Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Մայիս 01,2007 00:00

\"\"Թատրոնների սակավաթիվ ներկայացումները «հակամշակութային» տնօրենների հաշվետվություններում «լրացվում» են շենքերի վարձավճարների հաշվին:

Անընդհատ փոփոխվող նախարարները շարունակաբար խոստանում են մշակութային օրենքներ, սակայն, ի վերջո, այդ ամենը մնում է բարի ցանկությունների շրջանակում: Մշակույթի նախարարության անվճռականությունն ու Ազգային ժողովի անտարբերությունն իրենց ավերիչ գործն արդեն արել են, հատկապես մեծ հարված հասցնելով թատրոնին, առավելապես՝ մարզայիններին, որոնք անցնելով տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո, վերածվել են ինքնագործ խմբերի: Չնայած թատերարվեստի որոշ պատասխանատուներ էլ ասում են, թե ճիշտը սա է, եւ որ կամաց-կամաց պիտի գնանք թատրոնների ապապետականացմանը, հանրապետությունում պահպանելով միայն 4- 5 թատրոն, քանի որ երկիրը չի կարող պահել բոլորին: Ինչ վերաբերում է սուբսիդիա ասվածին, այն ընդամենը գոյատեւման երաշխիքն է, քանի որ ծանրության հիմնական բեռը թատրոնների «ուսերին» է մնում: Վերջիններս վերածվելով պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, պարտավոր են ինքնուրույն լուծել բազմաթիվ հարցեր, հասնել անձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը, նոր ներկայացումների բեմադրական ծախսերի հայթայթմանը, հարկերի վճարմանը եւ այլն: Իրենց ղեկավարած օջախի գոյությունը պահպանելու համար թատրոնների տնօրենները, որոնց մեծ մասը մշակույթի հետ կապ չունի, թեեւ համապատասխան մրցույթով են անցել, առաջնահերթությունը տալիս են ոչ թե ներկայացումների կազմակերպմանը, այլ շենքը այս կամ այն կազմակերպության միջոցառումների համար վարձակալությամբ տրամադրելուն: Անգամ Գ. Սունդուկյանի եւ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոններն են հաճախ վերածվում մշակութային պալատների՝ իրենց բեմը տրամադրելով ցածրաճաշակ արվեստի: Տնօրենները «հնարամտության» են դիմում՝ վարձակալությունից ստացված գումարները ձեւակերպելով որպես ներկայացումների տոմսերի վաճառքից եկամուտ:

Մշակույթի նախարարությունից այս առիթով մեզ հայտնեցին, որ գործարքն առավել հավաստի դարձնելու համար թատրոնների ղեկավարները հաճախ գրանցում են բեմադրությունների այնպիսի վերնագրեր, որոնց պիեսների հեղինակները դասականներ են կամ կյանքից վաղուց հեռացած թատերագիրներ: Միեւնույն է՝ ստուգող չկա, պիեսի մեռած հեղինակն էլ չի բողոքի: Մշակույթի նախարարությունում էլ «ձեւ են անում», թե չեն նկատում այս ամենը: Այդպիսով, ստացվում է, որ թատրոնները կատարում են հանդիսատեսային եւ մուտքային պլանները եւ իբր ապահովված է լինում ներկայացումների քանակը:

Մշակույթի հետ կապ չունեցող տնօրենների գոյությունը բնավ էլ զարմանալի չէ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի «ֆոնի» վրա: Այդ պաշտոնն այլեւս մետալուրգ Վարդան Բարսեղյանինն է, ով այդտեղ աշխատելու համար հայտարարված մրցույթում բավարար միավորներ է հավաքել, սակայն, ըստ նախարարության մեր աղբյուրների, մշակույթ ոլորտից բոլորովին գլուխ չի հանում: Ճիշտ է, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ կենսաբան է, բայց ԱՕՔՍ-յան անցյալը նրան գոնե ինչ-որ առումով «մշակութային» է դարձրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել