Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԵՎ ՀՀ «ՊԼՅՈՒՍՆԵՐՆ» ՈՒ «ՄԻՆՈՒՍՆԵՐԸ»

Մայիս 02,2007 00:00

\"\"Իր հոբելյանի առիթով Հայաստան ժամանած Իոսիֆ Կոբզոնի մեկնաբանմամբ

Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հյուրընկալվել էր ՌԴ ժողովրդական արտիստ եւ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ երգչի այցելության նպատակը նրա ծննդյան 70-ամյակի առիթով սկսված համերգային շրջագայությունն է: Ի. Կոբզոնը նախ հայերեն բարեւեց լրագրողներին, այնուհետեւ շնորհավորեց բոլորին մայիսի 1-ի՝ Աշխատավորության տոնի կապակցությամբ, ասելով, որ այն իր համար ամենաընդունվածն է: Ի. Կոբզոնը լրագրողներին տեղեկացրեց, որ հոբելյանական համերգաշրջանը մեկնարկել է այս տարվա ապրիլի 23-ին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից: Նաեւ հայտնեց, որ նույն ծրագրով (ժողովրդական երգեր, ռոմանսներ, արիաներ, հայտնի երգեր կինոֆիլմերից, ԽՍՀՄ կոմպոզիտորների ստեղծագործություններ եւ այլն) հանդես է գալու ԱՊՀ 25 քաղաքներում՝ Օդեսայում, Մոսկվայում, Կիեւում, Մինսկում, Սանկտ Պետերբուրգում: Համերգաշրջանը կեզրափակվի դեկտեմբերին. երգչի տարեդարձը մեծ շուքով կնշվի Մոսկվայի Կրեմլի պալատում:

Կոբզոնը լրագրողներին հայտնեց, որ ինքնաթիռից իջնելուն պես, մինչ հյուրանոց գնալը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի նշան հայ ժողովրդի հանդեպ իր մեծագույն հարգանքի. «Ինձ հոգեհարազատ է հայ ժողովուրդը: Ես ուրախանում եմ ձեր ուրախությամբ եւ տխրում՝ երբ դուք եք տխրում: Հայերդ հպարտ ժողովուրդ եք եւ դա ողջունելի է»: Նա հիշեց նաեւ ՀՀ նախագահի կողմից իրեն հանձնված «Մովսես Խորենացի» շքանշանը, սակայն դժվարացավ մտաբերել վերջինիս անվանումը: Կոբզոնը այս անգամ էլ գովեց հայկական խոհանոցը, հատկապես իր հավանած «օբյեկտներից» մեկի խոհարար Արտուշի պատրաստած ուտեստները: Դառնալով իր 70-ամյակին, երգիչը նշեց. «Տարեցտարի մեծանում ենք, ուրախությամբ նշում մեր ծննդյան տոները, բայց չենք գիտակցում, որ երիտասարդությունը կորցնելը ամենատխուր բանն է կյանքում: Ապրածդ էլ չի կրկնվելու»:

Կոբզոնը նախապես կանխեց լրագրողների հարցը՝ ԱԺ ընտրությունների նախաշեմին իր այցելության վերաբերյալ. «Ես գիտեմ, որ լրագրողներդ պրովոկացիոն հարցեր եք պատրաստել այդ մասին, բայց ես չեմ ուզում նման թեմաներով խոսել: Կանկեղծանայի մի պայմանով, եթե ինքս պատգամավոր չլինեի»: Հետո էլ ավելացրեց. «Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրել է, որ ընտրությունները արժանապատիվ ձեւով կընթանան ու ես էլ դրանում համոզված եմ»: Նա խոսեց նաեւ ռուս-հայկական հարաբերությունների մասին. «Շատերը զարմանում են, որ ռուս-հայկական հարաբերություններն այդքան բարիդրացիական են: Պատճառն այն է, որ Հայաստանը երբեք, ոչ մի դեպքում չի դավաճանել Ռուսաստանին, նույնիսկ այն դեպքերում, երբ Ռուսաստանը ճիշտ չի վերաբերվել Հայաստանին»: Ի. Կոբզոնը երիտասարդներին կոչ արեց ակտիվ մասնակցել քաղաքական ու հասարակական կյանքին. «Երիտասարդները պետք է խառնվեն քաղաքական իրավիճակների շտկմանը: Եվ երբեք չպետք է կախում ունենան նախագահից, կառավարությունից կամ քաղաքապետից: Ի վերջո, երիտասարդությունն է երկրի ապագան: Դուք փայլուն երիտասարդություն ունեք, մինչդեռ Ռուսաստանում երիտասարդ սերունդը կործանման եզրին է: Նրանք տարված են թմրադեղերով, ալկոհոլով, թաթախված անբարոյականության մեջ: Իսկ եթե երկրի երիտասարդ սերունդը կործանվում է, ապա սա նշանակում է, որ կործանման եզրին է նաեւ տվյալ պետությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել