Լրահոս
Օրվա լրահոսը

WBC-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐԵԼ

Մայիս 02,2007 00:00

Բռնցքամարտի համաշխարհային միության (WBC) ղեկավարությունն առաջարկում է բռնցքամարտիկներին որակավորել ըստ վարպետության աստիճանի եւ պրոֆեսիոնալ ռինգում ունեցած նվաճումների:

WBC-ի ղեկավար Խոսե Սուլեյմանը հայտարարում է, թե այդ նորարարությունը նպատակ ունի կանխել, այսպես կոչված, «միսմրցամարտերը», որոնցում մրցակիցներից մեկը կարգով զգալիորեն գերազանցում է մյուսին, մի բան, որը թույլի համար բաց թողած բազմաթիվ հարվածներ, ծանր նոկաուտներ եւ նոկդաուններ, հաճախ էլ մարտի ավարտին հիվանդանոցում հայտնվելու հեռանկար է նշանակում: «Ռինգում բռնցքամարտիկների անվտանգությունն ապահովելու գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ պրոումոթերներից շատերն իրենց մարզիկների համար «պարկերի» հետ մենամարտեր են կազմակերպում եւ երբ բարձրակարգ եւ հմուտ բռնցքամարտիկը հանդիպում է մակարդակով մեկ աստիճան ցածր մրցակցի հետ, մարտն ավարտվում է մահվան դեպքերով,- մեկնաբանում է Խոսե Սուլեյմանը:- Մենք չենք կարող թողնել, որ դա հետագայում էլ շարունակվի»:

Այս առաջարկն արդեն մանրամասն քննարկվել է Մեքսիկայում կայացած WBC-ի բժշկական երկրորդ համաժողովում, սակայն նորարարությունը նոյեմբերին պետք է հաստատեն WBC-ի համաժողովի մասնակիցները:

Միությունը բոլոր երկրներին առաջարկել է իրենց բռնցքամարտիկներին բաժանել 10 կարգի, իսկ ինքը մշակել է ըստ այդ խմբերի մենամարտերի անցկացման կարգն ու չափորոշիչները:

Բացի դա, Սուլեյմանը տեղեկացրել է, որ բռնցքամարտում նախատեսվում է եւս մի կանոնի փոփոխություն, համաձայն որի՝ մրցավարները իրավունք կստանան մեկ միավոր հանել այն բռնցքամարտիկից, ով մենամարտի ընթացքում հինգ անգամից ավելի կանխամտածված կդիմի կլինչ (մրցակցի թեւերը բռնել) բռնվածքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել