Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախպերության» դեմ ելույթների համար

Մայիս 03,2007 00:00

Մայիսի 1-ին թիվ 31 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ՀԺԿ անդամ Լարիսա Փարեմուզյանը իր կողմնակիցների հետ բարձրախոսով հայտարարություն էր անում մայիսի 2-ին Գուգարք գյուղի բնակիչների հետ իր հանդիպման մասին: Այդ պահին Լարիսա Փարեմուզյանի մեքենայի առջեւը փակել է 08 ՕԼ 535 համարանիշով սեւ BMW-ն, որից դուրս են եկել 3 հարբած տղամարդ եւ պատգամավորության թեկնածուից պահանջել են գյուղ չմտնել եւ հեռանալ ձորի ճանապարհով: Այդ տեղեկությունը «Առավոտին» տրամադրեց ինքը՝ տիկին Փարեմուզյանը, եւ ավելացրեց. «Ես դուրս եկա մեքենայից եւ ասացի, որ ԱԺ պատգամավորության թեկնածու եմ եւ իրենք իրավունք չունեն իմ քարոզչությունը խանգարել: Հարբածներից մեկը, հետագայում ոստիկանությունում պարզվեց՝ Վահե Միկիչյանը, ինձ ասաց, որ ես իրեն դուր չեմ գալիս իմ ելույթներով, որովհետեւ «ախպերության» դեմ ելույթներ եմ ունենում: Ես նրան պատասխանեցի, որ այդ «ախպերությունը» կարող է իմ ելույթներին պատասխանել, ինքը ինչո՞ւ է խառնվում: Այնուհետեւ մյուսը, որ գեր տղա էր, հետո պարզվեց՝ Վարդգես Միկիչյանը, ինձ ասաց, որ հենց հիմա պետք է թողնեմ գյուղը, որովհետեւ «սա մեր զոնան» է: Այնուհետեւ ասաց, որ իր մայրը ալավերդցի է եւ ինձ հրավիրեց սուրճ խմելու: Ես հրաժարվեցի։ Այդ ընթացքում BMW-ի դուռը բաց էր, եւ այդ գեր տղան սկսեց իմ ձեռքերից քաշքշելով ինձ հրել դեպի իրենց ավտոմեքենան, պարտադրելով, որ նստեմ: Ես մի կերպ դուրս փախա նրա ձեռքից, նստեցի իմ ավտոմեքենան, եւ մենք արագությամբ դուրս եկանք Գուգարքից՝ ուղղություն վերցնելով դեպի Վանաձորի Ազգային անվտանգության ծառայության շենքը: Նրանք կրնկակոխ հետեւում էին մեզ եւ միայն ԱԱԾ շենքի մոտից հեռացան»:
Մայիսի 1-ին Լարիսա Փարեմուզյանը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, ողջ գիշեր մնացել է ոստիկանությունում, հետագայում ոստիկանությունը բերման է ենթարկել այդ անձանց: Պարզվել է, որ նա, ով քաշքշում էր տիկին Փարեմուզյանին, Գուգարքի ոստիկանության պահակային ծառայության ոստիկան Վարդգես Միկիչյանն էր, իսկ մյուսը՝ թիվ 31 ընտրատարածքում Լարիսա Փարեմուզյանի մրցակից Կարեն Սարիբեկյանի հիմնարկում աշխատող էլեկտրիկ Վահե Միկիչյանը (բոլորն էլ հորեղբոր տղաներ են):
Միջադեպի մասնակիցներից բացատրություններ են վերցվել: Թիվ 31 ընտրատարածքում, բացի Կ. Սարիբեկյանից եւ Լ. Փարեմուզյանից, պատգամավորության թեկնածուներ են առաջադրել նաեւ ՕԵԿ-ը՝ Վիկտորյա Հարությունյան, եւ «Դաշինք» կուսակցությունը՝ Կորյուն Ղարաքեշիշյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել