Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ինքնաբացարկի պատմություն

Մայիս 04,2007 00:00

41 ընտրատարածքում դեմ դիմաց մնացին «Պիվի Հակոբը» եւ գլխավոր մարքսիստը

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ինքնաբացարկ ներկայացրեց թիվ 41 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել էր իր թեկնածությունը՝ պատասխանեց. «Պատճառը քաղաքական է: Մրցակից թեկնածուն՝ Հակոբ Հակոբյանը («Երեւան-գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն.- Ա. Ի.) դուրս եկավ «Օրինաց երկիր» կուսակցությունից եւ աջակցում է ՀՀԿ-ին: Իսկ ես իմ գործունեությունը կշարունակեմ գործադիր իշխանությունում»: Մեր հարցին, թե հատկապես ի՞նչ պաշտոնի է նշանակվելու՝ պրն Մելիքյանը պատասխանեց, թե կասի ընտրություններից հետո: Հաջորդ հարցին, թե գուցե ինքնաբացարկի պատճառն այն էր, որ Հակոբ Հակոբյանի ընտրվելու հնարավորությունն ավելի՞ մեծ էր՝ պատասխանեց. «Ո՛չ, բացարձակապես: Ինքն ընդհանրապես շանս չուներ ընտրվելու»: Ուրեմն՝ ինչպե՞ս կարողացավ նա համաձայնության հասնել ՀՀԿ-ի հետ, որ անմիջապես դուրս գա ՕԵԿ-ից, եւ ՀՀԿ խորհրդի անդամին փոխարինեն իրենով: «Էդ արդեն իրեն հարցրեք»,- ծիծաղեց Մելիքյանը:

ՀՀԿ-ն երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է, թե հաշվի առնելով Գագիկ Մելիքյանի «կազմակերպչական բարձր ունակությունները»՝ նպատակահարմար են գտել, որ նա կուսակցության նախընտրական շտաբում կատարի պետի տեղակալի պարտականությունները: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեզ հայտնեց, թե Գագիկ Մելիքյանը համակարգելու է մարզերի հետ աշխատանքը:

Ի դեպ, դեռ մարտին «Առավոտի» թղթակցի հարցին՝ «Դուք ՕԵԿ անդամ եք: Ինչո՞ւ Ձեր մյուս կուսակից ընկերների նման չլքեցիք կուսակցությունը, որ «փրկեք» Ձեր բիզնեսը եւ ընտրությունների ժամանակ իշխանության աչքը «քաղցր» լիներ Ձեզ վրա» Հակոբ Հակոբյանը պատասխանել էր. «Ովքեր գնացին «Օրինաց երկրից»՝ նրանց բարի ճանապարհ: Ես չեմ քննադատում նրանց, բայց միաժամանակ՝ չեմ ցանկանա, որ որեւէ հայ ընդունակ լինի նման բանի՝ ընկերոջը լքել դժվար պահին… Արթուր Բաղդասարյանի հետ մենք ընկերներ ենք, իսկ ընկերները նեղ իրավիճակում չեն լքում իրար»:

Այժմ Հակոբ Հակոբյանի հետ մրցապայքարը շարունակող Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կատարվածը այսպես բնորոշեց, թե «ՀՀԿ-ն վերբովկա արեց Հակոբյանին, իմանալով, որ Մելիքյան Գագիկն անմրցունակ է քաղաքական դաշտում: Իսկ Հակոբն ամբողջ Շամշադինում, Դիլիջանում եւ Իջեւանում 10 հազարական դրամ է բաժանել»:

Հայաստանի գլխավոր մարքսիստը նաեւ ազդարարեց. «Վիճակը նետվա՛ծ է: Հակամարտող կողմերը վերջնականապես պարզեցված են. մի կողմում՝ Հակոբի հովանավոր՝ հանրապետական խունտայի պարագլուխ Սերժ Սարգսյանը, մյուս կողմում՝ Դավիթ Հակոբյանը, պաշտպանը հայրենյաց: Այստեղ է վճռվում 3-րդ հանրապետության 3-րդ նախագահի ճակատագիրը՝ Դավիթ Հակոբյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել