գուրգեն Արսենյանի դատողությունները մեր վերագտած պետականության, անցած տարիներին օրենսդիր մարմնում ՄԱԿ-ի իրականացրած գործունեության մասին եւ այլն: Ե՛վ Գավառում, ե՛ւ հետո նաեւ Վարդենիսում պրն Արսենյանը խոսում էր իրենց մի շարք առաջնահերթ ծրագրերի մասին, որոնց թվում էր ծնելիության խթանումը («Երեխա ունենալը պետք է լինի ոչ միայն հաճելի, այլ նաեւ շահավետ») ու կրթության որակի բարձրացումը (մասնավորապես՝ մանկապարտեզից սկսած՝ անգլերեն եւ մեկ այլ օտար լեզվի ուսուցում): «Ձեզ համար դա ողջունելի՞ է,- հարցրեց պրն Արսենյանը եւ արձագանքները գնահատելով՝ ասաց.- Էնտուզիազմը չեմ տեսնում»: Դրանից հետո հնչեցին ծափեր, ոմանք անգամ, թերեւս հիշելով հրահանգը՝ գոռացին. «Մենք ՄԱԿ ենք»: Մեկ էլ այդ բացականչությունը հնչեց այնժամ, երբ Գուրգեն Արսենյանը խոստացավ, թե իրենց ուշադրության կենտրոնում է լինելու Գեղարքունիքը: Սակայն ՄԱԿ-ի ղեկավարի արձագանքն անակնկալ էր՝ նա առաջարկեց գոռալ Հայաստան, եւ այնպես, որ դահլիճը դղրդա. «Դա գիտե՞ք ինչպե՜ս է փոխում մարդուն: 88-ին մենք մի անգամ ազգովին կարողացանք մի բան գոռալ, ինքներս էլ զարմացանք, թե ինչ եղավ հետեւանքը»: Բայց այս դահլիճում նման բացականչություն չստացվեց:

ՄԱԿ-ի ղեկավարի հռչակած առաջնահերթություններից մեկն էլ հետեւյալն էր՝ վերացնել իշխանությունների նկատմամբ անվստահությունը, «որ ժողովուրդը հավատա իր իշխանությանը»: Եվ երբ Վարդենիսում հարցրեց. «Ժողովուրդն այժմ չի հավատում իշխանությանը՝ համաձա՞յն եք», տեղից մի տղամարդ նետեց. «Հա, բա ո՜նց»: Այս հանդիպումների ընթացքում հնչած հարցերն էլ նման հավատի բացակայության մի վկայությունն էին: Գավառցիներից մեկն անգամ չափազանց սուր որակումներ տվեց նախկին ու ներկա նախագահների, ՀՀԿ-ի առանձին գործիչների հասցեին, եւ նրա խոսքերը հավաքվածներն ընդունեցին բուռն ծափահարություններով: Սակայն պրն Արսենյանը դիտողություն արեց. «Չկա երկիր, որի ղեկավարին բոլորը սիրեն ու հարգեն: Բայց եթե սիրում ես երկիրդ՝ պարտավոր ես հարգել երկրիդ ղեկավարին՝ լավը լինի, թե վատը, եւ նրա մասին խոսել հարգալից»: Նրան էլ ծափ տվեցին:

Նկատենք, որ ընդամենը 1 տարի կոալիցիայի մաս կազմող ՄԱԿ-ն իշխանության մասին խոսում էր ավելի մեծ պատասխանատվությամբ, քան 1998-ից սկսած իշխանական անհամեմատ ավելի շատ լծակներ ունեցող ՀՅԴ-ն: Գուրգեն Արսենյանն այս կուսակցության մասին Գավառում հայտարարեց. «Դաշնակցությունը մեր գաղափարախոսական մրցակիցն է»: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա օգտագործել էր «գաղափարական հակառակորդ» բնորոշումը: Այժմ հավելեց. «Մարդիկ ասում են, որ թոշակները 3 անգամ կավելացնեն: Մենք էլ հարց ենք տալիս՝ տեղն ասեք: Է, մենք էլ կարող ենք ասել՝ 4 անգամ»: Եվ հիշեցրեց հին անեկդոտը ծերունու մասին, որի «քաջագործությունների» մասին պարծենկոտությանը հակակշռելու համար հնչում է՝ «դու էլ ասա» խորհուրդը: Վարդենիսում հանդիպումից հետո մի ծերունի բողոքում էր ՄԱԿ ղեկավարին՝ «մեծ մարդ եմ, ի՞նչ ձեւի ապրենք՝ գազին տանք, լույսին տանք, հացին տանք»: ՄԱԿ-ի ղեկավարը հարցրեց՝ «Հիմի, որ դաշնակներն ասել են՝ 3 անգամ ավելացնելու են, հավատո՞ւմ ես»: «Նշանակություն չունի,- պատասխանեց ծերունին:- Էականն էն է, որ գոնե 10 դրամ լինի՝ տամ մի պաչկա «Չիբուխ» առնեմ»: Արսենյանը հիշեցրեց՝ «Ծխելը վնաս է առողջությանը», եւ ծերունին հարցրեց. «Ուտելն է՞լ է վնաս»:

Գավառում ՄԱԿ ղեկավարին գրավոր հարց ուղղեցին, թե ինչպես է վերաբերվում ընտրակաշառքին, անձնագրեր հավաքելուն կամ այն երեւույթին, որ պարտադրում են դառնալ այս կամ այն կուսակցության անդամ: «Ամեն ինչի էլ շատ լավ եմ վերաբերվում,- պատասխանեց պրն Արսենյանը՝ ծիծաղ հարուցելով, եւ պարզաբանեց.- Ո՞նց կարելի է ինչ-որ մեկին ստիպել, որ դառնա կուսակցության անդամ: Չէ՞ որ դա անձնական որոշում է: Եթե մարդը թույլ է տալիս, որ իրեն ինչ-որ բան ստիպեն՝ նա ազատ մարդ չի եւ պրոբլեմ ունի: Թող ինքը մտածի, թե ի՞նչ պրոբլեմ ունի, եւ ինչո՞ւ Աստծո կողմից իրեն տրված կյանքն ու ազատությունը չի հասկանում: Ասում եք՝ անձնագրե՞ր են հավաքում: Է, մի՛ տվեք: Իսկ ընտրակաշառքի նկատմամբ վերաբերմունքս՝ ի՞նչ է, ձեր մոտ բա՞ց քվեարկություն է: Փակ, գաղտնի է քվեարկությունը՝ ի՞նչ կապ ունի, թե ձեզ եկել, ասել են՝ թոշակդ կբարձրացնեմ, կամ ասել են՝ բարեւ ձեզ: Ամեն մեկն ազատ է իր ընտրությունն անելու: Ինչ-որ մեկի համար երգում են՝ գնում-ընտրում է, ինչ-որ մեկին խոսք են տալիս՝ թոշակդ 3 անգամ կբարձրացնեմ, ինչ-որ մեկին էլ՝ ավանդդ կվերադարձնեմ: Իրենց գործն է: Բայց մարդը գնում, քվեարկում է ազատ, ու հիշեք՝ գաղտնի: Գաղտնի քվեարկության դեմ որեւէ մեթոդ, գործիք չկա: Գնացեք եւ ընտրեք նրան, ում ուզում եք»:

Հ. Գ. Մեզ համար ամենազարմանալին այն էր, որ Գավառում գրավոր հետաքրքրվեցին ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության նկատմամբ ՄԱԿ-ի վերաբերմունքի մասին: Իսկ մենք հույս ունեինք, թե որեւէ քյավառցի արձագանքելով ՄԱԿ-ի կարգախոսին՝ «Այն ենք ուզում՝ ինչ ամենքդ», պիտի հարց տար, թե այսինքն նրանք է՞լ են «օրաղ» ուզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել