Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ԿՆՈՋԸ ԾԵԾԵԼ ԵՆ

Մայիս 03,2007 00:00

\"\"Արվեստանոցի տարածքի համար վիճեցին

Աշխատավորների համերաշխության, ինչպես նաեւ դրան նախորդած տոնական օրերը Հանրապետական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքում դիմավորեց քանդակագործ Վաչագան Տիգրանի Մանսուրյանի կինը՝ տիկին Կարինեն: «Առավոտը» ապրիլի 29-ին քանդակագործի արվեստանոցի տարածքի հետ կապված նկարահանումներ էր կատարել Կենտրոն համայնքի Կիլիկիա 1-ին փողոցի 23 տանը կից հողատարածքում: Այդ 206 քմ մակերեսով հողատարածքը 19 եւ ավելի տարիներ տնօրինել է քանդակագործը, որը հողամասը մաքրել է աղբից, կառուցել է հուշաղբյուր, տնկել է ծառեր եւ կատարել շինարարական աշխատանքներ: Նկարելու պահին հուշաղբյուրը մենք հայտնաբերեցինք ջարդված եւ տեղեկացանք, որ քաղաքապետարանը տարածքը պատրաստում է աճուրդի հանել:

Արդեն մեկ անգամ կասեցվել էր աճուրդը, քանի որ քանդակագործը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Ճանաչված արվեստագետը դատարան էր ներկայացրել Նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր Կարեն Աղամյանի նամակը, որը Կենտրոնի թաղապետից խնդրել էր «տնամերձ ոչ մեծ տարածքը տրամադրել քանդակագործին, որպեսզի նա հնարավորություն ունենա ստեղծագործել»: Նկարիչների միության նախագահը հավելել էր, որ Մանսուրյանը հայտնի է Սուրբ Սարգիս, Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցիների զանգակատների եւ կամարակապ պատերի կառուցմամբ, նա առանց փոխհատուցման բազմաթիվ քանդակներ է նվիրել Երեւանին: Հայաստանի ժողթանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը նույնպես դիմել էր քաղաքային իշխանություններին՝ սատար կանգնել արվեստագետին, որը 19 տարի օգտագործում է վերոնշյալ տարածքը: Նշենք, որ Վաչագան Մանսուրյանը չի ունեցել եւ չունի արվեստանոց: Նրա պաշտոնական փաստաթղթերում առկա էր նաեւ Կենտրոնի թաղապետի համաձայնությունը՝ տարածքն անհատույց տրամադրել քանդակագործին: Տարածքի հարցը ներկայումս գտնվում է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում: Սակայն հայտնվում է Բաղդասար Խալաթյան անուն-ազգանունով մեկը եւ ասում, որ տարածքն իրենն է:

Տոնական, ոչ աշխատանքային այս օրերին վերջինս սկսեց շինարարություն իրականացնել վիճելի տարածքում: Քանդակագործի կինը երբ հանդիմանում է նրան, թե տարածքն իրենցն է, հետեւում է վեճը, քաշքշուկը: 10-ից ավելի տղամարդկանց ներկայությամբ Խալաթյանը հարվածում է կնոջը, որի մարմնին կային բազմաթիվ կապտուկներ, իսկ գլխին հասցված հարվածներից էլ ստացել էր ուղեղի ցնցում: Տիկին Կարինեն երբ զանգում է թաղի ոստիկանին, վերջինս հարցնում է, թե տուժողը ինչ կուսակցության է պատկանում (՞): Անկուսակցական կնոջ տագնապները մնում են օդում կախված: Նա ահազանգում է Մալաթիայի ոստիկանության բաժին, ուր ասում են, որ հայտարարության համար պետք է անձամբ ներկայանա: Ուշագրավ է, որ տարածքը Կենտրոն համայնքինն է, ոստիկանները՝ Մալաթիայինը: Վ. Մանսուրյանը հայտարարություն է տալիս: Նրան տրվում է նաեւ դատաբժշկի ուղեգիր: Մալաթիայի ոստիկանության հերթապահ պրն Թամամյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք եղել են վիճելի տարածքում եւ գրություն են ուղարկել թաղապետարան: Իսկ ստորագրություն չեն վերցնում՝ շինարարություն չիրականացնելու համար, ասելով, թե իրավազոր չեն:

Վաչագան Մանսուրյանը դիմել է ՀՀ նախագահին. «Համոզված եմ, որ դեռ կա արդարություն, եւ իմ արժանիքների համար կհատկացվի արվեստանոց: Անվարձահատույց: Մինչ օրս չեմ ցանկացել անօրեն շինարարություն իրականացնել: Այս հարցը չլուծվելու դեպքում մնում է դիմել որեւէ դեսպանատուն կամ բռնել գաղթի ճանապարհը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել