Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձր սարերը»՝ բարձր գնով

Մայիս 02,2007 00:00

Օպերային երգիչ, տենոր Արտակ Կիրակոսյանը պատրաստ է Սարոյի հայտնի արիան երգել գալիք նախագահական քարոզարշավներում:

Արտակ Կիրակոսյանի անունը 2004թ. հոլովվում էր մասնագետների եւ դասական երաժշտության երկրպագուների շրջանում: Երգիչն Ազգային օպերային թատրոնում է առաջին անգամ (2005թ.) բեմ բարձրացել՝ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում կատարելով Սարոյի դերերգը, այնուհետեւ հանդես է եկել Էդ. Սադոյանի «Գրիգոր Լուսավորիչ» (Տրդատ արքա) եւ Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» (Դրաստամատ) օպերաներում: Այժմ նա պատրաստում է իշխան Շահումյանի դերերգը Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկում» եւ Ալֆրեդինը՝ Վերդիի «Տրավիատայում»:

Ա. Կիրակոսյանը հանդես է գալիս նաեւ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի բեմադրություններում: Օրինակ՝ մարմնավորել է Տինկային (Պուչինի՝ «Թիկնոցը»), իսկ մոտ ժամանակներս նրան կհանդիպենք Ռինոչիոյի դերերգով (Պուչինի՝ «Ջանի Սկիկի»): Նա, որ հանդիսանում է նաեւ Պետական կամերային նվագախմբի կամերային երգչախմբի մեներգիչը, մենահամերգներ է ունեցել Հայաստանում, Սլովակիայում, Չեխիայում: Վերը շարադրվածից թվում է, թե արվեստագետը աշխատատեղի, բեմական կարիերայի առումով պետք է որ բավարարված լինի: Իրականում դա այդպես չէ:

«Առավոտի» հետ զրույցի ընթացքում Ա. Կիրակոսյանը քանիցս շեշտեց, որ եթե շարունակվի նման վերաբերմունքը դասական արվեստի նկատմամբ, ինքն աշխատանք կփնտրի եվրոպաներում. «Չեմ պատրաստվում ընտանիքիս հետ ողջ կյանքս անցկացնել վարձակալած բնակարանում»: Հարցին՝ մասնագետների բնորոշմամբ բարձրակարգ տենոր եք՝ ձայն, ինչով այնքան էլ հարուստ չենք, մի՞թե մինչ օրս չեն եղել շահավետ առաջարկներ, երգիչը պատասխանեց. «Ես աշխատում եմ երգացանկս հարստացնելու ուղղությամբ: Եղել են պահեր, որ նույնիսկ ցանկություն եմ ունեցել շեղվել դասական արվեստից դեպի ժողովրդականը, ինչն ավելի պահանջված է… Գիտակցում եմ, որ գոնե այսօրվա դրությամբ դասական արվեստը Հայաստանում տեղ չունի: Դրա համար էլ այսօր կոլեգաներիցս շատերը ոչ թե Հայաստանի, այլ Եվրոպայի հեղինակավոր օպերային թատրոններում են: Ախր հայկական մշակույթ ասվածը միայն էստրադային երգարվեստը չէ»:

Երգչից հետաքրքրվեցինք՝ եթե 2008թ. կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուները հրավիրեն ոչ միայն էստրադային երգիչների, այլեւ դասականներին, ինքը կհամաձայնի՞ երգել քարոզարշավներին, ասենք, կատարելով Սարոյի արիան՝ «Բարձր սարերը»: Եթե այո, ապա ի՞նչ վարձատրության դիմաց: Ի պատասխան՝ Ա. Կիրակոսյանն ասաց. «Միանշանակ չէի հրաժարվի: Որ թեկնածուին սատարելու համար էլ պետք լինի իմ աջակցությունը, միեւնույն է, ելույթս ժողովրդիս առջեւ է կայանալու: Ինչ վերաբերում է «Բարձր սարերին», ապա այն միայն բարձր գնով կերգեմ»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել