Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրայինի առաջին ֆիլմը՝ «Մի վախեցիր»

Մայիս 03,2007 00:00

\"\"ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ հայտարարեց, որ մի ֆիլմ էլ կնկարահանեն քաղաքական գովազդների հաշվին:

Երեկ «Արարատ» հյուրանոցում ասուլիս էր հրավիրվել Հանրային հեռուստատեսության «Երեւան» ստուդիայում վերջերս նկարահանված «Մի վախեցիր» գեղարվեստական հեռուստաֆիլմի առիթով, որը հանրայինի եթերում կլինի մայիսի 4-ից: Ֆիլմի նկարահանման աշխատանքների ավարտի մասին լրագրողներին պատմեց Հանրային հեռուստառադիոխորհրդի (ՀՀՌԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանը: 260 րոպեանոց եւ 5 մասից բաղկացած ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է, պրոդյուսերը՝ Հրաչ Քեշիշյանը, իսկ գլխավոր դերերում նկարահանվել են Խորեն Լեւոնյանն ու «Վիցցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանը: Հայկոն էլ գրել է ֆիլմի երաժշտությունը, որը հետագայում «վերաճել» է «Եվրատեսիլում» ներկայացվելիք «Anytime You Need» երգի:

ՀՀՌԽ նախագահն ասաց, որ ֆիլմի բյուջեն կազմում է մոտ $1 մլն: Հ. Քեշիշյանն էլ նշեց, որ «Մի վախեցիր» ֆիլմի նկարահանման աշխատանքներն անցկացվել են Երեւանում ու Ղարաբաղում եւ տեւել 100 օր: Պրոդյուսերը հայտնեց, որ «Մի վախեցիրը» պատրաստվում են ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, եւ արդեն կա նախնական պայմանավորվածություն:

«Մի վախեցիր» ֆիլմը սիրո պատմություն է՝ արցախյան պատերազմի «ֆոնի» վրա: Այն նախկին կուսակցական պաշտոնյայի որդու՝ Արման Արամյանի մասին է, ով շրջապատված է շքեղ մեքենաներով, աղջիկներով, տարված՝ թմրամոլությամբ, ժամանակն էլ անցկացնում է ռեստորաններում: Արմանը, սակայն, անկեղծ սիրում է Մարիին (Լուսինե Թովմասյան). վերջինս միակ լուսավոր կետն է նրա կյանքում: Արմանին մարմնավորած Խ. Լեւոնյանի խոսքերով. «Թող ասածս սխալ չընկալվի, բայց ես ֆիլմում չեմ խաղացել. կարծես ֆիլմի հերոս Արման Արամյանը հենց ես եմ, որ կամ»: Ռեժիսոր Ա. Շահբազյանի ձեւակերպմամբ՝ աննախադեպ երեւույթ է, որ հանրայինը համարձակվել է ֆիլմ արտադրել:

Նրան շարունակելով՝ ՀՀՌԽ նախագահ Ա. Հարությունյանը խոսեց հետագա կինոպլանների մասին. «Հաջորդ բազմասերիանոց ֆիլմը, որը պատրաստվում ենք նկարահանել, լինելու է «Սարդարապատը»՝ բաղկացած 10 մասից: Ընտրություններից առաջ ես խոստացել էի, որ կպատմեմ, թե ինչի վրա են ծախսվելու քաղաքական կուսակցությունների կողմից վճարովի եթերի համար հանրայինին տրված գումարները. դրանք, որ հավանաբար կկազմեն շուրջ 60-70 մլն դրամ, ուղղվելու են հենց «Սարդարապատի» նկարահանման աշխատանքներին: Մենք որոշել ենք առաջին մեծ փորձն անել նաեւ գեղարվեստական ժապավենով ֆիլմ նկարելու ասպարեզում: Դա լինելու է մի ֆրանսահայ պրոդյուսերի աշխատանք (թե ում նկատի ուներ, չմանրամասնեց- Ե. Հ.): Այդ ֆիլմում էլ կնկարահանվեն հանրահայտ դերասաններ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից»: Տեղեկացնենք, որ տպագրվել է նաեւ «Մի վախեցիր» վերնագրով գիրքը՝ կառուցված համանուն հեռուստաֆիլմի սցենարի մոտիվներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել