Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են խախտումներ

Մայիս 02,2007 00:00

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկանք է հրապարակել իրենց դիտարկման արդյունքների վերաբերյալ:

Ներկայացնում ենք որոշ մանրամասներ Արթուր Սաքունցի ղեկավարությամբ գործող այդ գրասենյակի տեղեկանքից՝ թիվ 30 ընտրատարածքում արձանագրված խախտումների վերաբերյալ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գրիգոր Լուսավորչի 39/1 հասցեի բնակիչների համար կազմակերպել է անվճար իրավաբանական խորհրդատվություն (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով):

ՀՅԴ պաստառները փողոցում բաժանել են անչափահաս երեխաները (արգելվում է «Գովազդի մասին» օրենքի 14 հոդ. 3-րդ կետով):

ԲՀԿ-ն Տարոն 2 հասցեում տեղակայված նախընտրական շտաբից 2 ընտանիքի տալիս է 1 մեծ պարկ ալյուր: Շտաբի ղեկավարը յուրաքանչյուր ընտանիքին 5 կգ է տվել (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով):

ՀՀԿ ներկայացուցիչներն առաջարկում են 5000 դրամ 1 ձայնի դիմաց (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով):

ՄԱԿ-ի գրասենյակում քաղաքացիների կողմից սոցիալական հարցերի լուծման համար դիմում-խնդրանքներ են հավաքում (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով):

Գազի գրասենյակի աշխատակիցներին կարգադրել են ստորագրություններ հավաքել Հանրապետական կուսակցության օգտին: Յուրաքանչյուր աշխատող պետք է ներկայացնի 10 ստորագրություն եւ անձնագրի տվյալներ:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանդիպել է թիվ 15 մանկապարտեզի ծնողների հետ եւ խնդրել ընտրել ՀՀԿ-ին (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ կետով):

«Գուգարք» պոլիկլինիկայում Լոռու մարզպետը հանդիպում է կազմակերպել աշխատակիցների հետ՝ հորդորելով քվեարկել ՀՀԿ-ի օգտին (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ կետով):

ԲՀԿ ներկայացուցիչները Տարոն 2 թաղամասի բնակարաններ են բերել ինչ-որ ծրարներ եւ կուսակցության կնիքով փաստաթղթի վրա լրացրել են ընտանիքի անդամների անձնական տվյալները:

ՀՅԴ Աղայան փողոցի նախընտրական շտաբներից բնակիչներին 5000 դրամ նախընտրական կաշառք են բաժանում (արգելվում է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետով):

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԲՀԿ-ն յուրաքանչյուր աշխատողի՝ ստորագրությունների հավաքման համար, վճարում է 15.000 դրամ:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՄԱԿ-ը 25000 դրամ է վճարում իր նախընտրական շտաբներում աշխատողներին, որոնք պաշտոնապես գրանցված չեն:

Հովհ. Աբելյանի անվան թատրոնում Հանրապետական կուսակցությունը եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը հրավիրել են «Կոմիտասի անվան քառյակին»: Համերգից հետո նախընտրական քարոզչությամբ հանդես է եկել Վահրամ Բաղդասարյանը:

Պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանը «Մխիթար-Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում կայացած հանդիպմանն արգելել է մասնակցել լրագրողներին («ԶԼՄ մասին» օրենքի 4-րդ հոդվածի, 3-րդ կետի, 4-րդ մասի խախտում):

Տարբեր թաղամասերի քաղաքացիների կողմից տրված տեղեկատվությամբ, Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբներին քաղաքացիները ներկայացնում են սոցիալական տարբեր տեսակի խնդիրների լուծման կապակցությամբ դիմումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել