Մայիսի 3-ին ՀԱՕԿ-ի, ՀՀ սպորտպետկոմի եւ Ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնում է Թբիլիսի, այնտեղից՝ Բաքու, որտեղ ՄՕԿ-ի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) պաշտոնական ներկայացուցիչների, Ադրբեջանի իշխանությունների եւ մարզական ղեկավարության հետ քննարկելու է սեպտեմբերի 17-23-ը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ազգային հավաքականների մասնակցության հնարավորությունների հետ առնչվող խնդիրները:
Կայանալիք այցի մանրամասների մասին «Առավոտը» զրուցեց պատվիրակության անդամ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանի հետ:
– Պարոն Ստեփանյան, փաստորեն, 1988 թվականից հետո սա Հայաստանի առաջին պատվիրակության պաշտոնական այցն է հարեւան հանրապետություն: Որքանո՞վ էր դրա անհրաժեշտությունը զգացվում:
– Հայտնի է, որ Հայաստանի ըմբիշները 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու լուրջ նպատակներ ունեն: Դրա համար ազատ եւ հունահռոմեական ոճերի մեր ազգային հավաքականները կազմել են նախապատրաստության հիմնավոր ծրագիր՝ պլանավորելով մասնակցել նախաօլիմպիական տարում ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացվելիք միջազգային բոլոր մրցումներին: Հայտնի է նաեւ, որ օլիմպիական ուղեգրերի առյուծի բաժինը խաղարկվելու է աշխարհի առաջնությունում: Վարկանիշ տրվում է յուրաքանչյուր քաշային կարգում 1-8-րդ տեղերն զբաղեցնողներին: Սակայն անցած տարի 2007 թվականի միջոցառումների ծրագիրը հաստատելիս ՖԻԼԱ-ն նպատակահարմար գտավ աշխարհի առաջնությունն անցկացնել Բաքվում՝ այդպիսով մեծ հարցականի տակ դնելով աշխարհի առաջնությանը, հետեւաբար նաեւ՝ օլիմպիական խաղերին Հայաստանի ըմբիշների ներկայության հեռանկարները: Ըմբշամարտը միշտ էլ Հայաստանում ուժեղ է եղել: Մենք տվել ենք օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ: Այնպես որ, չէինք կարող համակերպվել Պեկինում օլիմպիական խաղերում մասնակից ըմբիշ չունենալու մտքի հետ:
– Բայց կան նաեւ վարկանիշային այլ մրցաշարեր:
– Նույն ՖԻԼԱ-ի որոշմամբ՝ այն երկրները, որոնք չեն մասնակցի աշխարհի առաջնությանը, զրկվում են նաեւ եկող տարի կայանալիք վարկանիշային մրցումներին, այդ թվում նաեւ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Իհարկե, Հայաստանը ՖԻԼԱ-ի ղեկավարությանը տեղյակ պահել էր մեր եւ հարեւան երկրի միջեւ գոյություն ունեցող քաղաքական լարված իրավիճակի մասին, որը գրեթե բացառում է Հայաստանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այն առումով, որ մենք դրա դառը փորձն արդեն ունենք: Մասնավորապես, 2003 թվականին ըմբշամարտի մեր հավաքականները չմասնակցեցին նույն Բաքվում նշանակված Եվրոպայի առաջնությանը, բռնցքամարտիկները, թաեքվանդոյիստները եւ այլ մարզաձեւերի մեր ներկայացուցիչները տարբեր ժամանակներում զրկվել են միջազգային խոշոր մրցումների մասնակցելու հնարավորությունից: Հիմա էլ ֆուտբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների՝ Բաքվում կայանալիք հանդիպումներն են օրակարգում: Ադրբեջանին ցանկալի չէ մեզ տեսնել իրենց երկրում, առավել եւս՝ կատարել նման կարգի մրցումների ժամանակ պարտադիր համարվող պահանջները: Դրա համար էլ անցած տարիների ընթացքում պատճառաբանել է, թե չի կարող երաշխավորել Հայաստանի մարզական պատվիրակությունների անդամների անվտանգությունը: Բայց ըմբշամարտի աշխարհի այս առաջնությունը տարբերվում է մյուսներից: Այստեղ օլիմպիական խաղերին երկրի մասնակցության խնդիր կա:
– Ինչպե՞ս նրանք համաձայնեցին ընդունել Հայաստանի մարզական պատվիրակությանը:
– Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը եւ Սպորտպետկոմը պաշտոնական նամակներով մշտապես դիմել են ՖԻԼԱ՝ մանրամասն նկարագրելով, թե ինչը կարող է խոչընդոտել աշխարհի առաջնությանը մեր մասնակցելուն: ՖԻԼԱ-ն իր հերթին բանակցել է Ադրբեջանի իշխանությունների, մարզական ղեկավարների (Իլհամ Ալիեւը նաեւ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է) հետ: Վերջիններս, ըստ երեւույթին, այս անգամ ըմբռնելով խնդրի լրջությունը եւ աշխարհին ժողովրդավար երկիր ներկայանալու նպատակով՝ ՖԻԼԱ-ին եւ ՄՕԿ-ին նախնական համաձայնություն են տվել, թե կապահովեն Հայաստանի հավաքականների բնականոն մասնակցությունն աշխարհի առաջնությանը եւ պատրաստ են խնդրի շուրջ բանակցել: Սակայն խորհրդակցելով ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, բոլորովին վերջերս պաշտոնական նամակով դիմեցինք ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեին, որպեսզի մեր բարձրացրած հարցերն ավելի մանրամասն ու խորն ուսումնասիրվեն: Մասնավորապես, առաջարկել ենք քննարկել, թե ինչպե՞ս է ՄՕԿ-ը տեսնում 10-15 հազար մարզասերների ներկայությամբ մեր հավաքականների հոգեպես նորմալ մասնակցությունն աշխարհի առաջնությանն այնպիսի մի երկրում, որի հետ եղել է պատերազմական իրավիճակ եւ երկու կողմերից էլ՝ մարդկային զոհեր: Ռոգեի հանձնարարությամբ Բաքվում կայանալիք բանակցություններին մասնակցելու են ՄՕԿ-ի միջազգային կապերի եւ երկրների փոխհարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչը, ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետին: Հայաստանից բանակցություններին մասնակցելու են նաեւ Սպորտպետկոմի նախագահի տեղակալ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ըմբշամարտի ֆեդերացիայից՝ օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը: Իսկ թե Ադրբեջանից ովքե՞ր կլինեն, չեմ կարող ասել:
– Հայաստանն ի՞նչ հարցեր է դնելու քննարկման:
– Սկսած փաստաթղթերի ու հայտերի ներկայացման ժամկետների, մաքսավորների եւ սահմանապահների մոտով Ադրբեջանի տարածք Հայաստանի մարզական պատվիրակության մուտքի պահից մինչեւ առաջնությունից հետո սահմանը ետ հատելը խնդիրներ կամ սադրանքներ չլինելը, մրցումների ընթացքում (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, մարզումներ, բուն մրցումներ, հանգստի կազմակերպում եւ այլն) մեր մարզիկների համար համապատասխան մթնոլորտ ստեղծելը, պատվիրակության յուրաքանչյուր անդամի լիակատար անձեռնմխելիություն ապահովելու երաշխիքները: Պահանջելու ենք, որպեսզի Ադրբեջանը կատարի միջազգային կանոնակարգով սահմանված արարողակարգային պահանջները: Ըստ դրանց, աշխարհի առաջնությունների ժամանակ մրցման վայրում պարտադիր պետք է կախված լինեն բոլոր երկրների պետական դրոշները: Բացի դա, ի պատիվ մրցանակային տեղ գրաված մարզիկների, դահլիճում բարձրացվելու են տվյալ երկրների դրոշները: Իսկ եթե մեր ըմբիշը դառնա հաղթող, դահլիճում հնչելու է նաեւ Հայաստանի օրհներգը, որի ժամանակ հանդիսատեսները պետք է ոտքի կանգնեն: Հիմնականում այս եւ բանակցությունների ընթացքում առաջանալիք հարցերի կատարման խնդիրներն ենք դնելու թե Ադրբեջանի, թե ՄՕԿ-ի եւ թե ՖԻԼԱ-ի առջեւ:
– Հավատո՞ւմ եք, որ բանակցությունները հաջող կավարտվեն:
– Անկեղծ ասած, խիստ կասկածում եմ: Բայց եկեք ժամանակից առաջ չանցնենք: Բանակցությունների ավարտին ստորագրվելու են համապատասխան պաշտոնական փաստաթղթեր: Եթե Ադրբեջանը ստորագրեց, պարտավոր է լինելու կատարել բոլոր կետերը: Իսկ եթե չստորագրի կամ հետագայում հրաժարվի, դա արդեն նրանց խնդիրն է: Մեր պահանջները քաղաքականության հետ որեւէ առնչություն չունեն, զուտ մարզական են՝ ընդունված ու գործող ամբողջ աշխարհում: