Վստահ է Խոսրով Հարությունյանը
«Տպավորությունը, թե հանրության ստվար հատվածը անտարբեր է քաղաքականության նկատմամբ, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը»,- ամփոփելով նախընտրական քարոզարշավի հիմնական փուլը՝ արձանագրում է թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընտրողների հետ թեկնածուի շփումները ցույց են տալիս, որ «ընտրողները բավականին լավ հետեւել են իրադարձությունների զարգացմանը՝ սկսած վաղ անցյալից: Նրանք շատ լավ հասկանում են՝ ով ով է, որտեղից եւ ինչպես կամ ումով է սկսել: Մարդիկ հետեւում են, հետաքրքրվում, գնահատականներ են տալիս, իրենց համար եզրակացություններ են անում: Այնպես որ, գեղեցիկ խոսքերով որեւէ մեկին չեք շփոթեցնի: Բայց մարդիկ հիասթափված են եւ դա արտահայտում են անտարբերությամբ»: Խ. Հարությունյանը փաստում է, որ վերջին երկու Ազգային ժողովների գործունեությունից կա համատարած դժգոհություն. «Մարդն օրինակ է բերում՝ պետության բյուջեն քննարկվում է եւ դահլիճում նստած է երեք հոգի: Բացատրեք, խնդրեմ՝ ո՞ւր են տնտեսությունից հասկացող, խոստումներ տվող պատգամավորները»: Անգործության ցցուն օրինակ որակելով եռօրյա նիստերից անցումը քառօրյայի՝ մեր զրուցակիցն ասում է. «Իմ հանդիպումներից եմ մեջբերում՝ օրենսդիր մարմինը ամեն ինչի համար պատգամավորի կողմից օգտագործվում է՝ որպես տանիք, անձեռնմխելիության հնարավորություն՝ սեփական բիզնեսը կարգավորելու համար, բացի քաղաքական մարմին լինելուց»:
Այս ֆոնի վրա, մեր զրուցակցի համոզմամբ, հանրության շրջանում աստիճանաբար ձեւավորվում է վճռականությունը՝ սեփական պատասխանատու մասնակցությամբ ազդել խորհրդարանի ձեւավորման գործընթացի վրա: Պարոն Հարությունյանը փաստում է նաեւ, որ նոր Սահմանադրությամբ, բարեբախտաբար, խորհրդարանին վերապահված է մեր առօրյա հոգսերը լուծելու ավելի մեծ հնարավորություն: Հետեւաբար՝ «Կախված նրանից, թե մենք ում կվստահենք խորհրդարանում մեր հոգսերը ներկայացնելը, պարզ կլինի, թե առաջիկա հինգ տարիների ընթացքում մեզ կհաջողվի՞ մեր կյանքը բարենորոգել: Մարդիկ, իրավամբ, գիտակցում են, որ խորհրդարանից է հարկավոր սկսել մեր իրականության կարգավորումը»,- ասում է Խ. Հարությունյանը, օրինակ բերելով այն, որ հանդիպումների ժամանակ իրեն ասում են. «Որ չենք գնացել ընտրության՝ արդյունքը տեսնում ենք: Չգնալուց խեր չկա: Կգնանք: Օգուտ չեղավ՝ վնաս էլ չի լինի»: «Հանրային գիտակցության մեջ նկատելի տեղաշարժ կա հօգուտ ընտրությունների մասնակցության: Այս հետաքրքրությունը խարսխված է սեփական պատասխանատվությունը գիտակցելու հանգամանքի վրա, նկատելի է նաեւ վճռականությունը՝ կգնամ, որպեսզի չկեղծեն»,- քարոզարշավի ամենակարեւոր արդյունքը ամրագրում է թեկնածուն եւ իր առաքելությունը համարում է բավականին դրական իրականացված, քանզի ի սկզբանե կոչ է արել մասնակցության:
Ընտրողների հետ հանդիպումներից պարոն Հարությունյանին հաճելիորեն զարմացրել է նաեւ այն, որ մարդիկ քաջատեղյակ են իր գործունեությանը, մասնավորաբար՝ օրենսդրական ոլորտում. «Ես վերելակ վերանորոգող չեմ, ասֆալտապատող չեմ, բայց ես գիտեմ ինչ օրենքներ ընդունել եւ ինչպես անել, որ յուրաքանչյուրն իր գործն անի: Այս իրականության մեջ իմ ընտրողների հետ ես փոխըմբռնման առումով ունեմ կատարյալ ներդաշնակություն»,- համոզված է Խ. Հարությունյանը: Ընտրողներից բացի նոր հանձնարարականներ ստանալուց, հընթացս քննարկումներ էլ են եղել: Մասնավորաբար, այսպես ասած, Ֆիրդուսնոցի, Վերին անտառային, Մյասնիկյան թաղամասերի, Նորքի մի ստվար հատվածի՝ երբ մարդիկ իրենց պապերի սարքած բնակարանի եւ հողակտորի նկատմամբ իրենց իրավունքների օրինական ձեւակերպման խնդիրն են դնում. «Մենք տեսնում ենք դրա լուծումը, արդեն իսկ զբաղվում ենք, եթե չընտրվեմ՝ էլի զբաղվելու եմ այդ հարցով, բայց պատգամավորի կարգավիճակով այս խնդիրները լուծելն անհամեմատ ավելի արդյունավետ եւ ազդեցիկ է լինելու: Շատ պարզ, բոլորի համար հասկանալի 2-3 օրենսդրական փոփոխությամբ այդ հարցերին, հանրապետության կտրվածքով, կարելի է լուծում տալ»,- ասում է Խ. Հարությունյանը:
Ընդգծելով եւ կարեւորելով նորացված Սահմանադրությամբ ԱԺ-ին վերապահված բացառիկ ու պատասխանատու դերակատարումը, ինչի արդյունքում առաջիկա ընտրությունները մեր միջնաժամկետ ապագայի համար ունեն անգնահատելի կշիռ եւ նշանակություն, Խ. Հարությունյանը եզրակացնում է. «Այս ընթացքում մեզ հաջողվեց ընտրողների հետ երկխոսության ճանապարհով վստահության մթնոլորտ ձեւավորել վաղվա օրվա նկատմամբ: Հանուն մեր զավակների Հայաստանի, որի համար մենք ենք պատասխանատու՝ սա կարող է լինել այս ընտրությունների կարգախոսը: Համոզված եմ, որ մեր սերունդը կկարողանա այս երկիրը պետություն դարձնել»: