Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔՍ, ԸՆՏԱՆԻՔՍ,ԸՆԿԵՐՆԵՐՍ

Մայիս 03,2007 00:00

\"\"Մարդուն ճանաչելու եւ լուրջ գործ վստահելու համար պետք է կարողանաս ճիշտ գնահատել նրա հարաբերությունները շրջապատի հետ եւ նրա արժեքային համակարգը, ինչն էլ կարող է երաշխիք հանդիսանալ, թե նա ինչպես կկատարի իր պարտականությունները, ինչպես կօգտվի իր իրավունքներից եւ ինչպես կմոտենա իրեն վստահված գործին:

Թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Հրանտ Մադաթյանին ճանաչողները նրան բնորոշում են որպես սկզբունքային, հայրենիքին, ընտանիքին եւ ընկերներին նվիրված մարդ: Ունենալով բոլոր հնարավորությունները՝ ապրելու մայրաքաղաքի էլիտար շենքերից մեկում, Հրանտ Մադաթյանը չի լքում իր ծննդավայրը՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղը, որի մասին հպարտությամբ է խոսում: «Ծովագյուղը շատ եմ սիրում, հպարտանում եմ նրանով: Այստեղ ապրելը ինձ համար հեշտ է, մարդիկ պարզ են ու մաքուր, պատվախնդիր, հյուրասեր, նվիրվող: Ես ծնվել եմ բանվորի ընտանիքում եւ փոքր հասակից սկսել եմ աշխատել ծնողներիցս թաքուն, որպեսզի կարողանամ իմ դպրոցական պարագաներն ու հագուստս իմ աշխատանքով գնել: Իմ աշխատանքի շնորհիվ այսօր ստեղծել եմ՝ ինչ կարողացել եմ եւ հնարավորություններս շատ բան են թույլ տալիս, բայց ես ուր էլ որ գնամ, ինչի էլ որ հասնեմ, ինձ համար կարեւորը իմ ծննդավայրն ու իմ հայրենիքն է: Մեր ժողովուրդը արժանի է լավ ապրելու եւ այսօր ցավում եմ, որ հայ տղամարդիկ իրենց աշխատանքը գտնում են դրսում, որ գյուղերը դատարկվում են եւ հատկապես՝ սահմանները: Պետք է երկրում ստեղծվեն բարենպաստ պայմաններ, նրանց հետ բերել, որ մարդիկ իրենց տանը արժանապատիվ ձեւով ապրեն: Ինձ համար ցավալի է Ճամբարակի շրջանի ծանր իրավիճակը: Այսպես մենք կարող ենք մաս-մաս դատարկելով հայրենիքը՝ թուլացնել սահմանները»:

Հրանտ Մադաթյանը կյանքում իր ունեցած հաջողությունները կապում է ծնողների եւ ընտանիքի հետ եւ նշում, որ ծնողների դաստիարակության արդյունքում է ինքը կարողացել կայանալ եւ ճիշտ հարաբերություններ ստեղծել շրջապատի ու ընկերների հետ եւ իր համար ընկերությունն ու մարդկային ճիշտ հարաբերությունները կենսակերպի բաղկացուցիչ մասն են: Հ. Մադաթյանն ունի 5 երեխա, որոնցով հպարտանում է եւ այդքանով սահմանափակվելու մտադրություն չունի: Հարցին, թե որո՞նք են խորհրդարանում իր առաջիկա ծրագրերն ու անելիքները, մասնագիտությամբ գյուղատնտես Հ. Մադաթյանը պատասխանեց. «Անհրաժեշտ է ապահովել այնպիսի տնտեսական աճ, որը թույլ կտա հնարավորինս մեծացնել բնակչության զբաղվածությունը, նոր աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձի բարձրացումը: Պետք է կարեւոր ուշադրություն դարձնել կադրային քաղաքականությանը բոլոր ոլորտներում, իսկ դրա հիմքերը պետք է դրվեն բուհերում: Երկրի ճիշտ կառուցումը գալիս է բուհերից, որակյալ կադրեր պատրաստելուց, որպեսզի յուրաքանչյուր ոլորտ ապահովված լինի կարող ուժերով եւ ունենա զարգացման հնարավորություն»: Թեկնածուն մեծ ծրագրեր ունի թիվ 23 ընտրատարածքի հիմնախնդիրների հետ կապված եւ այդ առումով ասում է. «Պետք է զարգացման նախապայմաններ ստեղծել ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում: Գյուղացիական տնտեսությունների համար պետք է մատչելի դարձնել վարկային ռեսուրսները, պետությունը պետք է երաշխավորի գյուղատնտեսական մթերքների իրացման ապահովումը՝ ապահովագրական համակարգի կիրառմամբ: Շատ համայնքային ճանապարհներ հրատապ բարելավման կարիք ունեն եւ դա պետք է իրականացվի համայնքային ֆինանսական հնարավորությունների մեծացմամբ: Այսօր մեր երկրի համար կարեւոր է փոքր ու միջին բիզնեսի զարգացումը: Պետք է Սեւան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, ներդրումային դաշտի ստեղծման ճանապարհով, հնարավորություն տալ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծմանը: Հատուկ ուշադրության է արժանի Սեւանա լճի էկոհամակարգի հիմնախնդիրների լուծումը: Հաշվի առնելով լճի բնակլիմայական բարենպաստ պայմանները, այն պետք է դարձնել տուրիզմի մեծ գոտի եւ այնտեղ զարգացնել ամառային եւ ձմեռային հանգստի հնարավորությունները:

Նախընտրական իրավիճակը թիվ 23-ում Հրանտ Մադաթյանը համարում է հանգիստ եւ հարգանքով է խոսում իր մրցակցի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել