Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ-ն ու ՕԵԿ-ը բանավիճեցին

Մայիս 02,2007 00:00

Երեկ «Հայելի» ակումբում իրենց քաղաքական դիրքորոշումները ներկայացրին Միացյալ ազատական կուսակցության (ՄԻԱԿ) գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանն ու ՕԵԿ երիտասարդական թեւի նախագահ Սամվել Ֆարմանյանը:

«Մենք երիտասարդական կուսակցություն չենք: Հատուկ մղում էլ չկա, որ հենց երիտասարդները լինեն մեր կուսակցության անդամները, թեեւ նոր սերնդի, մտքի կարիք կա ոչ միայն քաղաքականության, այլեւ Հայաստանի հասարակական դաշտում: Շատ կուսակցություններ դեռ 1991-ից են գործում, բայց ոչինչ չեն փոխել: Քաղաքականության մեջ աղակալած, փակուղային վիճակ է նկատվում»,- կարծում է ՄԻԱԿ գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը: Թիվ 2 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՕԵԿ-ցի Սամվել Ֆարմանյանն էլ փաստեց, որ մինչեւ այժմ երիտասարդությունը որպես միջոց է դիտվել ինչ-ինչ նպատակների հասնելու համար. «Կարեւոր է խորհրդարանի ոչ միայն երիտասարդացումը, այլեւ ԱԺ-ի կարողությունների մեծացումը: Մեր երկրում քաղաքականությունը նմանվում է միջակությունների սիրած զբաղմունքի: Ոչ ոք չի ուզում դուրս գալ դրանից՝ չավելացնելով խորհրդարանի որակական կարողությունները: Երիտասարդների մուտքը նպաստելու է այդ կարողությունների մեծացմանը»: Ս. Ֆարմանյանի համոզմամբ, երիտասարդության քաղաքականացումը ինքնանպատակ չպիտի լինի, այլ նպաստի երիտասարդական հիմնախնդիրների օրակարգ գալուն, երիտասարդության դերի ընկալման մեջ փոփոխություն մտցնելուն:

Իսկ ՄԻԱԿ քարտուղար՝ Բրիտանիայում ուսում ստացած, ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում վերապատրաստված, մասնագիտությամբ իրավաբան Լ. Մարտիրոսյանի երազանքն է «նորմալ կուսակցություն ստեղծելը». «Չկան այնպիսի ուժեր, որոնց հետ ցանկանանք համագործակցել, նաեւ ՀՀ-ում դասական սահմանմամբ կուսակցություններ չեն եղել ու չկան: Վերջիններս քաղաքական ակումբներ են՝ ՓԲԸ ձեւաչափով գործող, որտեղ ոչ ոք չի կարող սողոսկել, կարիերա անել եւ ղեկավար դառնալ»: Լ. Մարտիրոսյանը չցանկացավ անվանական նշել, թե որ կուսակցություններից են իրենք համագործակցության առաջարկներ ստացել, բայց վստահեցրեց, որ դրանք եղել են ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական դաշտից: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրել են եղած կուսակցությունների գործունեությունը. «Դրանք չունեն գաղափարախոսություն՝ ամեն ինչից մի քիչ կա. ե՛ւ սոցիալիզմից, ե՛ւ լիբերալիզմից, ե՛ւ ազգայնականությունից: Իսկ մենք խոսում ենք երկրորդ սերնդի բարեփոխումների մասին, որին արդեն բոլորն են անդրադառնում, նույնիսկ վարչապետը: Ուրեմն՝ մեր ի հայտ գալը անիմաստ չէ»: Լ. Մարտիրոսյանը երեկվա քննարկման ժամանակ Ս. Ֆարմանյանին հարց ուղղեց. «Եթե ներկուսակցական դեմոկրատիա չկա, տեսականորեն հնարավո՞ր է, որ ՕԵԿ անդամը, օրինակ՝ դու, դառնաս ՕԵԿ ղեկավար»:

Ս. Ֆարմանյանի պատասխանը հետեւյալն էր. «Ներկուսակցական դեմոկրատիայի ինստիտուտը գործում է մեր կուսակցությունում: Ապագայում դա տեսականորեն հնարավոր է»: Երեկ բանախոսները անդրադարձան նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցչի աղմկահարույց պատմությանը: «Մութ սենյակում կատու որոնել պետք չէ, քանի որ այնտեղ մուկ էլ չկա: Արթուր Բաղդասարյանը այդ հարցին սպառիչ պատասխան տվել է»,- ասաց Ս. Ֆարմանյանը: Լ. Մարտիրոսյանն էլ հայտնեց իր կարծիքը. «Մեր հասարակությունը իր առջեւ դրված հարցերը ինքնուրույն լուծելու ուժ չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել