Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն՝ ընդդեմ ՀՅԴ-ի

Մայիս 03,2007 00:00

Խաչիկյանը ՀՅԴ-ին խորհուրդ է տալիս անիրատեսական խոստումներ չտալ

«Դուք արդեն ենթադրում եք, որ իշխանությունը ձե՞րն է լինելու»,- երեկ «Ուրբաթ» ակումբում նման հարց ուղղեց ՀՅԴ անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը ՀՀԿ խորհրդի անդամ, Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանին: Սրան ի պատասխան՝ պրն Խաչիկյանն ասաց. «Բոլոր սոցիոլոգիական հարցումներով պարզվել է, որ առաջատարը մեր կուսակցությունն է: Կարծում եմ, որ կկազմենք ապագա խորհրդարանի առնվազն 1/3-ը»: Ա. Մինասյանն ու Վ. Խաչիկյանը բանավիճեցին իրենց կուսակցական ծրագրերի շուրջ: Վ. Խաչիկյանն Ա. Մինասյանից հետաքրքրվեց, թե Դաշնակցության ծրագրում կա՞ այնպիսի կետ, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոստացել են ու չեն կատարել:

«Երկու հիմնական կետ չի իրականացվել: Մենք խոստացել էինք հարկային մուտքերը 25%-ով ավելացնել, սակայն դա մեզ չհաջողվեց, քանի որ խորհրդարանում մեծամասնություն չէինք: Երկրորդը՝ ստվերային տնտեսության կրճատումն էր, որը մենք որպես թիրախ չէինք դիտարկել: Այս անգամ դիտարկում ենք եւ համոզված ենք, որ կկարողանանք մեր գործը շարունակել»,- ասաց պրն Մինասյանը: Ըստ Խաչիկյանի՝ «Հանրապետական կուսակցությունը չի տվել եւ չի տալիս որեւէ անիրատեսական խոստումներ»:

ՀՅԴ ներկայացուցիչը համոզված էր, որ պետք է պետականորեն խրախուսվի ծնելիությունը. «Բնակչության թիվը 2010-ին պետք է հասցվի 4 միլիոնի»: Վ. Խաչիկյանն էլ նշեց, որ բնակչության այդքան աճ ապահովելու համար յուրաքանչյուր «ակտիվ վերարտադրողականության տարիքի կին տարին առնվազն 1 երեխա պետք է ունենա»: Պարոն Մինասյանի խոսքերով, պետությունը 3-րդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին պարտավոր է տալ 2 միլիոն դրամ, 4-րդն ունենալու դեպքում՝ 2,5 միլիոն դրամ, 5-րդի դեպքում՝ ապահովել բնակարանով: Նա ասաց նաեւ, որ թոշակառուների համար պետությունը պետք է արժանապատիվ կենսամակարդակ ապահովի՝ նվազագույն կենսաթոշակը հասցնելով 30 հազար դրամի, իսկ միջինը՝ 50 հազարի. «Մեզ ոչինչ չի խանգարում, որ նվազագույն աշխատավարձը դարձնենք 50 հազար դրամ: Սրանով ծանրաբեռնվածությունը պետբյուջեի վրա 11-12 միլիարդ դրամ է կազմում»: Վազգեն Խաչիկյանն էլ ասաց, որ այդ ամենը հնարավոր չէ իրականացնել. «Դրան հասնելու համար մենք պիտի ամեն տարի 30%-ով տնտեսական աճ ապահովենք: Աշխատավարձերի բարձրացումը նաեւ բացասական հետեւանքներ է ունենում՝ կրճատվում են որոշ աշխատատեղեր: Մեր ծրագրով նախատեսված է կենսաթոշակները բարձրացնել 2,5 անգամ, սակայն դա կլինի մինչեւ 2012թ., այսինքն՝ միջին կենսաթոշակը 33 հազար դրամ կկազմի: Արդեն հաջորդ տարվանից այն կավելանա 80%-ով, բայց այս բարձրացման հետ միասին հաշվի չենք առել գնաճը, հնարավոր է թոշակների բարձրացումն ամենեւին էլ չազդի մարդկանց գնողունակության վրա: Թոշակները մենք բարձրացնում ենք 2 ուղղությամբ՝ նոր աշխատատեղերի ստեղծումով, ինչպես նաեւ թաքնված զբաղվածությունը իրական հարկման դաշտ բերելով, 2-րդ ուղղությունն էլ՝ տնտեսական աճով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել