Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ ՁԱՅՆԸ ՏՎԵՔ ՀՅԴ-ԻՆ»

Մայիս 03,2007 00:00

\"\"Հրամայեց պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը

Էջմիածնի մշակույթի պալատում հավաքվածները ակնհայտորեն ամեն ինչ գիտեին Դաշնակցության մասին, քանի որ մինչ հանդիպման սկիզբը մարդիկ երգում էին բոլոր դաշնակցական երգերը, որոնց ձայնագրությունները հնչում էին դահլիճում, իսկ երբ հերթը հասավ «Մեր հին ընկերը Դաշնակցությունն է» նախընտրական օրհներգին, դահլիճը կարծես «գժվեց»՝ դաշնակցական դրոշները եւ եռագույնները ուղղակի հեղեղել էին ամբողջ մթնոլորտը, բոլորը հոտնկայս երգում էին, ծափահարում, ուրախությունը եւ հրճվանքն այնքան բուռն էր, որ թվում էր, թե Դաշնակցությունն արդեն «փաթեթով» վերցրել է իշխանությունը: Ակնհայտ էր, որ դահլիճում հավաքվածները հենց այն «կայուն ընտրազանգվածն» էր, որի մասին դաշնակցականները առիթը բաց չեն թողնում հպարտությամբ խոսելու:

Դաշնակցության Էջմիածնի կառույցի ղեկավարը ներկայացնելով հյուրերին՝ Լեւոն Մկրտչյանին, Արթուր Աղաբեկյանին եւ Արծվիկ Մինասյանին, ասաց. «Այսօր մեր հյուրն են սովորական մարդիկ, ոչ թե փրկիչներ՝ պոպուլիստական թվերով, այլ մեր հյուրն են հասարակ մարդիկ, քաղաքական գործիչներ ՀՅԴ-ից»: Եվ այդ «հասարակ» մարդիկ հավաքվածներին բացատրեցին, որ հարկավոր է մայիսի 12-ին գնալ ընտրությունների եւ ձայն տալ Դաշնակցությանը:

Լեւոն Մկրտչյանը ասաց, որ Դաշնակցության հենարանը ժողովուրդն է. «Դաշնակցությունն այն ընկերն է, որը քայլել է իր ժողովրդի հետ, քայլել է հարյուրամյակից ավելի եւ շարունակելու է քայլել: Դաշնակցությունը նաեւ ապագայի կուսակցություն է, Դաշնակցությունը այն քաղաքական ուժն է, որը իր ներկայությամբ, քաղաքական դաշտում իր գոյությամբ երաշխավոր է մի քանի կարեւոր սկզբունքային հարցերի: Դաշնակցության ազդեցիկ ներկայությունը հայ քաղաքական դաշտում երաշխիք է, որ մեր ազգային գաղափարը, մեր ազգային մեծ երազը՝ ազատ, անկախ, միացյալ Հայաստանի երազը ինչ-որ մի ժամանակ պիտի իրականացվի»: Ասաց նաեւ, որ այսօրվա հայոց պետությունը «ունի իր մեջ բոլոր հնարավորությունները՝ դեմքով շրջվելու դեպի ժողովուրդը եւ հոգալու մեր քաղաքացիների հոգսերն ու կարիքները»: Լեւոն Մկրտչյանը Էջմիածնում հայտարարեց նաեւ, որ Դաշնակցությունը չի եկել ընտրողներից ձայն գնելու, այլ եկել է այդ ձայնը խնդրելու։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Վախի մթնոլորտ եւ վախի հասարակություն չենք ուզում, որ լինի Հայաստանում: Մենք ուզում ենք Հայաստանում լինի վստահության հասարակություն, ուզում ենք, որ յուրաքանչյուր երիտասարդ բանակ գնալիս վստահաբար իմանա, որ ինքը գնում է բանակ եւ այնտեղից վերադառնալու է որպես առողջ տղամարդ եւ ոչ թե հիվանդագին երեւակայություններով տառապող: Մենք ուզում ենք սոցիալական պաշտպանվածության այնպիսի համակարգ ունենալ, որտեղ յուրաքանչյուր մարդ զգա, որ պետությունը իր թիկունքին կանգնած է»: Նրանց, ովքեր նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի եւ նպաստների բարձրացման մասին ՀՅԴ տարածած թվերը իրատեսական չեն համարում, Արծվիկ Մինասյանը այսպես հակադարձեց. «Բոլորն էլ արդեն հասկացել են, որ Դաշնակցության առաջարկությունները շատ լավ էլ իրատեսական են եւ ոչ միայն իրատեսական են, այլեւ՝ իրագործելի: Նրանք, ովքեր դեմ են Դաշնակցության առաջարկությանը, ովքեր դեմ են ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ մարդը հպարտորեն կկրի ՀՀ քաղաքացու անունը, նրանք մեր երկրի հակառակորդներն են, մենք նրանց «ոչ» պետք է ասենք»:

Էջմիածինցիներին իր գեներալական ելույթով հատկապես տպավորեց պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: իսկ ասածը հետեւյալն էր. «Ես տեսնում եմ, որ Արմավիրի մարզը գնալու է ընտրության եւ «այո» է ասելու Հայ հեղափոխական դաշնակցությանը»: Այս խոսքերից հետո դահլիճը երկար ժամանակ չէր հանդարտվում եւ «այո՜, այո» էր բղավում: Արթուր Աղաբեկյանը շարունակեց. «Շատ էջմիածինցիներ եւ հարակից գյուղերի բնակիչներ մեծ մասնակցություն են ունեցել արցախյան ազատագրական շարժմանը, շատ էջմիածինցիներ իրենց կյանքն են տվել հանուն մեր հաղթանակի, հանուն մեր պայքարի: Որպեսզի Արցախում ունենանք վերջնական հաղթանակ, պետք է որ Հայ հեղափոխական դաշնակցությունը լինի իշխանություն, եւ Էջմիածինն այստեղ կարեւոր ձայն ունի ասելու»: Վստահեցրեց. «Դաշնակցությունը վճռական է տրամադրված, եւ մայիսի 12-ից օրեր հետո դուք կհպարտանաք, որ ձեր ձայնը տվել եք ՀՅԴ-ին, եւ բոլորս տարիներ հետո կհպարտանանք մեր ձեռքբերումներով, ձեռքբերումներ, որ Դաշնակցությունը կյանքի կկոչի ձեր աջակցությամբ, եւ ուրեմն՝ կեցցե Հայ հեղափոխական դաշնակցությունը»: Եվ վերջում, օգտվելով գեներալական իրավունքից, հրամայեց. «Հիմա հրամայում եմ՝ ձեր ձայնը տվեք Հայ հեղափոխական դաշնակցությանը»: Դահլիճն առանց չափազանցության ուղղակի գոռում էր՝ «ուռռա՜, ուռռա՜, Դաշ-նակ-ցու-թյուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել