Լրահոս
Օրվա լրահոսը

Խուժան են եւ՝ վերջ

Մայիս 03,2007 00:00

\"\"«Ա1+»-ի փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ իշխանություններին կոչել է «խուժան»

Պատճառն այն էր, որ Սիսիանում քիչ էր մնացել տապալվեր ՀԺԿ-ականների՝ նախօրոք հայտարարված հանդիպումը ընտրողների հետ: Հանդիպումը նախատեսված էր քաղաքի «Որոտան» կինոթատրոնի մերձակա հրապարակում՝ ժամը 15-ին: Երբ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը եւ մյուսները ժամանել են հանդիպման վայր, պարզվել է, որ անհնար է միացնել բարձրախոսները, քանի որ հոսանքն անջատված էր: ՀԺԿ-ականները փորձել են «օգտվել» հրապարակի մերձակա շենքի էլեկտրականությունից, բայց պարզվել է, որ «ռուբիլնիկն անջատված էր»: Սակայն հրապարակ եկած մոտ 400 ընտրողների հետ հանդիպումը կայացել է, քանի որ գործի են դրվել ՀԺԿ-ականների ավտոմեքենաների մարտկոցները: Ստեփան Դեմիրճյանն իր խոսքում ասել է, որ այսպիսի դրսեւորումներով իշխանությունները հերթական անգամ ցույց են տալիս իրենց իրական դեմքը. «Սա պարզապես խուժանություն է, եւ այսպիսի խուժան, անօրինական իշխանությունները ժողովրդի աջակցությամբ պետք է հեռացվեն»: Նկատի ունենալով, որ սա երկրորդ փորձն է հոսանքազրկմամբ տապալելու ՀԺԿ հանդիպումը (մեկ անգամ դա արդեն եղել էր՝ Մարտունիում), ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը կուսակցության անունից դիմել է «Հայաստանի էլցանցերի» տնօրեն Եվգենի Գլադունչիկին՝ հրավիրելով նրա ուշադրությունը փաստին, որ «կամ ինքը չի կատարում իր խոստումը, կամ էլ իր գլխավորած ձեռնարկության աշխատակիցները պարզապես չեն ենթարկվում իրեն եւ կատարում են տեղական իշխանությունների հրամանները»: Մարտունիի դեպքից հետո պարոն Գլադունչիկը, ըստ ՀԺԿ ներկայացուցչի՝ «խոստացել էր ամեն ինչ անել, որ չկրկնվեն այդ դեպքերը»:

Հ. Գ. Ավելի ուշ տեղեկացանք, որ ՀԺԿ-ի հանդիպման հոսանքազրկումը խիստ զայրացրել էր Ստեփան Դեմիրճյանին, եւ նա բավականին բուռն ելույթ է ունեցել՝ քննադատելով իշխանություններին։ Ըստ էության, փորձելով խոչընդոտել ՀԺԿ-ի հանդիպումը ընտրողների հետ, տեղական իշխանիկները իրականում «նպաստել են», որ շատ ավելի մեծ բազմություն հավաքվի, քանի որ ականատեսների վկայությամբ՝ զայրացած Ստեփան Դեմիրճյանը շատ է դուր եկել սիսիանցիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել