Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենաներ՝ չեմպիոններին

Մայիս 03,2007 00:00

Ծանրամարտի Եվրոպայի թիմային չեմպիոն հայաստանցի ծանրորդների եւ նրանց մարզիչների մեծարումը Հայաստանում շարունակվում է: Երեկ նրանց ընդունեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց այն փառահեղ պահերի համար, որ նրանք իրենց հաղթանակներով պարգեւել են բոլորիս: Միաժամանակ նշվեց, որ հաղթանակի հետ մեկտեղ դեռեւս անելիքներ շատ կան՝ առջեւում օլիմպիական խաղերն են, իսկ սեպտեմբեր ամսին Թաիլանդում կայանալու է աշխարհի առաջնությունը, որին նույնպես պետք է լրջորեն նախապատրաստվել:Այնուհետեւ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, հավաքականների մարզիչները եւ մարզիկները «Տեսակետ» ակումբում հյուրընկալվեցին լրագրողներին:Իսկ երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում մեր աղջիկների ու տղաների մեծարման երեկո էր կազմակերպել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը վստահություն հայտնեց, որ հանրապետությունում սպորտն աստիճանաբար կվերադարձնի երբեմնի բարի համբավը, մեդալներ կլինեն նաեւ մյուս մարզաձեւերում: Դրա համար հարկավոր է մեծ ցանկություն, համախմբվածություն, կամք, հավատ ու մի փոքր համբերություն: Վերջում ՀԱՕԿ-ի նախագահը Եվրոպայի չեմպիոններ Մելինե Դալուզյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին, կրկնակի չեմպիոն Գեւորգ Դավթյանին ու Եվրոպայի փոխչեմպիոն Արա Խաչատրյանին նվիրեց ՎԱԶ 21015 մակնիշի ավտոմեքենաներ, իսկ հավաքականների ու անձնական մարզիչներին պարգեւատրեց դրամական խոշոր մրցանակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել