Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՑՆԵԼ

Մայիս 02,2007 00:00

\"\"ՀՀԿ-ն մտադիր է առողջապահական ծառայությունները հասանելի դարձնել բոլորի համար

Այս օրերին մի շարք կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելիս հանրությանը խոստանում են ընտրվելու դեպքում առողջապահությունը դարձնել անվճար: Սա առողջապահության ոլորտի մասնագետներն անիրատեսական են համարում եւ բացառում են, որ բժշկության զարգացման նման արագ տեմպերի պարագայում հնարավոր կլինի միայն պետբյուջեի հաշվին մարդկանց բուժել:

«Չի կարելի խոստանալ մի բան, որը գործնականում գրեթե անհնար է: Առողջապահության ծախսերն այնքան մեծ են, որ հասնել բացառապես անվճար բժշկական օգնության բոլորի համար առաջիկա 5 տարիների ընթացքում անհնար է»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 11-րդ տեղը զբաղեցնող բժիշկ պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Պարոն Բաբլոյանը ՀՀԿ-ի ծրագրի առողջապահությանն առնչվող հատվածի համահեղինակ է: ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնվելը Ա. Բաբլոյանն այսպես բացատրեց. «Ճիշտ ժամանակն է, որպեսզի ես տարիների ընթացքում կուտակած փորձս ու գիտելիքներս ներդնեմ նաեւ օրենսդրական դաշտում: Համակարգում անելիքներ շատ կան, եւ հույս ունեմ, որ դրանք հնարավոր կլինի շտկել օրենսդրական ճանապարհով, ինչը եւ պատրաստվում եմ անել: ՀՀԿ-ն իր փորձով որոշակի ճանապարհ է անցել, եւ այս ոլորտին առնչվող բարեփոխումները կուսակցությունը ոչ թե զրոյից է սկսելու, այլ շարունակելու է սկսած գործը, եւ այն բոլոր բացերը, որ առկա են ոլորտում, ՀՀԿ-ն փորձելու է շտկել հետագա 5 տարիների ընթացքում»:

ՀՀԿ-ի ծրագրում նախատեսված է բնակչության բոլոր շերտերի համար բժշկական ծառայությունները նախեւառաջ դարձնել հասանելի. «Հասանելի դարձնելը չի նշանակում, որ բոլորի համար կամ բոլոր ծառայությունները պետք է լինեն անվճար: Առաջին հերթին անվճար կլինեն այն ծառայությունները, որոնք ուղղված կլինեն ամբողջ ազգաբնակչության առողջության պահպանմանը՝ այստեղ գերակա են հանրային առողջության պահպանման միջոցառումները, ինչպես օրինակ՝ վարակիչ հիվանդությունների դեմ ուղղված կանխարգելիչ պատվաստումները եւ այլն: Մյուս գերակա խնդիրը պետք է լինի բացառապես անվճար բժշկական ծառայությունների ընդլայնումը եւ որակի բարելավումը ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում, այսինքն՝ առողջության առաջնային պահպանման եւ առաջնային բուժօգնության օղակում»,- մեկնաբանեց Ա. Բաբլոյանը: Ըստ նրա, առաջիկա 5 տարիներին պետք է ընդլայնել ընտանեկան բժշկի ինստիտուտը, առավելապես՝ գյուղական վայրերում, ապահովել համապատասխան որակյալ կադրերով՝ նրանց համար ստեղծելով պատշաճ աշխատանքային եւ սոցիալական պայմաններ:

Մեր հարցին, թե շտապօգնության ծառայությունը, որը նույնպես կոչված է առաջնային շտապ բուժօգնություն ցուցաբերել, այսօր ունի որոշակի թերություններ, եւ այդ ուղղությամբ ձեր ծրագիրը ինչ-որ բան նախատեսո՞ւմ է, Ա. Բաբլոյանը պատասխանեց. «Առողջապահության զարգացման ծրագրում կա մեծ հատված, որի հեղինակն է պրոֆեսոր Արա Մինասյանը՝ նա տարիներ շարունակ ղեկավարել է այդ ծառայությունը: Ըստ ծրագրի, շտապօգնության ծառայությունը պետք է բարելավել ոչ միայն մեքենաներ կամ սարքավորումներ հատկացնելով, այլեւ այստեղ լուրջ բարեփոխումներ են նախատեսվում: Նախեւառաջ այս ծառայությունը պետք է ընդլայնվի՝ ընդգրկելով հեռավոր գյուղական բնակավայրերը, բոլոր հիվանդանոցներում պետք է ստեղծվեն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ։ Բացի այդ, այս գործընթացին պետք է ներգրավվեն ոստիկանության, փրկարարական եւ վթարային ծառայությունների համապատասխան աշխատակիցները, որոնք կանցնեն անհրաժեշտ ուսուցում: Հեռավոր մարզերի հիվանդանոցներում բարդ իրավիճակներ առաջանալու դեպքում ծրագիրը նախատեսում է, որ մայրաքաղաքի առաջատար մասնագիտացված բուժհիմնարկները պետպատվերի շրջանակում համապատասխան մասնագիտական կազմով եւ սարքավորումներով մեկնեն մարզ՝ բուժօգնությունը տեղում կազմակերպելու համար»: Մեր այն դիտարկմանը, թե կուսակցությունն իր ծրագրում ներառել է, որ սոցիալապես անապահով անձանց բուժօգնությունը մատուցվելու է բացառապես պետպատվերի շրջանակներում, ինչպե՞ս եք դա երաշխավորելու, սրան ի պատասխան պարոն Բաբլոյանն ասաց. «Մի կողմից նախատեսվում է պետբյուջեից առողջապահության ոլորտի հատկացումների ավելացում, իսկ մյուս կողմից՝ բուժական հաստատությունների միջեւ պետպատվերի տեղաբաշխման եւ ֆինանսավորման կոնկրետ սկզբունքների սահմանում: Սա նշանակում է, որ եթե պետությունն ավելացնում է իր հատկացումները բժշկական հաստատությանը՝ սոցիալապես անապահով անձանց բուժման պայմանները բարելավելու նպատակով, նա այսուհետեւ չի հանդուրժի կողմնակի վճարումներ»:

Ըստ Ա. Բաբլոյանի, այս գործընթացը արդյունավետ չի լինի, եթե ՀՀԿ-ն չանդրադառնա բուժաշխատողների մասնագիտական եւ սոցիալական խնդիրներին. «Պետք է կարողանանք ստեղծել մի մթնոլորտ, որտեղ բուժաշխատողը գնահատված եւ հասարակության մեջ հարգված լինի, իսկ հիվանդն էլ լինի ուշադրության կենտրոնում եւ որակյալ բուժում ստանա: Հենց սրան է ուղղված «Քեզ համար, Հայաստան» ՀՀԿ-ի ծրագիրը»: Ա. Բաբլոյանը կարեւորեց նաեւ հետդիպլոմային շարունակական կրթության մատչելիության հարցը. «Այս առումով մեր ծրագրում լուրջ մշակումներ կան որի հեղինակն է պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, որը նախատեսում է հետդիպլոմային շարունակական կրթության որոշակի ապակենտրոնացում դեպի մարզային բազաներ եւ կրեդիտային համակարգի ներդրում»:

Մեր այն հարցին, թե դուք 1991-97թթ. զբաղեցրել եք առողջապահության նախարարի պաշտոնը, հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ից առաջադրվելով՝ նպատակ ունեք կրկին դառնալ նախարար, պարոն Բաբլոյանը պատասխանեց. «Ես իմ առաջիկա 5 տարիների աշխատանքը տեսնում եմ օրենսդրական դաշտում: Ինչ վերաբերում է նախարարի պաշտոնին, ապա ՀՀԿ-ն իր կազմում ունի առողջապահության հմուտ կազմակերպիչներ, որոնց կարող է օգտագործել: Ոլորտի զարգացումը ես տեսնում եմ օրենսդիր ու գործադիր մարմինների եւ մասնագիտական ու հասարակական կազմակերպությունների համագործակցության մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել