Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ՝ ԻՆՉ ԱՄԵՆՔԴ

Մայիս 03,2007 00:00

«Միավորված Աշխատանքային Կուսակցությունը միավորում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ազատականության եւ ժողովրդավարության սկզբունքները համարում են Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հզորացման, ինչպես նաեւ բնակչության բարեկեցության բարձրացման հիմնական գրավականներ»:

Վերոհիշյալն ուղղակի մեջբերում է Միավորված Աշխատանքային Կուսակցության ծրագրից, այն հիմնարար փաստաթղթից, որը ծնունդ է առել բոլոր այն մարդկանց սկզբունքներից, ովքեր այսօր կազմում են Միավորված Աշխատանքային Կուսակցությունը եւ որոնք իրենց շուրջ կարողանում են ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց հավաքել:

Խոսենք մեր մասին, մեր արածների, նաեւ չարածների եւ մեր անելիքների մասին: Չարածների համար, ամբողջովին գիտակցելով մեր պատասխանատվությունը, պատրաստ ենք ընդունել ցանկացած առողջ քննադատություն, հետեւություններ անել, փորձել շտկումներ եւ ճշգրտումներ մտցնել մեր գործելաոճի մեջ:

Սակայն մարդկանց ճիշտ գնահատել հնարավոր է միայն իրենց արածներով: Մեզ համար ամենակարեւորը գործելն է: Գործ անելը: Մեզ համար խոսքը, մտքերն ու շփումները իմաստավորվում են միայն այն ժամանակ, երբ դրանք հնարավորություն են տալիս գործելու: Գործելու, որպեսզի բարելավվի մարդկանց առօրյան, որպեսզի այն, ինչը թվում է անհնարին, դառնա իրականություն: Հենց դրա համար է, որ մենք զբաղվում ենք քաղաքականությամբ: Այս պատճառով է միայն, որ մենք միավորվել ենք: Քաղաքականությունը այն բացառիկ հետաքրքիր եւ պատասխանատու դաշտն է, ուր կարող ես գործել ժողովրդի հետ միասին: Ոչ թե նրա դեմ կամ առանց նրա, այլ միայն ժողովրդի հետ: Այս համոզմունքի դրսեւորումն է նաեւ այն, որ Միավորված Աշխատանքային Կուսակցությունը որպես իր կարգախոս որդեգրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բացառիկ ու անփոփոխ հոդվածը. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Միավորված Աշխատանքային Կուսակցության համար քաղաքականությունն իմաստազրկվում է, եթե հազարավոր մարդկանց հույս ունենալու հնարավորություն չի տալիս: Հույս՝ վաղվա օրվա, իրենց զավակների ապագայի, իրենց հայրենիքի ապահովության եւ կայունության նկատմամբ: Հույս, որը հիմնված է իրատեսական ծրագրերի եւ մասնագիտական բարձր հմտությունների վրա: Մենք համոզված ենք, որ նրանք, ովքեր չեն կերտում ապագան՝ դատապարտված են հարմարվելու դրան: Իսկ ապագան կարող են կերտել միայն ազատ մարդիկ: Միայն ապրելու, մտածելու եւ գործելու ազատությունը կարող է հնարավորություն ընձեռել կերտելու մեր, մեր զավակների, մեր հայրենիքի ապագան: Միայն ազատ մտքերն ու աշխատանքը հնարավորություն կտան ունենալու կրթված, համաշխարհային գործընթացներին հաղորդակից եւ հետեւաբար մրցունակ սերունդ, որը կկարողանա ապահովել մեր բազմադարյա պատմության ողջ ընթացքում այն հսկայական ձեռքբերման շարունակականությունն ու զարգացումը, որը մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախությունն է:

Մենք մեր երկրի ժամապահներն ու նրա նորագույն պատմության կերտողներն ենք: Դա ենթադրում է մշտարթուն ուշադրություն եւ ներդրում: Չի կարելի երբեք կանգ առնել, առավել եւս հրաժարվել դրանից ու ձեռքերն իջեցնել: Հասարակությունն այսօր վստահության ճգնաժամ է ապրում: Հասարակությանը բնորոշ հատկանիշն այսօր քաղաքական գործընթացների նկատմամբ հուսալքությունն է, չնայած որ հենց ժողովրդի մեջ հույսի արթնացումը պետք է լինի քաղաքականության թիրախը: Մեզ համար անընդունելի է ճակատագրապաշտությունը: Շատերն են հուսալքվել: Դադարել են հավատալ, որ վաղն ավելի խոստումնալից կլինի, որ կբարելավվեն իրենց ընտանիքի սոցիալական պայմանները: Դադարել են հավատալ իրենց երեխաների բարեկեցիկ ապագային: Այսօր մեր հասարակության ներուժը օգտագործվում է ոչ թե զարգացման, այլ եղածը պահպանելու համար: Միավորված Աշխատանքային Կուսակցությունը համոզված է, որ նա, ով ցանկանում եւ կարող է փորձել, համարձակվել, ձեռնարկել, մատնված չէ բախտի քմահաճույքին: Համոզված ենք, որ նա, ով քայլեր չի ձեռնարկում, կորցնում է քայլեր ձեռնարկելու հնարավորությունն իսկ: Դանդաղեցնում եւ խոչընդոտում է երկրի զարգացումը: Այսօր, երբ աշխարհը հսկայական թափով առաջ է շարժվում, դանդաղկոտությունն ու անշարժությունը մեր երկրին սպառնացող ամենամեծ վտանգներն են: Հարկավոր է գործել, կերտել, կառուցել: Գործել, հիմքում ունենալով միայն ՀՀ քաղաքացու շահը, որն անսակարկելի ու գերակա է Միավորված Աշխատանքային Կուսակցության համար: Գերակա եւ առաջնային է այն շինականի շահը, որը հայրենի հողից բարիք է ստեղծում: Գերակա եւ առաջնային է մեր այն որդիների շահը, որոնք զենքը ձեռքին պահում ու պաշտպանում են մեր հայրենիքի սահմաններն ու մեր անդորրը: Գերակա եւ առաջնային է մեր ծնողների շահը, որոնք մեզ ժառանգել են այն հայրենիքը, որը մենք պարտավոր ենք պահել, զարգացնել ու փոխանցել մեր զավակներին: Որտեղ ապահովված կլինի մեր մեծերի արժանավայել ծերությունն ու մեր երեխաների բարեկեցիկ ապագան:

Միավորված Աշխատանքային Կուսակցությունն այսօր 5 տարեկան է: 2003 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելիս մենք միայն կարող էինք խոստումներ տալ: Այսօր մենք բաց ճակատով կարող ենք կանգնել Ձեր առջեւ եւ խոսել մեր արածների մասին: Իսկ ի՞նչ ենք արել: Արել ենք այն, ինչ խոստացել էինք եւ ինչի համար դուք, մեզ տալով ձեր վստահության քվեն, գործուղել էիք Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմին: Սպասարկել ենք հասարակության եւ Հայաստանի Հանրապետության շահերը:

Գիտակցելով այն բարձր վստահությունը, որով դուք մեզ գործուղել էիք Ազգային ժողով, զբաղվել ենք օրինաստեղծ աշխատանքով: Եվ ոչ միայն օրենք ենք գրել, այլ ամեն ջանք գործադրել ենք, որպեսզի ստեղծվող օրենքը լինի հնարավորինս կատարյալ, զերծ լինի անհեթեթություններից ու լինի շահեկան եւ՛ պետության, եւ՛ քաղաքացու համար: Դրանով իսկ փորձել ենք ապահովել օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը: Իհարկե, միշտ չէ, որ հաջողվել է, քանի որ Ազգային ժողովի, սովորական դարձած, դատարկ դահլիճներում 6 հոգանոց ՄԱԿ խմբակցության հետեւողական աշխատանքը հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների: Անգործության եւ անտարբերության մթնոլորտում մեր աշխատանքը բազմիցս է որակվել «լավ», բայց՝ «ապագայի» համար նախագծեր (ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որն ամենաբարձր գնահատականի է արժանացել միջազգային փորձագետների կողմից, ԱԺ կանոնակարգ օրենք եւ այլն): Շատ են այն քաղաքական պատասխանատուները, որոնք այլեւս չունեն պատկերացումներ, որովհետեւ նրանք այլեւս վստահ չեն, որ ունակ են փոխել ապագան: Նրանք խառնում են պատկերացումը կանխագուշակումների հետ: Կարծում են, որ իրենցից պահանջում են կանխագուշակել ապագան: Մինչդեռ նրանցից պահանջում են կերտել այն:

Քաղաքականության դերը՝ ապագա առաջարկելն ու դրա հնարավորությունն ստեղծելն է: Ահա թե ինչու ենք մենք նվիրվել այս գործին: Ահա թե ինչու ենք մենք հավատում կամքին: Մենք սիրում ենք կառուցել, գործել, լուծել խնդիրները: Մենք համոզված ենք, որ ցանկացած ջանք վերջում արդյունք է տալիս: Ահա թե ինչու ենք մենք արդարացված համարում հայցել ձեր վստահությունը: Կերտել, գործել, կառուցել: Սա կարող էր խոստում լինել: Միավորված Աշխատանքային Կուսակցության համար սա կյանքն է: Մեր կյանքը: Մեր ծնողների, մեր եւ մեր զավակների կյանքը: Ձեր կյանքը: Բոլորիս կյանքը:

Միավորված Աշխատանքային Կուսակցությունը ցանկանում է, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունները տարբերվեն նախորդներից: Որպեսզի հայ ժողովուրդը քվեարկի «կողմ», այլ ոչ թե վանի իրենից այն մեծ իրավունքը, պատիվն ու պատասխանատվությունը, որը կոչվում է սեփական երկրի ճակատագրի տնօրինում: Ցանկանում ենք, որպեսզի ժողովուրդը իր ձայնը տա ծրագրին, նախագծին: Բայց առաջին հերթին իր ձայնը տա «այլ» վաղվա օգտին, ուր ամեն ինչ հնարավոր կլինի եռանդի, աշխատանքի, գիտելիքի եւ կամքի շնորհիվ: Ուր հնարավոր կլինի արարել ու գործել: Կերտել ու կառուցել այն Հայաստանը, որը գրավիչ, ապահով, բարեկեցիկ ու ցանկալի կլինի բոլորիս համար:

Մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ քաղաքական ուժի համար իմաստ ունի միայն այն դեպքում, երբ դա արվում է կերտելու եւ կառուցելու համար:

Մեր ներուժն ու պատրաստակամությունն ուղղված են բարելավմանը: Յուրաքանչյուր քաղաքացու համար բարեկեցիկ ապագայի ապահովմանը: Որպեսզի յուրաքանչյուրի աշխատանքը հարգվի: Համոզված ենք, որ հայ ժողովուրդը սպասում է վաղվա Հայաստանին: Ոչ թե այնպիսի Հայաստան, ուր ամեն ինչ փոխվի արմատապես, այլ այնպիսի Հայաստան, ուր այսօրվա անշարժությունն ու անտարբերությունը կվերանան, եւ յուրաքանչյուրը կկարողանա իրականացնել իր հույսերը, երազներն ու նպատակները:

Այդ Հայաստանը մեզ համար նախեւառաջ պետք է լինի Ազատ: Երկիր, ուր կարելի է մտքերն արտահայտել առանց մտավախության: Երկիր, ուր յուրօրինակ կարծիքը հարգվում ու գնահատվում է: Երկիր, ուր ձեռնարկելը, ստեղծելը կխրախուսվի, այլ ոչ թե կդառնա չինովնիկական քաշքշուկների թիրախ: Ուր պետությունը կերաշխավորի յուրաքանչյուրի՝ իր կյանքն ազատ տնօրինելու իրավունքը, ուր պետությունը խնդիրները լուծելու բազմաթիվ միջոցներ կառաջարկի, այլ ոչ թե դրանք կդարձնի միատիպ ու անքննարկելի:

Հայաստանը մենք տեսնում ենք՝ որպես ժողովրդավարական, ժամանակակից եւ պատասխանատու երկիր: Կարող են լինել հակադիր կարծիքներ, սակայն, միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է փոխադարձ հարգանք եւ հանդուրժողականություն: Երկիր, ուր ԱԺ-ն կդառնա իրական հակակշիռ գործադիր իշխանությանը: Երկիր, ուր իշխանության նպատակը կլինի գործելը, այլ ոչ թե հարատեւելը: Միավորված Աշխատանքային Կուսակցությունը համոզված է, որ իշխանության հիմքում պետք է լինի հեղինակությունը, այլ ոչ թե հեղինակության հիմքում՝ իշխանությունը:

Հայաստան, ուր քաղաքականության մեջ կընդգրկվեն լավագույնները, եւ ժողովրդի մեջ կվերականգնվի վստահությունը քաղաքական վերնախավի նկատմամբ: Երկիր, ուր բոլոր նրանք, ովքեր տիրում են իշխանական լծակներին, լինի դա քաղաքական, դատական կամ տնտեսական, հաշվետու լինեն իրենց գործելակերպի համար:

Միավորված Աշխատանքային Կուսակցությունն այնպիսի Հայաստան է ուզում, որտեղ գնահատվում են աշխատանքը, ջանքն ու եռանդը: Ուր սոցիալական առաջընթացը հնարավոր է եւ խրախուսվող: Երկիր, ուր անձնական հաջողությունը բարձր է գնահատվում եւ այն դասվում է որպես հանրային հարստություն: Յուրաքանչյուրի սեփականությունը բարձրագույն արժեք է եւ երաշխավորվում է պետության կողմից: Երկիր, ուր ապահովված է ազատ եւ հավասար մրցակցությունը, եւ պետությունը պայքարում է մենաշնորհների դեմ: Մեր երազած Հայաստանը համագործակցության, համերաշխության եւ պատասխանատվության երկիր է: Երկիր, ուր դպրոցից սկսած հնարավորությունների հավասար պայմաններ կստեղծվեն: Երկիր, ուր բժշկության որակը հավասար կլինի բոլորի համար, անկախ սոցիալական պայմաններից: Ուր օգնել, չի նշանակի ուղղակի նպաստ բաժանել, դրանով իսկ խորացնելով անապահովվածության զգացումը, այլ կխրախուսվի անձնական նախաձեռնությունը:

Ուզում ենք այնպիսի Հայաստան, ուր միջոցներ կձեռնարկվեն աշխատատեղերի ստեղծման, արտադրության խթանման, ժողովրդի գնողունակության բարձրացման ուղղությամբ: Երկիր, ուր մրցունակության ռազմավարության մշակման միջոցով կհստակեցվեն Հայաստանի տնտեսական զարգացման ուղիները եւ հնարավորություն կստեղծվի առավելագույնս մասնակիցը դառնալ համաշխարհային տնտեսական գործընթացներին:

Սա ենք մենք անվանում վաղվա Հայաստանը: Վստահ ենք, որ մենք շատ ենք: Շատ ենք այսպիսի Հայաստան երազողներս: Շատ ենք այսպիսի Հայաստան կերտել, կառուցել ցանկացողներս: Միավորված Աշխատանքային Կուսակցությունը դիմում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կառուցել վաղվա Հայաստանը: Միասին, հավաքական կամքով ամեն ինչ հնարավոր է: ԱՅՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ՝ ԻՆՉ ԱՄԵՆՔԴ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել