Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկողը «քնած» է

Մայիս 02,2007 00:00

\"\"Կեղծարարներն էլ, առիթից օգտվելով, ապրանքանշանը կեղծում են եւ շուկան լցնում էժան ու անորակ սննդով:

Լուսանկարում պատկերված այս երկու մարմելադների տուփերի վրա էլ փակցված է «Արեւելյան արտադրանքի կոմբինատի» լոգոն: Սակայն մեկի վրա կան այդ տիպի սննդամթերքի համար նախատեսված բոլոր մակնշումները՝ արտադրության եւ պիտանելիության ժամկետները, արտադրության վայրը, արտադրողի անունը եւ այլն, իսկ մյուսի վրա, բացի «Ա» տառով լոգոյից, որեւէ մակնշում չկա: Այս երկրորդ տուփով մարմելադները վաճառվում են հիմնականում մարզերում, ընդ որում՝ 40-50 դրամով ավելի էժան, քան մյուս տուփերովը: Մասնավորապես, մենք դրանք հայտնաբերել ենք Էջմիածնի եւ Գավառի խանութներում: Պարզվում է՝ առանց մակնշման մարմելադներն իրականում կեղծված են: Կեղծված է նաեւ լոգոն, իսկ տուփի միջինը «Արեւելյան արտադրանքի կոմբինատի» մարմելադների հետ ոչ մի ընդհանրություն չունի: Թե ինչպես է այդ կեղծ արտադրանքը հայտնվել շուկայում՝ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնող մարմինը՝ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը, գաղափար անգամ չուներ:

«Առավոտի» հետ զրույցում «Արեւելյան արտադրանքի կոմբինատի» փոխտնօրեն Ռուզան Խաչատրյանը դժգոհեց, որ «սա առաջին դեպքը չէ, որ մեր արտադրանքը կեղծվում է, նման դեպքեր շատ են եղել, բայց ոչ ոք մինչ օրս չի պատժվել: Մենք մի քանի անգամ դիմել ենք համապատասխան մարմիններին, վերջիններս չեն արձագանքել: Հիմա ընտրություններ են, երեւի խառն են, մենք մենակ ենք պայքարում կեղծարարների դեմ»: Մինչդեռ Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական տեսչության պետ Գրիշա Բաղիյանն «Առավոտին» պարզաբանումներ տալիս վստահեցնում էր, որ իրենց նման բողոքով չեն դիմել, հակառակ դեպքում կեղծարարներին կհայտնաբերեին ու կպատժեին: Ինչպես նշեց պարոն Բաղիյանը, նման դեպքերում արտադրանքը կեղծողների համար նախատեսված է տուգանք՝ 30 հազար դրամից մինչեւ 100 հազարի չափով:

Նկատենք, որ խանութներին ապրանք մատակարարողները՝ առաքիչները, անպայման արտադրող ընկերության հետ պայմանագիր են կնքում: Խանութներում ապրանքը վերցնելիս արդեն ճանաչում են տվյալ ընկերության առաքիչներին, իսկ եթե անծանոթ են լինում՝ պարտավոր են պահանջել համապատասխան վկայական՝ ընկերության պատասխանատուների ստորագրությամբ: Մինչդեռ Ռուզան Խաչատրյանը համոզված է, որ շատ խանութներում, իմանալով, որ դա կեղծված արտադրանք է, ինչ է թե մի քիչ էժան է՝ ապրանքը վերցնում են՝ դրանով խթանելով կեղծ արտադրանքի վաճառքը: «Երբ կեղծված ապրանքների հետքերով գնում ենք, խանութների վաճառողներն արդարանում են, թե ապրանքի մատակարարողը ներկայացել է որպես կոմբինատի առաքիչ եւ իրենք էլ հավատալով՝ արտադրանքը վերցրել են: Բայց այդ արդարացումը տեղին չէ: Մեր առաքիչներն ունեն համապատասխան սերտիֆիկատներ, ինչը չեն կարող ներկայացնել կեղծ արտադրանքի առաքիչները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել