Նախկին ՀԺԿ-ականը աշխատել է հօգուտ իշխանությունների
ՀԺԿ Դավիթաշենի տարածքային կառույցի անդամները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ «Արդարություն» դաշինքի կողմից հանձնաժողովի անդամ Արմեն Երանյանը վաղուց իրենցից խույս է տալիս, իրենց զանգերին չի պատասխանում: Գնացել են Արմեն Երանյանի տուն, վերջինիս կինը միշտ ասել է, թե Արմենը տանը չէ: ՀԺԿ-ականների ուզածն այն էր, որ համոզեն Արմեն Երանյանին՝ վերջապես իր դիմումի համաձայն ազատի զբաղեցրած տեղը հանձնաժողովում, որպեսզի ՀԺԿ-ն հնարավորություն ունենա հանձնաժողովում նշանակել ազնիվ եւ նվիրված մարդկանց: Դեռ սահմանադրական հանրաքվեի օրվանից Արմեն Երանյանը հեռացվել էր ՀԺԿ-ից, քանի որ աշխատել է ոչ թե հօգուտ ընդդիմության եւ ՀԺԿ-ի, այլ կատարել է իշխանությունների պատվերը: ՀԺԿ-ական Վարազդատ Ալոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես Արմենենց տուն գնացել եմ բազմիցս, միշտ զանգել ենք, բայց նա չի արձագանքել, քանի որ մաս-մաս ծախվել է: Վերջին անգամ իրենց տուն ենք գնացել ես եւ Անահիտ Նազարյանը, դա ապրիլի 26-ի ժամը 14-ին էր, կինը դուռը բացեց, մեր բարեւն անգամ չառավ, ինչ-որ տեղ գնաց, հետո եկավ եւ ասաց, որ Արմենը տանը չէ»: Ընկերները վստահ են, որ Արմեն Երանյանը «Արդարության» տեղերը դարձյալ «հանձնել» է իշխանություններին, մասնավորապես՝ ՀՀԿ-ին: Անահիտ Նազարյանը եւս հաստատեց Վարազդատ Ալոյանի պատմածները, ասաց, որ ինքը եւս բազմիցս փորձել է գտնել Արմեն Երանյանին՝ պարզելու իրենց հետագա անելիքները, սակայն Երանյանը միշտ «փախուստի» մեջ է եղել:
Խոսեցինք նաեւ Արմեն Երանյանի հետ, որն ի վերջո համաձայնեց զրույցի մի մասը ձայնագրել: Նա ասաց, որ ուղղակի ցավ է ապրում, որ իրեն հեռացրել են ՀԺԿ-ից եւ իր՝ Հանրապետականի համար աշխատելու մասին տեղեկությունները համարեց հերյուրանք. «Ես կարեկցում եմ էդ մարդուն, որ իմ մասին այդպիսի բան է տարածում: Սա առաջին անգամ չէ, որ ես հեռվից եկող լուրեր եմ լսում իմ մասին»: Պարոն Երանյանը պատմեց, թե ինքը ինչ է արել հանձնաժողովի նիստում. «Ի՞նչ ասել է խոչընդոտել, կա քվեարկություն գրանցամատյանում, խնդրում եմ դուք ուղղակի տեսեք, թե ես ինչպես եմ քվեարկել, ես քվեարկել եմ ձեռնպահ, ես ասացի էլ, թե ինչու եմ ձեռնպահ քվեարկում»: Քիչ անց պարոն Երանյանը փորձում էր ապացուցել, որ ինքը վաղուց արդեն հանձնաժողովի նիստերին չի մասնակցում, քանի որ դիմում է գրել հանձնաժողովից դուրս գալու մասին: Ուրեմն, ո՞ր նիստում է ինքը «ձեռնպահ» եղել: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր Արմեն Երանյանը խուսափում հանդիպել ՀԺԿ-ականներին: Ասաց, որ ինքը բազմազբաղ է. «Իմ ընկերները եկել են մեր տուն էն օրերին, երբ ես բացակայել եմ տնից, իմ անձնական գործերով զբաղված եմ եղել, եւ այդ մասին հանձնաժողովում պետք է որ իմացած լինեին: Ես ի սկզբանե հիասթափվել եմ եւ չուզեցի մասնակից լինել: Երկու ամիս առաջ ես ներկայացել եմ հանձնաժողով, մասնակցել եմ նիստերին, համոզված էի, որ ինչ-որ կերպ պիտի արձագանքեին, ասեին՝ Արմեն, դու հայտնվել ես, ի՞նչ ենք անելու, ԱԺ ընտրություններ են գալիս: Բացարձակ լռություն, ու մեկ էլ հանկարծ վերջին երկու օրը ինչ- որ էքստրաօրդինար բաներով ինձ փնտրում են, երբ ես վաղուց այնտեղ չեմ հաճախում, որովհետեւ իմաստ չտեսա, որովհետեւ բացարձակապես չկար թիմ, որը պետք է հանձնաժողովի մակարդակով լիներ: Ես չեմ ուզում ոչ մի ցուցակի տակ ստորագրություն դնել, ես չեմ ուզում մասնակցել այս շոուին»:
Այս խոսակցությունից հետո խոսեցինք նաեւ թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բարսեղյանի հետ: Նա ասաց, որ Արմեն Երանյանը մասնակցում է նիստերին եւ վերջին՝ ապրիլի 27-ի նիստին եւս ներկա է եղել: Պարոն Բարսեղյանը չթաքցրեց, որ ՀԺԿ-ին հատկացված հանձնաժողովի անդամների փոխարեն ինքը նշանակել է իր թեկնածուներին՝ անկուսակցականների: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահը ՀՀ նախագահի ներկայացուցիչն է: ԿԸՀ-ում «Արդարությունը» ներկայացնող Ֆելիքս Խաչատրյանը ստեղծված իրավիճակը այսպես գնահատեց՝ «ԸՕ»-ն հնարավորություն չի տալիս ետ կանչել հանձնաժողովների անդամներին, անդամները պետք է հեռանան սեփական դիմումի համաձայն, եւ իրենք շատ լավ տեղյակ են, թե ինչ է կատարվել թիվ 5 ընտրատարածքային հանձնաժողովում: Ասաց նաեւ, որ Արմեն Երանյանի այդ «դիմում» կոչվածը պարզապես աշակերտական տետրի թղթի վրա գրված մի քանի տող էր, եւ Երանյանին առաջարկել են օրենքի ընդունված կարգով նոր դիմում գրել, սակայն վերջինս այդ բանը չի արել. «Այդ դիմում կոչվածը գրվել էր 2005-ի դեկտեմբերին, ինձ մոտ բերել են 2006-ի հուլիսին, ես էլ ասացի՝ էս դիմումը որ ես տանեմ նախագահի աշխատակազմ, կասեն՝ ինչո՞ւ է ձեր կուսակցությունը դիմումը 8 ամիս հետո բերում, էն էլ էդ կարգի թղթի վրա: Ես Արմենին հարյուր անգամ զանգել եմ՝ չի վերցրել: Եթե դիմում գրող էր, թող նոր ամսաթվով մաքուր դիմում գրեր, չի արել»: Երեկ Արմեն Երանյանն ասաց, որ ինքը պատրաստ է նորից գրել այդ դիմումը, եթե իր նախորդ գրածն անընդունելի է: Եթե այդ նոր դիմումը գրվի, իսկ նախագահի ներկայացուցիչ հանձնաժողովի նախագահի կողմից նշանակված հանձնաժողովականները (մոտ 33 մարդ) դիմում գրեն դուրս գալու մասին, ապա ՀԺԿ-ն դեռ ժամանակ ունի նոր հանձնաժողովականներ նշանակել թիվ 5-ում:
Հ. Գ. Արմեն Երանյանը երեկ մեր զրույցից հետո զանգել է իր գործընկերներին եւ հանդիպել է նրանց՝ փորձելով ինքն իրեն արդարացնել: Ընկերները պահանջել են, որ Արմեն Երանյանը նոր դիմում գրի եւ դուրս գա հանձնաժողովից: Պարոն Երանյանը դիմում չի գրել: Այս մասին մեզ տեղեկացրեց Անահիտ Նազարյանը։