Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ը ՉԻ ՎՀԱՏՎՈՒՄ

Մայիս 02,2007 00:00

ՕԵԿ-Ը ՉԻ ՎՀԱՏՎՈՒՄ

Վերջին օրերին «Օրինաց երկրի» քարոզարշավային խիստ բազմամարդ հանդիպումներից կարելի է եզրակացնել, որ այս կուսակցության դեմ երկրի ղեկավարի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարի կոչերը կարծես ունեցել են ճիշտ հակառակ ազդեցություն:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 27-ին ԵՊՀ-ում գաղտնալսման պատմությանն անդրադառնալով՝ ՕԵԿ շարքային անդամներին հորդորել էր. «Պետք է իրենք շատ լուրջ մտածեն, թե ում են ծառայել, ինչի համար»: Գալուստ Սահակյանն էլ ապրիլի 28-ին «Ազդակ» ակումբում հայտարարել էր, թե պարզապես շատ հիասթափված կլինի, «եթե ժողովուրդն իր գնահատականը չտա»:

Երեկ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Շենգավիթի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը նաեւ ներկա էին ՕԵԿ բազմաթիվ շարքային անդամներ: Եվ հավաքվածներն առանձնակի ջերմությամբ էին ողջունում «Օրինաց երկրի» նախագահին եւ փոխնախագահներին՝ նրանց ելույթներն ուղեկցելով ծափերով եւ «Օ-րի-նաց», «հաղ-թա-նակ» վանկարկումներով: Իրենք՝ ՕԵԿ առաջնորդներն էլ ողջ պահվածքով փորձում էին ցուցադրել, թե տեղի ունեցածը բնավ չի ընկճել իրենց: Ասենք, առաջին անգամ տեսանք, որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը բարձրախոսով ձայնակցի «Հենց այսպես էլ ապրում ենք, օրինաց մեր երկրում» երգին: Այս հանդիպմանը շատերը հագել էին «Օրինաց երկիր» մակագրությամբ նարնջագույն եւ սպիտակ շապիկներ: Եվ այդպես հագնված մի դպրոցահասակ երեխա արտասանեց. «Օրինաց երկիր, օրենքի երկիր/ Միշտ գործուն եղիր ու մեզ պաշտպանիր,/ Ուղեցույց եղիր շատերի համար,/ Օրենք սահմանիր մեր երկրի համար,/ Դու չվհատվես ու չնահանջես,/ Վստահ քայլերով միշտ կգրոհես,/ Թող որ մեծանամ, չափահաս դառնամ/ Արթուր օրինաց՝ ես շտապով կգամ, քվես քեզ կտամ:/ Արթուր Բաղդասարյան՝ Ձեզ շատերն են հալածել ու փորձության ենթարկել:/ Սակայն Դուք չեք վհատվել:/ Եվ ամեն անգամ՝ Դուք մեր թիկունքին սատար եք կանգնել:/ Դրա համար էլ այսօր, այս պահին,/ ու ճիշտ այս ժամին մի հոծ բազմություն ձեզ մոտ է եկել,/ Որ ձեզ հետ քայլի ճիշտ ճանապարհով,/ որ ձեզ սատարի նա ամեն հարցով,/ որ ձեր ճշմարիտ խոսքը ունկնդրի,/ եւ մեր երկիրը ծաղկուն դարձնի»:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նման ելույթներից հետո նկատեց, թե իրենց դեմ «սեւ, կեղտոտ քարոզչությունը հակառակ էֆեկտն է ունեցել: Այդ քարոզչությունը մարդկանց մոտ առաջացնում է ատելություն եւ մեծ աջակցություն ՕԵԿ-ին»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել