Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրոնյա» պաշտոններ՝ թիվ 9-ում

Մայիս 03,2007 00:00

Ընտրական հանձնաժողովում ղեկավարում են իշխանությունները

Վաղուց արդեն հայտնի է, որ հայաստանյան ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքներն ու լցոնումները տեղի են ունենում հիմնականում ընտրական հանձնաժողովների ղեկավար անդամների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ, ու պատահական չէր, որ ընդդիմության մի ներկայացուցիչ մեր ուշադրությունը հրավիրեց մասնավորապես Երեւանի Կենտրոն համայնքի ընտրատարածքներից մեկի՝ թիվ 9-ի տեղամասային հանձնաժողովների ձեւավորման վրա՝ ապացուցելու համար, որ առաջիկա ընտրություններն արդար լինել չեն կարող, որովհետեւ դրանք կազմակերպում են այն նույն մարդիկ, ովքեր նախորդ կեղծված ընտրություններում ղեկավարել են նույն այդ հանձնաժողովների աշխատանքները: Միայն թիվ 9-ում տեղամասային հանձնաժողովների ղեկավար կազմի ուսումնասիրությունից տպավորություն ստեղծվեց, որ այդ պաշտոնները «բրոնյա» են արված իշխանությունների համար: Օրինակ՝ թիվ 9/1 տեղամասում հանձնաժողովի նախագահ է Արտակ Երեմյանը: Նա նախագահ է եղել 2003թ. նախագահական ընտրություններից ի վեր: Թիվ 9/2-ում հանձնաժողովի նախագահ է Գագիկ Վարդգեսյանը, ով 2003թ. ընտրությունների ժամանակ եղել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2005-ի Կենտրոնի թաղապետի ընտրություններից ի վեր նախագահ է: Նախկինում նա ներկայացրել է ՀՀԿ-ն, այսօր՝ «ԺՊ»-ն: Թիվ 9/3-ում հանձնաժողովի քարտուղար է Եղիազարյան Նաիրան, ով 2005-ի թաղապետի ընտրություններից ի վեր «ընտրվում» է նույն պաշտոնում: Նա նախկին ընտրություններում նշանակված էր վճռաբեկ դատարանի կողմից, հիմա ՀՀԿ-ի ներկայացուցիչն է: Թիվ 9/4-ում նախագահելու է Ավագ Դանիելյանը, ով 2003-ի ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահի տեղակալ է եղել, 2005-ի թաղապետի ընտրություններից ի վեր նախագահ է եւ ներկայացնում է «ԺՊ»-ն: Թիվ 9/5-ում նախագահ է Գալուստ Սարգսյանը, ով սույն տեղամասում նախագահ է թաղապետի ընտրություններից ի վեր, նախկինում ներկայացրել է ՀՀԿ-ն, հիմա՝ «ԺՊ»-ն: Թիվ 9/6-ում հանձնաժողովի նախագահ է Արա Միքայելյանը, ով 2003թ. ընտրություններից ի վեր նախագահ է եւ ներկայացնում է ՀՀԿ-ն: Թիվ 9/8-ում հանձնաժողովի նախագահի պաշտոնը 2005-ի թաղապետի ընտրություններից ի վեր զբաղեցնում է ՀՀԿ-ական Էլեոնորա Թումանյանը: Նա 2003-ին եղել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Նույնն է արձանագրվել նաեւ թիվ 9/9-ում՝ հանձնաժողովի նախագահ Վահե Դավթյանի պարագայում, այն տարբերությամբ, որ նա նախկինում նշանակվել էր «ԺՊ»-ի կողմից, հիմա՝ ՀՀԿ-ի: Ցանկը կարելի է երկար շարունակել:

Երբ ուսումնասիրում էինք թիվ 9-ի տեղամասային հանձնաժողովների ղեկավարների ցանկը, մի հետաքրքիր օրինաչափություն արձանագրեցինք: Թիվ 9-ի ընտրատեղամասերի գերակշիռ մասում հանձնաժողովի ղեկավար եռյակից գոնե մեկի անվան դիմաց նշված եւ նրանց պատկանող բջջային հեռախոսահամարների վերջին չորս թվերն ավարտվում են «… 15-15» համարներով, եւ դրանով կարելի է որոշել, թե հիշյալ տեղամասերում հատկապես ովքեր են, որ համագործակցելու են Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի հետ, ասել է թե՝ աշխատելու են ՀՀԿ-ի եւ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Ռուբեն Սադոյանի համար: Օրինաչափությունն այն է, որ թաղապետ Գ. Բեգլարյանի բջջային 3 հեռախոսահամարների վերջին 4 թվերը եւս ավարտվում են նույն «… 15-15» համարներով: Իսկ այդպիսի համարներ ունեն թիվ 9/1-ում հանձնաժողովի քարտուղար Ալեքսանդր Աբրահամյանը, թիվ 9/3-ում՝ նախագահի տեղակալ Մեսրոպ Ցոլակյանը՝ ՄԱԿ, թիվ 9/6-ում՝ նախագահի տեղակալ Արմեն Ավետիսյանը՝ ՀՀԿ, թիվ 9/8-ում՝ հանձնաժողովի նախագահ Էլեոնորա Թումանյանը՝ ՀՀԿ, թիվ 9/9-ում՝ Վահե Դավթյանը՝ ՀՀԿ, թիվ 9/11-ում՝ Կարինե Նալբանդյանը՝ ՀՀԿ, եւ նախագահի քարտուղար Գայանե Հախվերդյանը՝ ՄԱԿ, թիվ 9/12-ում՝ հանձնաժողովի նախագահ Սամվել Ներսիսյանը՝ ՀՀԿ, թիվ 9/13-ում՝ նախագահ Զավեն Առաքելյանը՝ ՀՀԿ, թիվ 9/17-ում՝ հանձնաժողովի նախագահ Արման Գալստյանը՝ ՄԱԿ, թիվ 9/20-ում՝ հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Աբրահամյանը՝ ՀՀԿ, թիվ 9/24-ում՝ նախագահի տեղակալ Արշակ Վարդանյանը՝ ՀՀ նախագահ, թիվ 9/26-ում՝ նախագահի տեղակալ Սամվել Միքայելյանը՝ ՄԱԿ, թիվ 9/28-ում՝ հանձնաժողովի բոլոր երեք ղեկավար անդամները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել