Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկաների դիմակայությունը սկսվում է

Մայիս 03,2007 00:00

\"\"Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի միջեւ մրցամարտը:

Դրա նախապատրաստության, կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի հետ:

– Ինչպե՞ս եւ ե՞րբ ծնվեց Արոնյան-Կրամնիկ մրցամարտը կազմակերպելու մտահղացումը:

– ՖԻԴԵ-ն որոշում է ընդունել, ըստ որի աշխարհի գավաթակիրն իրավունք է ստանում շախմատային թագի համար անմիջականորեն ձեռնոց նետել աշխարհի չեմպիոնին: Սակայն այդ որոշումն ուժի մեջ է մտնելու եկող տարվանից: Այսինքն, դա չի տարածվում Արոնյանի վրա: Լեւոնի «բախտը չբերեց» նաեւ այն առումով, որ եթե նա աշխարհի գավաթը նվաճեր նախորդ տարիներին, միանգամից կհռչակվեր աշխարհի չեմպիոն, ինչպես, ասենք, Խալիֆմանը, Անանդը, Կասիմջանովը: Ստացվեց այնպես, որ մեր լավագույն շախմատիստը հաջողության հասավ այս երկու շարքերի միջնահատվածում: Այդ պատճառով գաղափար առաջացավ, այնուամենայնիվ, մրցախաղ կազմակերպել աշխարհի չեմպիոնի եւ գավաթակրի միջեւ, որը լինելով ոչ պաշտոնական, ինչ-որ իմաստով փոխարինում է այդ մրցումներին՝ հիշեցնելով այլ մարզաձեւերում, ինչպես, ասենք, ֆուտբոլում, չեմպիոնի եւ գավաթակրի միջեւ վերնագավաթի համար պայքարը: Արոնյանն ու Կրամնիկը մայիսի 4-6-ը պայքարելու են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի սահմանած մրցանակների համար:

– Ի՞նչ մրցակարգով է ընթանալու մրցախաղը:

– Խաղացվելու է արագ շախմատի կանոններով վեց պարտիա: Յուրաքանչյուրում 25-ական րոպե, գումարած 10-ական վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

– Ինչո՞ւ հատկապես արագ շախմատ, երբ կա դասականը:

– Նախ, շախմատային մրցումների օրակարգն այնքան հագեցած է, որ երկու գրոսմայստերների համար էլ դժվար է ժամանակ գտնել ավելի երկարատեւ մրցախաղի համար: Երկրորդ, հիմա արագ շախմատը շատ ընդունված է ու հաճախ են այդպիսի մրցումներ կազմակերպվում: Անգամ աշխարհի առաջնության պաշտոնական մրցումներում միավորների հավասարության դեպքում պայքարը շարունակվում է արագ շախմատի կանոններով: Այս առումով Կրամնիկի հետ մրցախաղն Արոնյանի համար շատ օգտակար կլինի լրացուցիչ մրցափորձ ձեռք բերելու համար: Ասում եմ լրացուցիչ, քանի որ ե՛ւ Լեւոնը, ե՛ւ Վլադիմիրը հզոր շախմատիստներ են ոչ միայն դասական, այլեւ արագ շախմատում:

– Վլադիմիր Կրամնիկի հետ ովքե՞ր են ժամանելու Հայաստան:

– Վերջին ամիսներին, ֆրանսիական «Ֆիգարո» հանրահայտ թերթի լրագրողուհու հետ ամուսնանալուց հետո, Կրամնիկը մրցումների մեկնում է միայն նրա հետ: Կրամնիկը Հայաստան է ժամանելու Հունգարիայից, որտեղ օրերս նույնպես արագ շախմատի մրցախաղում հաղթեց այդ երկրի լավագույն գրոսմայստերին՝ Պետեր Լեկոյին: Իմ ունեցած տեղեկություններով, Կրամնիկին Երեւանում ուղեկցելու է միայն տիկինը: Բայց, չնայած խիստ զբաղվածությանը, Հայաստան կժամանի ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նա ժամը 17-ին ներկա կլինի մրցախաղի բացման արարողությանը եւ նույն գիշերն էլ կմեկնի Երեւանից:

– Լեւոնը որտե՞ղ եւ ո՞ւմ հետ է նախապատրաստվում խաղին:

– Նա Գաբրիել Սարգսյանի, Արա Մինասյանի եւ Արման Փաշիկյանի հետ մի քանի շաբաթ Ջերմուկում հավաքների էր: Հիմա վերադարձել է Երեւան: Մրցախաղից հետո կգնա Ծաղկաձոր եւ հավակնորդների մրցամարտի նախապատրաստությունն ավարտելուց հետո կմեկնի Էլիստա:

– Մի քանի խոսք մրցախաղի ընթացքի ու դրա լուսաբանման մասին:

– Միանգամից ասեմ, որ մարզասերների համար մուտքն անվճար է: Գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է: Գրոսմայստերները օրական խաղալու են երկու պարտիա՝ ժամացույցները գործի կդրվեն ժամը 18.00-ին եւ 19.45-ին: Խաղերից հետո Արոնյանի եւ Կրամնիկի մասնակցությամբ կազմակերպվելու են ճեպազրույցներ: ԶԼՄ-ների համար կգործի մամուլի կենտրոնը: Խաղատախտակի շուրջ ծավալվող պայքարն «Online» ռեժիմով կցուցադրվի նաեւ ճեմասրահում: «Շախմատային Հայաստան» հանդեսը կթողարկի ամենօրյա հատուկ համարներ: Մրցախաղի առիթով ես հրապարակել եմ մի փոքրիկ գրքույկ, որտեղ ներկայացված են Արոնյանի եւ Կրամնիկի միջեւ մինչեւ այժմ կայացած բոլոր պարտիաները: Հատուկ մրցամարտի առիթով ստեղծվել է ինտերնետային կայք: Ինչպես միշտ, օպերատիվ կգործի «www.armchess.am»-ը: Երեկոյան Հանրային հեռուստատեսությամբ կլինի տվյալ օրվա մրցախաղի կես ժամանոց ամփոփում: Արտասահմանյան լրատվամիջոցներից գալու է «HTV+»-ի շախմատային մեկնաբանը, հետաքրքրություն ցուցաբերել եւ լուսաբանման նախնական հայտ ներկայացրել են արտասահմանյան մի քանի լրատվամիջոցներ:

– Մինչեւ հիմա Կրամնիկն ու Արոնյանը քանի՞ պարտիա են խաղացել եւ առավելությունը ո՞ւմ կողմն է:

– Վեց պարտիա, որից երկուսում հաղթել է Կրամնիկը, չորսն ավարտվել է ոչ-ոքի: Հուսանք, որ այս անգամ տխուր ավանդույթը կխախտվի:

– Մի հարց էլ: Ինչո՞ւ որոշվեց մրցախաղը կազմակերպել հատկապես մայիսի սկզբներին: Դրա մեջ ընտրությունների հետ կապված քաղաքական որեւէ հաշվարկ կա՞:

– Ամենեւին: Ես արդեն ասացի, որ երկու գրոսմայստերների համար էլ մրցումների օրակարգն անչափ հագեցած է: Գործնականորեն շախմատային խոշոր մրցումների օրացույցում ազատ ոչ թե ամիս, այլ օրեր գրեթե չկան: Եթե հետեւենք Արոնյանի վերջին 4-5 ամիսների մրցելույթների շարքին, միմյանց հաջորդել են Միխայիլ Տալի հուշամրցաշարը, Վեյկ-ան-Զեեի, Մորելիա-Լինարեսի, Մոնակոյի մրցաշարերը: Հիմա արդեն Արոնյանը մայիսի երրորդ տասնօրյակում աշխարհի թագի համար Էլիստայում հավակնորդների մրցամարտ է անցկացնելու նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Եթե հաղթի, իսկ բոլորս դրան հավատում ենք, անմիջապես խաղալու է Շիրով-Ադամս զույգի հաղթողի հետ: Այստեղ էլ հաջողության հասնելու դեպքում՝ Լեւոնն աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք կստանա: Դրանց պետք է լրջորեն նախապատրաստվել: Նույնը նաեւ Կրամնիկի պարագայում է: Նա նույնպես վերոնշյալ մրցաշարերի մեծ մասին մասնակցել է, իսկ վերջինը Հունգարիայի լավագույն գրոսմայստեր Պետեր Լեկոյի հետ ավարտել է բառացիորեն մի երկու օր առաջ: Ավելացնեմ նաեւ, որ աշխարհի երկու հզորագույն շախմատիստների միջեւ այս մակարդակի մրցախաղ կազմակերպելը, երկուսի համաձայնությունն ստանալը հեշտ գործ չէ: Այնպես որ, Արոնյանի եւ Կրամնիկի հանդիպումը միայն այս օրերին էր հնարավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել